Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օրեր առաջ նամակ է գրել Համաշխարհային բանկին, որը նպատակ ունի Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու:
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի եւ UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք է առկա, որը կոչվում է Stolen Asset Recovery Initiative։ Եվ Համաշխարհային բանկին գրված այս նամակը նպատակ ունի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալ:
Իսկ ի՞նչ է անելու նշված կազմակերպությունը եւ ինչպե՞ս է հնարավոր գողացված միջոցները հետ բերել: Նախ նշենք, որ The Stolen Asset Recovery Initiative-ը (Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնություն) առաջացել է Համաշխարհային բանկի ու Միացյալ ազգերի կազմակերպության համագործակցության արդյունքում:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրական է համարում այս քայլը` նշելով, որ իսկապես կարելի է արդյունքներ ակնկալել: «Այն պետությունները, որոնք բռնում են ժողովրդավարացման ուղին, եւ, ըստ էության, գալիս է լեգիտիմ իշխանություն եւ նման քայլեր է ձեռնարկում, Համաշխարհային բանկն, այո, ունի նման ընթացակարգ, գործընթաց. ծրագիր եւ ակտիվների ետ վերադարձի մեխանիզմ, որը թույլ է տալիս կամ օժանդակում է տվյալ երկրի կառավարությանը` բացահայտել այն ասիմետրիկ ինֆորմացիոն իրավիճակը, որը կապված է տվյալ երկրի կապիտալի արտահոսքի հետ հիմնականում օֆշորային սխեմաներով, այլ երկրների բանկային, ֆինանսական, բորսայական միջոցներով», – նշեց նա:
Թեեւ փորձագետը ընդհանուր առմամբ դրական է գնահատում նախաձեռնությունը, բայց խորհուրդ չի տալիս Համաշխարհային բանկից արագ արդյունքներ ակնկալել: «Արագ տեղի ունեցող գործընթաց չէ իհարկե, ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը, եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները: Դրանք կարող են լինել արժեթղթեր, անշարժ գույք, բիզնես, տարբեր տեսակի թանկարժեք օբյեկտներ, մետաղներ` ոսկու ձեւով, ձուլակտորներ եւ այլն», – հավելեց նա:
Միեւյնույն ժամանակ Ատոմ Մարգարյանը նշեց, թե ժամկետները կարող են շատ տարբեր լինել. հնարավոր է արդյունք լինի նույնիսկ վեց ամիս անց, սակայն միեւնույն ժամանակ այդ ամենը կարող է տարիներ ձգվել: Սակայն ընդհանուր առմամբ մասնագետներն արդյունքներ են ակնկալում վեց տարուց ոչ շուտ: «Շատ հնարավոր է, որ դա երկարատեւ գործընթաց լինի: Այո, կարող է երկար ձգվել, դա կախված է նրանից, թե ինչ սխեմաներ են իրականացվել: Ես մեկ օրինակ բերեմ` տրանսֆերային գնագոյացման սխեմաները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանմանը օֆշորային սխեմաներով եւ, երբ վաճառվում է օֆշորային դրածո ընկերության արտադրանքը անհամեմատ ցածր գնով եւ հետո վերավաճառվում իրական գնորդին: Եվ այս ամբողջ սխեմայի նպատակն իհարկե հարկերից խուսափելն է: Այդ պայմաններում արդեն ժամանակ է պետք այդ ամենը գնահատելու եւ բացահայտելու համար: Այդպիսի գործընթացներ եղել են Վրաստանում, Ուկրաինայում, ասիական երկրներում: Այսինքն` այն երկրներում, որոնք տարիներ շարունակ եղել են կոռուպցիայի, պրեսինգի տակ: Շատ իրատեսական է այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը», – եզրափակեց փորձագետը:
Նշենք, որ գողացված գումարների վերադարձի բազմաթիվ դեպքեր կան: Օրինակ, վերջին 21 տարում Ֆիլիպինները վերականգնել են գողացված եւ հիմնականում Շվեյցարիա տեղափոխված ավելի քան $ 1 մլրդ: 2007թ-ի դրությամբ Պերու վերադարձվել էր ավելի քան $ 174 մլն՝ Շվեյցարիայից, Կայմանյան կղզիներից եւ ԱՄՆ-ից: Շվեյցարիայի իշխանությունների կողմից սառեցվել եւ Նիգերիա է վերադարձվել գողացված $ 700 մլն: 2006 եւ 2007թթ.-ին Բրիտանական եւ Հարավաֆրիկյան իշխանություններն օգնել են Նիգերիային վերականգնել $ 17.7 մլն գումար, որն ապօրինի յուրացվել էր պաշտոնյայի կողմից:
Հավելենք, որ այս առումով հաջողության են հասել այն պետությունները, որոնց հաջողվել է իրավական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, ուր տարվել է կապիտալը։ Եվ հետաքրքիրն այն է, որ որեւէ մեկն այս պահին հստակ թիվ չի կարող ասել, թե որքան գումար է իրականում ապօրինի դուրս բերվել Հայաստանից եւ յուրացվել: Բայց դրա մասին խոսել են շատ եւ պարբերաբար: Ըստ որոշ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից արտահոսել ու այլեւս երբեք երկիր չի վերադարձվել ավելի քան 25 մլրդ դոլար գումար: Հայաստանի համար, ինչպես հասկանալի է, այս թիվն իսկապես ահռելի մասշտաբների է: Հուսանք իշխանություններն այս առումով ռեալ քայլեր կանեն, այլ ոչ թե կբավարարվեն ընդամենը pr-ի նպատակով հայտարարություններ անելով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ
ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ վերջին քննարկումներն է անցկացնում: Ինչպես հայտնի է, վերջերս նրանք ստացել են նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ընտրական օրենսգրքի պատրաստի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 10-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Արդեն խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Արդեն իսկ միանշանակ է, որ նախագծում ընտրական համակարգը լինելու է 100 տոկոս համամասնական, ինչպես ընդունված է ասել` փակ: Եվ քանի որ այս համակարգին, ըստ էության, դեմ են ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, ապա խորհրդարանում հետաքրքիր քննարկումներ են սպասվում. ի վերջո, Ազգային ժողովում մեծամասնությունը դեռ ՀՀԿ-ն է:
ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել տարատեսակ փառատոներ եւ միջոցառումներ անցկացնելու համար: Այս անգամ մի քանի մլն դրամ քաղաքապետարանը նախատեսել է ծախսել գարեջրի եւ «ՏարազՖեստ» փառատոների համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն հայաստանյան դիզայներ-մոդելավորողների կողմից պատրաստած տարազների հավաքածուների բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի համար ծախսվել է 4 մլն 975 հազար դրամ: Իսկ ահա օգոստոսի 19-ին Երեւանում անցկացվելիք գարեջրի փառատոնի համար կծախսվի 4 մլն 480 հազար դրամ: Փաստորեն, քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժականից հետո անգամ Երեւանի քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից՝ ճոխ գումարներ ծախսելով ամենատարբեր միջոցառումների վրա:
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՎ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները եւ կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին` այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է լինում: Մասնավորապես, «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե` դատապարտյալներն ու կալանավորները հացադուլ, ջրադուլ, ինքնավնասում կատարելուց հետո ավելի ծանր մեթոդների են դիմել` ինքնասպան են եղել:
ՊԱՏՐԱՍՏ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ «Մարտի 1»-ի գործով, այս մասին հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն եւ նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- ասել է Մանուկյանը: Նրա խոսքով` իրենք 10 տարում հավաքել են այն բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին: Նա նշել է, որ «Մարտի 1»-ի գործով նախկինում մեղադրված անձինք այսօր քննչական մարմնում ցուցմունք են տալիս տուժողի կարգավիճակով:
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՐՑԸ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: «Քննարկման թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաեւը: Ի պատասխան` Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է առավել լայն հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷՍ շրջանակում, այստեղ շատ մեծ օրակարգ կա, կան նաեւ խնդրահարույց հարցեր, ինչպես որ այն, որ Դուք նոր ասացիք»: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Հայաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ դիմել են ՀԱՊԿ-ին Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու առաջարկով:
ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին հյուրընկալելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկելու Սիրիայի պատերազմը, Ուկրաինայի արեւելքում շարունակվող բռնությունները եւ էներգետիկ հարցեր: Հանդիպումը տեղի է ունենալու Բեռլինից դուրս գտնվող Մեզեբերգեի կառավարական շենքում:
ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ԿՐԱԿՈՎ
«Նախիջեւանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով»,-սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որեւէ կորուստ»,-նշել է ՊՆ խոսնակը:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Նյու Յորք):
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում: Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում»,-նշված է Ա. Բաբլոյանի հայտարարության մեջ: