ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Հայաստանի տնտեսական ռազմավարության դրույթներին: Ընդ որում, նա այդ դրույթների մասին ծրագրել էր խոսել դեռ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ, սակայն ելույթի ընթացքում որոշել էր հետաձգել այն:
Ի դեպ, գաղտնիք չէ, որ նրա ընդդիմախոսները, այդ թվում ՀՀԿ-ականները, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մշտապես մեղադրել են տնտեսական ռազմավարություն եւ տեսլական չունենալու մեջ: Եվ ահա, վարչապետը երեկ կետ առ կետ ներկայացրեց դրանք:
Նախ նա տեղեկացրեց ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին: Նա մանրամասն խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության, արտադրական ոլորտի, բուհական համակարգի զարգացումների մասին, որոնք վարչապետի խոսքով, նպաստելու են ՀՀ տնտեսության զարգացմանը:
«Տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնց մեջ մտնում է այն, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային: Ապահովված երկրներում կարեւոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն` թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը»,- նշեց վարչապետը:
Խոսելով բուհական կրթության մասին` Ն. Փաշինյանը նշեց, որ բուհերն ունեն մեծ խնդիր՝ դիմորդի եւ ուսանողի: «Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի: Հայաստանում պետք է առաջնային դիրքերում լինի որակյալ կրթությունը», – հավելեց նա:
Վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հարկային օրենսգրքին: Նրա խոսքով` այս պահին գնում են Հարկային օրենսգրքի պարզեցման ճանապարհով, եւ որոշակիորեն իջեցվելու է եկամտահարկը: Նա ընդգծեց՝ լուրջ փոփոխություններ են կատարվելու նաեւ հանրային կառավարման համակարգում. «Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ հաջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»:
Հետաքրքիր է փաստը, որ նույն եկամտահարկի փոփոխության եւ Հարկային օրենսգրքի շուրջ նախագիծ վերջերս հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությանն էին ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Ընդ որում, այս նախագիծը մշակված էր եղել դեռ վաղուց` Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, եւ պարզապես հիմա դրվեց շրջանառության մեջ: Կառավարության նիստում գործադիրը մերժեց ՀՀԿ-ականների առաջարկը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, թե իրենք ցանկանում են գնալ Հարկային օրենսգրքի համալիր փոփոխման, այլ ոչ թե կենտրոնանալ միայն եկամտահարկի նվազման վրա:
Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նաեւ հարկային օրենսդրության համալիր փոփոխության:
Նաիրա Հովհաննիսյան