ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հուլիսի 27-ից կալանավորված էր, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը: Այսինքն՝ ոչ թե փոխվել է նրա խափանման միջոցը, այլ այն պարզապես վերացվել է: Մասնագետները, սակայն, պնդում են՝ անձեռնմխելիությունը չի գործում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում: Այս առումով պատահական չէ, որ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը որակել է ապօրինի: ՀՔԾ պնդմամբ` դատարանը դուրս է եկել լիազորություններից: Միաժամանակ ՀՔԾ-ն մարմինը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք այդ հարցը կքննարկեն որոշումը ստանալուց հետո, եւ այդ ժամանակ պարզ կլինի իրենց քայլերը:
Ինչեւէ, սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի որոշմանը հասարակությունը խիստ բացասաբար կարձագանքի. երեկ դժգոհությունների, քննադատությունների տարափ էր: Մանավանդ, նախկին նախագահին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1998-1999 եւ 2001-2006թթ, աշխատել է նրա աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ: Ու տեսակետ կա, որ նրա որոշման վրա հենց այդ հանգամանքն է դեր խաղացել: Սակայն անկախ Քոչարյանին ազատ արձակելուց` նկատենք՝ նա մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում: Ասել է թե` տեղի ունեցածը դեռ չի նշանակում, որ ազատ արձակվելուց հետո նա պատասխանատվության չի ենթարկվի: Եւ հետո, նրան 17 օր կալանքի տակ պահելով, ըստ էության, նոր իշխանությունները ցույց տվեցին, որ անձեռնմխելի մարդիկ չկան, եւ որ անգամ նախկինում նախագահի կարգավիճակը կալանքից եւ պատասխանատվությունից ազատվելու երաշխիք չէ: Մեկ փաստ էլ. չնայած հասարակության մի զանգված չընդունեց երեկ տեղի ունեցածը, բայց այն մեկ այլ դրական նշանակություն էլ ունի. այսպես ցույց տրվեց, որ դատական իշխանությունը նախկինի նման չի առաջնորդվում գործող իշխանության թելադրանքով, այլապես հազիվ թե Քոչարյանին ազատ արձակեին:
Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխարհային բանկին Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործընթացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու եւ բավական երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարիներ տեւել: «Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել:
Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաեւ Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին: «Ես որեւէ բան չեմ մեկնաբանում»: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ մեր աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպատակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմակերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում: Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասինբարձրաձայնել համացանցում: «Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի:Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա: Եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ: «Շատ կարեւոր հարց է»,-սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց եւ պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»: Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»: Միայն թե, նախարարն անհաջող հումորների ու սոցիալական ցանցերում գերակտիվության փոխարեն ճիշտ կաներ ոլորտի խնդիրներով զբաղվեր, այլապես մի տեսակ տպավորություն է, թե բախտի բերումով կարեւոր պաշտոնին հայտնված անձնավորությունն իր գործողություններով վնասում է պետության հեղինակությանը:
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Միգուցե սխալված լինենք, բայց նկատենք՝ Հայաստանում այսօր հասարակությունը բանական խոսքը լսելու, միտքն ընկալելու, տրամաբանելու եւ վերլուծելու լուրջ խնդիր ունի: Փոխարենը հասարակությունը միանգամից տուրք է տալիս զգացմունքային հայտարարություններին ու հիմնախնդիրներին մոտենում ոչ այնքան տրամաբանության, որքան զգացմունքայնության տեսանկյունից:
Ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը նախկին իշխանություններն են: Վերջին քսան տարիներին ՀՀ իշխանություններն ամեն քայլափոխի արժեզրկել են խոսքը. մշտապես հրապարակային խոստացել են մի բան, բայց արել հակառակը: Այդ պատճառով էլ հասարակությունը սկսել է դիմացինին չլսել: Բացի այդ, այս տարիներին հետեւողականորեն իջել է հասարակության կրթական մակարդակը: Սա եւս նախկին իշխանությունների հետեւողական աշխատանքի արդյունքում. տարիներ շարունակ ուսումնական հաստատությունները վերածվել էին օրվա իշխանությանը սպասարկող, «ձայն բերող», ընտրակեղծիք կազմակերպող հիմնարկների: Նախկին իշխանությունների ստեղծած գաղջ մթնոլորտի հետեւանքով էր Հայաստանից մտքի արտահոսքը, երբ մասնագետները պարզապես լքեցին երկիրը:
Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցի ժամանակ իր ելույթներում մի քանի կարեւոր շեշտադրում է արել` վերհանելով ամենամեծ խնդիրները:
Նախ՝ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանն ունի մեկ փրկիչ՝ ՀՀ քաղաքացին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս աթիռ ունեցել է արձանագրելու, որ վերջին քսան տարում ՀՀ քաղաքացին օտարված էր իր պետությունից` վերածվելով ընդամենը բնակչի: Ու հիմա ողջունելի է, երբ վարչապետը փորձում է քաղաքացու մոտ արթնացնել երկրին տեր կանգնելու իրավունքի գիտակցությունը` միաժամանակ, խնդրելով քաղաքացուն օգնել «գողի ձեռքը բռնելիս», կոչ անելով ժողովրդից գողացողին բարեւ չտալ:
Փաշինյանը նաեւ կարեւորել է ուսում ստանալը, պրոֆեսիոնալ հմտությունները զարգացնելը, օտար լեզուների իմացությունը` ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը միայն դիպլոմ ունենալը չէ: Վարչապետն աշխատանք փնտրողներին այս պահին խորհուրդ է տվել ոչխար պահել, այն արտահանել, քանի որ նախկին արգելքներն ու մենաշնորհներն այլեւս չեն գործում: «Որովհետեւ մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ»,- ասել է նա: Ու վերջապես, Փաշինյանը հայտարարել է, թե ընտրակաշառք տվողները կձերբակալվեն ու կդատապարտվեն, եւ ընդհանրապես «Փողով ընտրություններ առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն»։
Մնում է` հասարակության գիտակցության մեջ արվի հեղափոխություն, եւ արմատավորվի այս ամենը: