ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կենսաթոշակը ապահովելու ողջ պատասխանատվությունը ընկած է աշխատող բնակչության ուսերին, այն էլ այդ պատասխանատվությունը տարեցտարի ավելի ծանր բեռ է դառնում: Պատճառն այն է, որ ըստ պաշտոնական հաշվարկների` մեկ աշխատողի բաժին է հասնում մեկից ավելի` 1.4 թոշակառու:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մեր հանրապետությունում աշխատուժի թիվը 2012 թվականից սկսած նվազել է. եթե նշված տարում այն կազմել է 1 մլն 172 հազար 800, ապա 2013-ին` 1 մլն 163 հազար 800, 2014-ին` 1 մլն 133 հազար 500, 2015-ին` 1 մլն 72 հազար 600, 2016-ին`1 մլն 6 հազար 200: Իսկ ահա 2017-ի առաջին եռամսյակում զբաղվածները 974 հազար 500-ն են եղել, ինչը այս տարվա առաջին եռամսյակում փոքր ինչ ավելացել է` կազմելով 1 մլն 27 հազար 900: Թեեւ փոքր-ինչ այն ավելացել է, բայց, միեւնույն է, աճը չնչին է, շատ չնչին:
Միաժամանակ, նույն պաշտոնական տվյալներով` Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվն է տարեցտարի նվազում: Եթե 2012 թվականին մեր հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվում էր 437 հազար 200 հոգի, ապա 2013-ին այդ թիվը կազմել է 422 հազար 100, 2013-ին` 379 հազար, իսկ 2016 թվականին` 338 հազար 100: Չնայած որ 2017 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել, այնուամենայնիվ, դժվար չէ կռահել, որ այն եւս նվազած է լինելու:
Ինչպես հայտնի է, գյուղատնտեսությամբ զբաղվողները հարկային պարտավորություններ չեն կատարում: Հետեւաբար նրանց աշխատավարձից եկամտային հարկ, սոցվճար եւ դրոշմանիշ չի վճարվում: Ինչը նշանակում է, որ նրանց հաշվին հնարավոր չէ կենսաթոշակառուների թոշակի հարցը «լուծել»:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հաշվարկ կատարեց` ընդհանուր զբաղվածների թվից հանելով գյուղատնտեսությամբ զբաղվողների քանակը: Արդյունքում ստացվում է՝ իրենց աշխատավարձից ՀՀ պետական բյուջե հարկ վճարող, այդպես նաեւ տարեցների կենսաթոշակն «ապահովող» զբաղված քաղաքացիների թիվը կազմում է 689 հազար 800:
Միաժամանակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 հազար 68: Ստացվում է, որ կենսաթոշակների համար անհրաժեշտ գումարները գոյանում են 689 հազար 800 աշխատողների վճարած հարկերի հաշվին: Այլ կերպ ասած` ամեն մի աշխատողի բաժին է հասնում մեկից ավել (1,4) թոշակառու: Եւ եթե այդ թվին ավելացնենք նաեւ 75 հազար 352 ընտանեկան նպաստ ստացող, 24 հազար 936 սոցիալական նպաստ ստացող եւ 5 հազար 276 եռամսյակային օգնություն ստացող, 15 հազար 218 միանվագ օգնություն ստացող ընտանիքներին, պատկերն առավել մտահոգիչ է դառնում:
Սոցիալական ապահովության համար անհրաժեշտ միջոցների ապահովման բեռը փաստացի իրականացնում է երկրի բնակչության մոտ 15 տոկոսը, մնացած 85 տոկոսը կազմում են կենսաթոշակ ստացողները կամ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները: Եւ այս իրավիճակում, մեղմ ասած, անիրատեսական է ՀՀ-ում կենսաթոշակի բարձրացումը: Պատկերացնում եք` եթե ՀՀ իշխանությունները որոշեն նման քայլի գնալ, հազիվ թե Հայաստանի աշխատուժն ունակ լինի այդ բեռը պատվով կրելու:
Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի` ստեղծված իրավիճակի պատճառը ակտիվ ազգաբնակչության թվի պակասելն է: «Քանի որ մենք ծերացող ժողովուրդ ենք, ծննդաբերության աճ չկա, բնական հավելաճ չկա, դեմոգրաֆիական այս խնդիրը լրջագույն խնդիր է դարձել: Սրանով է պայմանավորված կուտակային համակարգին անցման անհրաժեշտությունը: Դրան ավելացրած` միջին աշխատավարձը ցածր է, այն չի էլ ավելանում առանձնապես կտրուկ ձեւով: Այս ամենի հետեւանքով կենսաթոշակային համակարգում մեծ ճգնաժամ է առաջ եկել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի առաջարկած լուծումներից մեկը արտադրողականությունը բարձրացնելն է, ինչի արդյունքում կբարձրանա նաեւ աշխատավարձը, կավելանան եկամուտները: Մյուս լուծումներից մեկն էլ գյուղատնտեսության հարկումն է: «Հիմա ոչ մեկն է արվում, ոչ մյուսը, իսկ պարտադիր կուտակայինն էլ ոչ պրոֆեսիոնալ արեցին: Ամենակարեւոր հանգամանքը, որ այսօրվա կենսաթոշակառուները չեն կարող օգտվել պարտադիր կուտակայինից: Եթե մենք չենք կարողանում տնտեսության ակտիվությունը բարձրացնել, աշխատավարձեր, եկամուտներ ավելացնել, ապա այսօրվա կենսաթոշակառուների կյանքի որակական փոփոխություններ տեղի չեն ունենա, իսկ պետությունը բյուջեում այդքան գումարներ չունի»,- նկատեց մասնագետը: Նրա հաշվարկով մոտ 50 մլն դոլար է պետք, որպեսզի կենսաթոշակները 10 դոլարով ավելանան: Բայց միեւնույն է, այս դեպքում եւս կյանքի որակական փոփոխություն տեղի չի ունենա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՅՈՒՐԱՑՈՒՄ ԴՊՐՈՑՈՒՄ
Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014թ. հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր, Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ աշխատանքի չի հաճախել եւ այդ ընթացքում` մինչեւ 2018թ. օգոստոսի 1-ը, ստացել է ընդհանուր շուրջ 2 մլն 712 հազար ՀՀ դրամ աշխատավարձ` միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում: Հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:




Լրահոս