«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին զրուցել է դերասան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ: Նա տեսակետ է հայտնել, որ չնայած Քոչարյանի քաղաքական թիմը փորձում է համապատասխան քարոզչություն անել, բոլորն էլ գիտեն, թե Մարտի 1-ի դեպքերը ինչպես եւ ինչու են տեղի ունեցել: Դերասանի խոսքով` մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ անձի վրա:
-Պարո՛ն Պողոսյան, Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունից ի՞նչ տպավորություն ունեք:
-Մի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւոր բան ասաց. այն ամենը, ինչ արվում է, մարդուն երջանկացնելու համար է արվում: Իսկ որպեսզի դա իրականանա, հարկավոր է, որ մարդ զերծ լինի անարդարությունից, այն ծայրահեղ միջոցներից, որոնք կարող են կիրառել իշխանությունները ժողովրդի գլխին: Այն, ինչ կատարվեց Մարտի 1-ին, բոլորիս պարտությունն էր, որովհետեւ ժողովուրդը չկարողացավ դիմադրել, իսկ տիրող ուժերն անարդար կերպով ճնշում գործադրեցին: Մարտի 1-ի բացահայտումը կարեւոր է ամեն հայի արժանապատվության վերականգնման համար: Քաղաքացին պետք է գիտակցի, որ վերջիվերջո արդարություն է հաստատվում:
-Այսօր Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նույնիսկ նշվում է, թե նրան հալածում են:
-Գիտե՞ք ինչ, քանի որ Քոչարյանը շատ մեծ ցանց, հնարավորություններ ունի, կարողանում է այդպիսի քարոզչություն, փիար անել: Դա շատ բնական է: Բայց մենք չպետք է խաբվենք այդ փիարին: Գիտակից մարդիկ, որոնք զբաղված են այս գործի բացահայտմամբ, լուրջ հիմքեր ունեն մեղադրանք առաջադրելու համար, եւ ոչ մի փիար արդեն չի կարող փրկել: Ամեն դեպքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը, մեղքը չպետք է գցել մեկ մարդու վրա:
-Որքանո՞վ եք անհրաժեշտ համարում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս Մարտի 1-ի գործով հարցաքննվի:
-Ոչ միայն այդ գործով (ծիծաղում է): Մենք նոր ենք գիտակցում, թե ինչ վիճակում ենք եղել, ինչ օրի են հասցրել մեր Հայաստանը: Մենք ապրել ենք ծայրահեղ վիճակում, անդունդի եզրին:
-Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ, օրինակ, կոռուպցիայի այն ծավալները, որոնք ի հայտ են գալիս, իր համար եւս անսպասելի են եւ զարհուրելի:
-Նա շատ լավ գիտեր դա, տարիներ շարունակ գոռում, գոչում էր այդ մասին, ուղղակի գալիս է մի պահ, երբ մարդ, որքան էլ գիտակցում է իրականությունը, միեւնույն է, դժվարությամբ է հաշտվում դրա հետ: Ես շատ լավ հասկանում եմ նրա հոգեվիճակը:
-Մի փոքր էլ մշակույթի ոլորտից խոսենք: Ինչպիսի՞ն են սպասելիքները եւ ինչպիսի՞ն են տպավորությունները:
-Ժամանակ է հարկավոր, որպեսզի առաջընթաց գրանցենք: Այդ ճանապարհին կարող են լինել ե՛ւ վրիպումներ, ե՛ւ բացթողումներ: Հարկավոր է հավատալ եւ սպասել: Հիմա մշակույթի ոլորտում խառնաշփոթ է տիրում, հենց կինոյի ասպարեզում այդ լճացած վիճակն է: Կիսատ թողած նախագծերը բազմազան են, չգիտենք էլ` դրանց վերջն ինչ է լինելու, ֆինանսավորում լինելու է, թե ոչ: Բայց չենք նվնվում, հասկանում ենք, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք: Մշակույթի նախարարն ու իր թիմը պետք է գիտակցեն, որ իրենց ամենակարեւոր ֆունկցիան ստեղծագործող անհատի կողքին կանգնելն է, որ նա անհույս, միայնակ, չմնա, որ ստիպված չլինի ճակատը պնդացնելով հարց լուծել, չի կարող լինել կինո առանց պետական աջակցության: Սա է գլխավորը: Հուսով եմ` նրանք կգիտակցեն այս ամենը, եւ դրական տեղաշարժեր կլինեն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՃՂԱԾ ՋԻՆՍԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ»
«Ազգային, ժողովրդական երգեր երգելով Հայաստանում հնարավոր է օրվա հացը վաստակել, բայց «բիզնես» անել` ոչ: Ինձ հաջողվում է երգով պահել ընտանիքս»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ժողովրդական երգիչ Աղասի Իսպիրյանը:
Նրա խոսքով` կան «էլիտար» երգիչներ, որոնք առանձնակի նշանակություն են տալիս իրենց հագուստին, արտաքինին, բայց ժողովրդական երգչի դեպքում պարագան այլ է. «Ոմանք օլիգարխ են ձեւանում, թանկ հագուստներ են հագնում, մի երգը հազար դոլարով են երգում, բայց ես այդ երգիչը չեմ: Ինձ համար հաճախ նշանակություն չունի` վճարվելու եմ, թե ոչ. էականն այն է, որ ժողովրդական երգը հասնի ունկնդրիս ականջին»,-մեկնաբանեց Աղասին:
Ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ հիմա ով տեղից վեր է կենում, ազգային երգեր է կատարում: Մենք Աղասիին հացրինք` որն է թեմայի շուրջ իր տեսակետը. «Ով էլ լինի, լավ եմ վերաբերվում, որ ժողովրդական երգ է կատարում, միայն թե հասկանալով, զգալով երգի, ոչ թե դա անի, որովհետեւ մոդայիկ է դարձել ժողովրդական երգեր երգելը: Մեկ էլ տեսնում ես` մի դերասան ճղած ջինսերով բարձրանում է բեմ ու սկսում է ազգային երգեր կատարել` հաճախ գաղափար չունենալով` ինչ է երգում: Այդ մարդը նույնիսկ ազատամարտիկ, ֆիդայի չի տեսել իր կյանքում, ո՞նց կարող է ազգային երգ երգել` այն էլ կեղծ ժպիտով ու մեզնից սովորած ժեստերով: Շատերը մտածում են` Աղասը առաջ գնաց, Ռուբենը առաջ գնաց, դե սպասեք, մենք էլ երգենք, գուցե մի բան ստացվի»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, Աղասին պատասխանեց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում եւ հավելեց. «Ամեն դեպքում, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես, վարչապետ կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ ուրիշը, նշանակություն չունի: Կարեւորն այն է, որ ժողովուրդը հաղթական ոգի ունենա: Ի դեպ, ասեմ, որ իմ նախնիները դաշնակցական են եղել, բայց ես նախընտրել եմ բավարարվել դաշնակցական երգեր երգելով, քան դառնալ դաշնակցական»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբների` տրանսֆերային շուկայում ակտիվության հանդեպ համընդհանուր հետաքրքրության մասին. «Բացառապես անգլիական երեւույթ է այն, որ դուք կարող եք հաղթել առաջնությունում տրանսֆերային պատուհանի արդյունքներով: Դա անհնար է, եւ ոչ էլ հետաքրքիր: Մենք պարզապես արել ենք մեր աշխատանքը, ինչպես մյուս թիմերը նախորդ տարի կամ երկու տարի առաջ: Այս ամառ մենք ակտիվ էինք, քանի որ զգում էինք, որ եկել է դրա ժամանակը»,- ասել է Կլոպը: