Վերաքննիչ դատարանը երեկ փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Մինչ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն այդ մասին տեղեկացնում էր լրագրողներին, Քոչարյանն արդեն դուրս էր եկել դատարանից եւ մեկնել։ Պաշտպանի խոսքով` դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը` հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ Մարտի 1֊ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, Ձեզ համար սպասելի՞ էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումը։
-Բնականաբար, սպասում էինք։ Եթե չսպասեինք, մենք ստորագրություններով չէինք դիմի դատախազությանը։ Իհարկե, արդարադատությունը հաղթեց, եւ վճիռը ճիշտ է. հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ։
-Իսկ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար ինչո՞ւ ՀՀԿ-ն ստորագրահավաք չնախաձեռնեց։
-Մանվել Գրիգորյանի համար հատուկ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի արդյունքների մասին Դուք կտեղեկանաք։
-Այդ պատճառով չէի՞ք նախաձեռնել ստորագրահավաք։
-Նրա առողջությունը չի ներում, եւ նման հիվանդության տեր մարդուն ազատությունից չեն զրկում։ Դա բժշկի եզրակացությունն է։ Բայց չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել։ Համապատասխան փորձաքննություն է ընթանում։
-Բայց մինչեւ այդ, երբ Գրիգորյանը մեկ, երկու օր էր կալանքի տակ, ինչո՞ւ չդիմեցիք դատախազություն։
-Ամեն ինչ կարելի էր. մենք նպատակահարմարությանն ենք նայում, թե որ դեպքում ինչ ձեւով ենք շարժվում եւ ինչ որոշում ենք կայացնում։
-Այսինքն, Գրիգորյանին առնչվող բացահայտումներից ելնելով՝ ՀՀԿ-ն չցանկացա՞վ միջնորդել։
-Բնականաբար, այնտեղ պարզաբանելու խնդիրներ եւ հարցեր կային։ Եթե հիմնավորումներ կլինեն, հիմքեր կլինեն, առաջին քննադատողները մենք կլինենք, բայց անմեղության կանխավարկածը մենք բոլորս պետք է հարգենք եւ սպասենք քննության ավարտին։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի ներում, որ նա ազատազրկված լինի։ Նա լուրջ բուժման կարիք ունի։
-Նախկինում էլ Ձեր իշխանության շրջանում անձինք կային, որոնց առողջությունը չէր ներում, բայց իրենք բանտերում էին։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ ժամանակ չէր բարձրաձայնում դրա մասին։
-Բոլորի հետ կապված, եթե առողջական վիճակի հետ կապված խնդիրներ են եղել, համապատասխան եզրահանգումներն արվել են։ Այսքանը։
-Հիմա հույս ունե՞ք, որ Քոչարյանի դեմ հարուցված գործը կփակվի։
-Հույսերով արդարադատություն չեն վարում, եւ պետք է նայենք, որ օբյեկտիվ քննություն անցկացվի, ու հետեւենք իրադարձությունների զարգացմանը։
-Իսկ այն, որ սահմանադրական կարգի տապալումն է մեղադրանքը, ընդունելի՞ է Ձեզ համար, թե՞ ոչ։
-Պետք է ճշտվի՝ ում կողմից է սահմանադրական կարգը տապալվել, եթե եղել է այդպիսին։
-Եվ ո՞ւմ կողմից է եղել՝ ըստ Ձեզ, քաղաքական առումով եթե նայեք։
-Քաղաքական առումով պետք է նայել համապատասխան վկայությունները եւ գործի ընթացքը։
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյան
-Պարո՛ն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն արդարացվա՞ծ էր։
-Այդ որոշումը կարող եմ բնութագրել որպես խայտառակություն։ Ուրիշ ոչ մի բան։ Դա խայտառակություն էր Հայաստանի Հանրապետության դեմ։
-Չէի՞ք սպասում, որ դատարանի կողմից նման որոշում կլինի։
-Ամեն ինչ էլ ՀՀ-ում սպասելի է, քանի դեռ Հայաստանում արմատապես չի փոխվել ամեն ինչ, որ 20 տարի շարունակ այսպես այլանդակվել է։ Այսինքն` այս այլանդակությունները մի օրում չէին փոխվի, բայց պետք է հետեւողական քայլեր արվեն, որպեսզի ամբողջ պետական համակարգը փոխվի, դատաիրավականն էլ հետը։ Քանի դեռ այդ բարեփոխումներն արված չեն, միշտ էլ կարող են այսպիսի որոշումներ լինել։ Դրա համար ավելի կարեւոր են ամբողջ պետական համակարգը տոտալ մաքրելու քայլերը, քան թե սպասել՝ դատավորը բարոյապես ուղղվեց, թե չուղղվեց։ Չի լինելու այդպիսի բան։
-Փաստահավաք խմբի հայտնի ցանկում նշված չէր Ռուբեն Հայրապետյանի անունը, թեեւ բազմիցս շրջանառվել է, որ նրա անվտանգության աշխատակիցներն էլ են զինվորական համազգեստ ստացել եւ ներգրավված եղել Մարտի 1-ի գործողություններում։
-Այդ ցուցակը, որ աղբյուրով որ եկել է Փաստահավաք խումբ, դրա հետ Փաստահավաք խմբի անդամները որեւէ առնչություն չունեն։ Ուղարկել են, եւ մենք մեր գործունեության ընթացքում պարզապես ստուգել ենք՝ ում անունը կա, ումը՝ չկա։ Այդ նյութերը խմբին ուղարկվել են ՀԱԿ -ից Լեւոն Զուրաբյանի միջոցով։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Տրամաբանությունը հուշում է, որ մինչ այս շաբաթվա վերջ արդեն պետք է հստակ կլինեն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքապետերի թեկնածուների անունները: Բանն այն է, որ կառավարության օգոստոսի 16-ին կայանալիք նիստում Երեւանի ավագանու լիազորությունները կրճատվելու են, եւ նշանակվելու են արտահերթ ընտրություններ: Եվ մինչ շաբաթվա վերջ բոլոր ուժերն էլ կանեն վերջնական քննարկումները:
Այժմ թերեւս հայտնի է, որ ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ կուսակցությանը` Արարատ Զուրաբյանը: Դեռ անորոշ է «Ելք» դաշինքի մաս կազմող ուժերի մասնակցության ձեւաչափը. միայն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Հայկ Մարությանն է, իսկ ընտրություններին առանձին գնալու դեպքում «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների թեկնածուն էլ Արտակ Զեյնալյանն է: Օրերս Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ավագանու ընտրություններին իրենք հնարավոր է բոլորովին նոր դաշինքով մասնակցեն, բայց որ թեկնածուն Մարությանն է, աներկբա է:
Սակայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի քանակն այս անգամ շատ է լինելու: Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են նաեւ «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցությունները եւ այլք:
ՀՅԴ-ն իր թեկնածուի անունը կհրապարակի միայն ավագանու ընտրությունների օրը վերջնականապես հայտնի դառնալուց հետո: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Ժառանգություն» կուսակցությունը իր թեկնածուի շուրջ վերջնական որոշում կկայացնի շաբաթվա վերջին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ անուններ նշել, սակայն ընդգծեց, որ թեկնածուներ կան թե՛ կուսակցության կազմից, թե՛ դրանից դուրս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկվում է նաեւ հենց Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակը, սակայն վերջնական որոշումը կկայացվի շաբաթվա վերջին:
«Օրինաց երկիր» կուսակցության դեպքում եւս քննարկումները շարունակվում են: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, թե իրենց մոտ առկա է քաղաքապետի հինգ թեկնածու եւ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում: Այնուամենայնիվ, Շահգելդյանը խուսափեց նշել այդ հինգ թեկնածուների անունները: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հինգ թեկնածուների մեջ առկա է նաեւ Շահգելդյանի անունը, ով վերջերս բավական ակտիվ է նաեւ համացանցում եւ կարծես թե այդպիսով նաեւ քարոզչություն է անում: Մինչ այդ կուսակցությունում վերջնական որոշում կկայացնեն, Շահգելդյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ակնկալում են ազնիվ, ծրագրային պայքար` արժեքների վրա հիմնված:
Ինչ վերաբերում է նախկինում խորհրդարանական խմբակցույթուն ունեցած Հայ Ազգային Կոնգրեսին, ապա նրանք դեռ չեն որոշել մասնակցության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` շաբաթ օրը ՀԱԿ վարչության նիստ է եղել, հնչել են կարծիքներ ե՛ւ մասնակցելու, ե՛ւ չմասնակցելու մասին, սակայն վերջնական որոշում չի կայացվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ԱՂՔԱՏ ԿԻՆԸ
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ով այս պաշտոնին եկել է հիդրոէներգետիկայի ոլորտից, չի ներկայացրել ամուսնու` հայտնի գործարար Գրիգոր Գաբայանի պաշտոնական հայտարարագիրը: Նշենք, որ նրա ամուսինը «Հիդրոէներգետիկա» ընկերության սեփականատերն է: Փոխարենը տիկին Գաբայանը իրենն է ներկայացրել, ըստ որի` ունի մեկ հատ ամառանոց, մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան եւ «Volkswagen Passat 1.S.T.» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցը կազմում է ընդամենը 1 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարգրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 100 հազար դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 50 հազար 860 եվրո: Մինչդեռ նրա ընտանիքը ներգրավված է հիդրոէներգետիկ բիզնեսում: Ավելին՝ նրանք ընկերություններ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Բուլղարիայում եւ Ուկրաինայում: Նրանց պատկանող հայաստանյան ընկերությունները զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներով եւ շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Գաբայան ամուսինները կոմիտեն օգտագործում են ի շահ իրենց նպատակների: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Գրիգոր Գաբայանն է կնոջ փոխարեն որոշումներ կայացնում. օրվա մեծ մասն էլ կնոջ աշխատասենյակում է անցկացնում: Արդյունքում, աշխատակիցները չեն կարողանում իրենց ղեկավարի հետ համագործակցել, կոնտակտի դուրս գալ:
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԻՃԱԿ
Ազգային ժողովում դեռեւս արձակուրդային տրամադրություն է: Երեկ խորհրդարանի բակում տեղի ունեցավ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը: Սակայն գործող խորհրդարանի պատգամավորներից շատ քչերն էին ներկա` պայմանավորված հենց արձակուրդային շրջանով: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոոսի 10-ին, եւ այդ օրերին նախատեսված են մի շարք նախագծերի քննարկումներ եւ քվեարկություններ: Նախ խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահ, թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Բացի այդ, նախատեսված է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը: Այս երկու քվեարկություններն էլ տեղի կունենան փակ, գաղտնի: Նշենք, որ սա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու երրորդ փորձն է: Ընդ որում` մինչեւ հիմա ՍԴ երկու անդամների տեղերը թափուր են` հակառակ սահմանադրության պահանջի. չի ընտրվել նաեւ ՀՀ ՍԴ փոխնախագահը: Ասել է թե` ՍԴ-ում հակասահմանադրական վիճակ է: