Օրեր առաջ կայացան ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ընտրությունները, որոնք, թվում է, բարեհաջող ավարտվեցին իշխող հանրապետականների համար: Սակայն արդյունքներից պարզ դարձավ, որ նախագահ Թրամփի մեկամյա կառավարումը լուրջ խնդիրներ է ստեղծել կուսակցության համար: Վերջինիս ակնհայտորեն լուրջ փորձություններ են սպասվում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի մասնակի ընտրություններում, որտեղ ԱՄՆ հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը իրենց հայաստանյան անվանակիցների պես:
ԱՄՆ Կոնգրեսի հատուկ ընտրություններն անցկացվեցին 5 նահանգներում, որտեղ բոլորում հաղթող դարձան ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Սա թույլ տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակավ հայտարարելու, որ այդ հաղթանակներն առաջին հերթին իր հաջողությունն են: Ավելին` նախագահը կոնկրետ դեպքերում շեշտում էր, որ իր մասնակցությունը թեկնածուների քարոզարշավներին վճռական նշանակություն է ունեցել` ապահովելով հանրապետականների հաղթանակները: Ի դեպ, այս հանգամանքը լայն քննարկման առարկա դարձավ ամերիկյան վերլուծաբանների շրջանում, ըստ որոնց` թե՛ անձամբ թեկնածուն, թե՛ կուսակցության ռեսուրսներն ու հնարավորությունները նախագահի կարծիքով, փաստորեն, առ ոչինչ են, եւ հաղթանակի միակ գրավականը եղել է վերջինիս աջակցությունը: Թեեւ այս պնդումը նույնպես փաստարկված չէ, սակայն քիչ հավանական է թվում` հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: ԱՄՆ-ում ձեւավորված է ինստիտուցիոնալ ժողովրդավարություն` խորթ նաեւ ներհայաստանյան ընկալումներին: Օրինակ` Հայաստանում այս օրերին ում էլ պաշտպանի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդը կարող է ընտրվել ցանկացած պաշտոնում, ինչը ուղիղ հետեւանք է հեղափոխական էյֆորիայի, սակայն ԱՄՆ-ում դա գրեթե բացառված է` հաշվի առնելով հատկապես Թրամփի հանդեպ համընդհանուր հակասական տրամադրությունները:
Շարունակելով իր դերակատարությունն ընդգծելու մարտավարությունը` Թրամփը հատկանշում էր, որ բոլոր տեղերում արձանագրված հաղթանակն ինքնին նշանակում է, որ ամերիկացիները պաշտպանում են իր քաղաքականությունը` ի հեճուկս թշնաբար տրամադրված զլմ-ների հակաքարոզչության: Անշուշտ, նախագահը կարող է այդպես մեկնաբանել` հաշվի առնելով փաստացի արդյունքը, սակայն միաժամանակ չի կարելի արհամարհել հանգամանքը, որ բոլոր այդ նահանգներում հանրապետական կուսակցության ազդեցությունը պատմականորեն մշտապես տիրակայող է եղել: Այդ նահանգներում խիստ հազվադեպ են հաղթել դեմոկրատները եւ այժմ դա իբրեւ ցնցող հաջողություն ներկայացնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Ըստ այդմ` Թրամփը օգտագործում է այն նույն տակտիկան, ինչ նրա հակառակորդները` դիմելով փաստերի մանիպուլյացիային: Այս հանգամանքը արձանագրեցին ոչ միայն ամերիկյան վերլուծաբանները, այլեւ հայտնի քաղաքական ու պետական գործիչները:
ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ներկուսակցական պայքարում Թրամփի հիմնական մրցակիցներից մեկը` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, հրապարակավ իր մտահոգությունը հայտնեց այս առումով: Արձանագրելով, որ Օհայո նահանգում հիմնականում հաղթել են հանրապետականները` այս ընտրությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Հայտնի է, որ հանրապետականների թեկնածուն ստացել է 50.1, իսկ դեմոկրատներինը` 49.3 տոկոս: Ի համեմատություն ներկայիս պատկերի` նկատի է առնվում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփն այստեղ Հիլարի Քլինթոնի նկատմամբ ստացել էր 11 տոկոսի առավելություն: Եվ եթե հաշվի առնենք, որ Թրամփը հանրապետականների պատմության լավագույն թեկնածուն չէր, կարելի է պատկերացնել, թե նահանգում ինչ չափով են թուլացել ԱՄՆ իշխող կուսակցության դիրքերը: Այդ մտահոգությունն էլ բարձրացնում է Քեյսիքը` նկատելով, որ դա հասարակության մեսիջն է կուսակցությանը վերջ տալու տիրող քաոսին ու դադարեցնելու մարդկանց օտարելու քաղաքականությունը: Մեկնաբանելով կուսակցության ներկայիս դրությունը` Քեյսիքն անուղղակիորեն խիստ քննադատության է ենթարկել նախագահ Թրամփին: Նա հայտարարել է, որ կուսակցությունը երբեք չի եղել դաշնակիցների հետ թշնամանալու, ընտանիքներն իրարից բաժանելու եւ այդօրինակ այլ քաղաքականության կողմնակից: Այդպիսով, Քեյսիքը ակնարկել է, որ ընտրողների բացասական վերաբերմունքը պայմանավորված է Թրամփի քաղաքականությամբ, ինչից ուղղակիորեն տուժում է հանրապետական կուսակցությունը: Նա առաջարկել է կուսակցության ղեկավարությանը լուրջ հետեւություններ անել ստեղծված իրավիճակից:
Հետաքրքիր է, որ այդպիսի կոչով Օհայոյի նահանգապետը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս: Նա Թրամփի խիստ քննադատներից էր եւ ժամանակին նույնիսկ հրաժարվել էր փոխնախագահ դառնալու առաջարկից: Քեյսիքը քանիցս չի էլ ժխտել, որ հետաքրքրված է 2020թ. ընտրություններով եւ չի բացառել, որ կարող է հայտ ներկայացնել մասնակցելու դրանց: Եվ ահա, եթե Թրամփը ցանկանա գնալ երկրորդ ժամկետի եւ կուսակցության ներսում միանշանակ չլինի նրա հանդեպ վերաբերմունքը, ապա հանրապետականները ստիպված են լինելու նոր ներկուսակցական քարոզարշավ վարել, որտեղ Թրամփը հարկադրված կլինի կրկին բախվել կուսակիցների աջակցությունը ստանալու բարդագույն գործին: Այսժամ մեծ է հավանականությունը, որ Թրամփի քաղաքականությունը սկզբունքորեն ու հետեւողականորեն քննադատող թեւը հաղթանակ տանի` Թրամփին զրկելով հանրապետական կուսակցության թեկնածուի կարգավիճակից: ԱՄՆ նախագահին կմնա կա՛մ չմասնակցել ընտրություններին ընդհանրապես` բավարարվելով մեկ ժամկետով, կա՛մ առաջադրվել «երրորդ կուսակցության» մանդատով: Հաշվի առնելով կուսակցական ռեսուրսների խիստ կարեւորությունը ԱՄՆ ընտրական գործընթացում` այդ պարագայում Թրամփն ակամայից հաղթանակը կշնորհի դեմոկրատական կուսակցությանը, որը, ի դեպ, կարող է հանդես գալ բավականին ուժեղ թեկնածուով` հանձին նախկին փոխնախագահ Ջո Բայդենի:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՌՈ՞Ր Է ԱՆՈՒՄ
Երեկ Արտաշատի խանութները չեն բացվել. մի խումբ առեւտրականներ փակել են խանութները եւ բողոքի ակցիա անցկացրել: Նրանք հավաքվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի դիմաց, պահանջել են հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը: Ի դեպ, Ռաշիդ Մախմուդյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է: Արտաշատի առեւտրականների պատմելով` նրանք արդեն երկու տարի է, ինչ այս վիճակում են:
«Մենք այլեւս ի վիճակի չենք հանդուրժել: Իրենց ՀԴՄ-ի իտոգը չի հետաքրքրում, ասում են` ամեն ամսվա վերջ բերեք այսքան կամ այնքան մուծեք: Նայած տրամադրության` եթե տրամադրությունը լավ չլինի, ասում են` 1 մլն կմուծես, եթե լավ լինի` 200 հազար դրամ: Ամեն ամսվա վերջին հարկային տեսուչները զանգահարում են ու ասում են` այսքան կտանեք, կմուծեք: Անկախ նրանից` առեւտուր ունեցել ենք, թե ոչ: Հանձնաժողով են կազմում, 13 հոգով մտնում են խանութները ու առանց ակցիզի ապրանք են ման գալիս: Խանութում կարող է լինել 300 հազար դրամի ապրանք, բայց ինքը 500 հազար դրամի է տուգանում»,- ներկայացրեցին առեւտրականները: Նրանց խոսքերով` շատերի մոտ անգամ հասունացել է «Մախմուդյանին ծեծելու ցանկությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող առեւտրականներին հանդիպել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց առաջարկել է խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ եւ փորձել լուծումներ գտնել: «Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք, տեսնենք` մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե ոչ: Եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- առեւտրականներին խոստացել է ՊԵԿ նախագահը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի` պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու եւ գումարի բռնագանձման պահանջներով: 2018թ. մարտի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել հունիսի 6-ին: Պետական գույքի կառավարման վարչությունը հայցադիմումի ապահովում կիրառելու համար միջնորդել է Գանձաքարի համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Այդ քաղաքացիական գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին:
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
2018թ. մայիսի 7-ից սկսվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սարիգյուղ-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի կառուցապատումն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Սարիգյուղ-Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Այդ աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 2 միլիարդ 200 միլիոն դրամ: Ճանապարհի 2 հատվածներում կատարվել են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին հաջորդել է ճանապարհի ասֆալտապատումը: Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Բոլոր աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարեվերջ: Ջուջեւան- Նոյեմբերյան ճանապարհի նորոգումը դեռ չի սկսվել: «Վառմաշ» ՍՊԸ-ն ճանապարհի մնացած երկու հատվածները նորոգել է, ասֆալտապատել: Փռվել է ճանապարհի ասֆալտի ծածկի առաջին շերտը, որի վրա ասֆալտի երկրորդ շերտ պետք է փռվի: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են: Թե ինչու, մեղմ ասած, անհասկանալի է, առավել եւս, երբ հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնելու նման աշխատանքներ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ