
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց 100 օր անց լրատվական դաշտի հետ աշխատանքի կտրուկ փոփոխություն է նկատվում: Նախ նշենք, որ վարչապետ դառնալու առաջին օրվանից սկսած լրագրողները կարողանում են բարձրանալ կառավարության նիստերի դահլիճին հարակից տարածք եւ հարցեր ուղղել իրենց նախընտրելի պաշտոնյաներին: Սակայն 2 շաբաթ անց որոշում կայացվեց վերականգնել հին կարգերը, եւ այդ տարածք բարձրանալ թույլատրվեց միայն օպերատորներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ յուրաքանչյուր տարածք, որտեղ լինելու է Նիկոլ Փաշինյանը, թույլատրվում է միայն նախօրոք հավատարմագրված լրագրողներին, իսկ նախկինում բոլորն էլ կարող էին ներս մտել: Կառավարությունից պատճառաբանում են` վերադառնում ենք հին ռեժիմին եւ գործելու է միայն ցուցակով տարբերակը: Թերեւս միակ դրականն այն է, որ նոր իշխանությունները տարբերություն չեն դնում զանգվածային լրատվության միջոցների միջեւ եւ միջոցառումների եւ հավատարմագրման մասին տեղեկացնում են նախապես, հավատարմագրում բոլորին: Նաեւ հասկանում ենք, որ այս ամենն արվում է վարչապետի անվտանգությունից ելնելով: