«ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում Արցախի ընդդիմադիր հատվածը բողոքի ցույցեր էր անցկացնում, ինչի արդյունքում իշխանական թեւի որոշ պաշտոնյաներ հրաժարական ներկայացրին: Սակայն բողոքի ցույց իրականացնողները նպատակ ունեն նաեւ Արցախի նախագահի հրաժարականին հասնել: Իսկ ինչպես հայտնի է` 2020 թվականին Արցախում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ, նախաձեռնող խմբի համակարգող Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, Դուք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկ անգամ նշել էիք, որ Արցախի նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ Բակո Սահակյանը պետք է իշխանությունը թողնի: Հիմա ի՞նչ եք կարծում` նա կգնա՞ այդ քայլին եւ ի՞նչ իրավիճակից ելնելով:
-Բակո Սահակյանն, իհարկե, չի գնում այդ քայլին. չի ուզում գնա: Բայց ես համոզված եմ, որ եթե Բակո Սահակյանը մնա մինչեւ 2020 թվականը, ապա վտանգված են լինելու արդար ընտրությունները: Իշխանությունը պետք է կազմակերպի ընտրություններն, այո, բայց այս իշխանության մնալով` երաշխավորված չէ, որ կարող է լինել արդար ընտրություն: Իրենք անպայման ցանկանալու են, որպեսզի լինի իշխանության փոխանցում, այսինքն` վերարտադրություն: Իսկ դրան ժողովուրդը չի համաձայնելու, իսկ եթե չհամաձայնի, պետք է փորձեն ազդել նրա վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն. կա՛մ պետք է ճնշեն, կա՛մ պետք է վախեցնեն` հին մեթոդներով: Այսինքն` արդար, համերաշխ ձեւով չի լինելու ընտրությունը, այլ լինելու է շատ վտանգված: Իսկ եթե Բակո Սահակյանը հրաժարական տա, եւ նրա փոխարեն լինի ցանկացած որեւէ մեկը, ապա արդեն ավելի մեղմված է լինելու իրավիճակը, եւ հանրության ճնշմամբ դա պետք է լինի: Իսկ այդ ճնշումը եթե եղավ, երաշխավորված է լինելու, որ ընտրությունը դժվար թե կեղծեն: Այս անցման փուլում հանրության ճնշումը պետք է գերիշխող լինի, քան ներկայիս իշխանության ճշնումը հանրության վրա, որ միշտ կա:
-Դուք ուզում եք, որ Ձե՞ր խմբի ներկայացուցիչը դառնա նախագահ:
-Ո՛չ, մեր նախաձեռնող խումբը, մենք իշխանություն չենք ուզում, մենք ուզում ենք, որ լինի ընտրություն: Բայց հարցն այն է, թե ով պետք է լինի նախագահը:
-Իսկ եթե այնպիսի թեկնածու լինի, որը Ձեր խմբի համար կրկին ընդունելի չլինի:
-Մենք ասել ենք, որ պետք է լինի համատեղ թեկնածու` քաղաքական հարթակի եւ իշխանության կողմից համաձայնեցված: Թեկնածու, որի խնդիրը պետք է լինի միայն ու միայն արդար ընտրություն ապահովելը: Ժողովուրդն ում ընտրեց, նա էլ կլինի վստահությամբ ընտրված նախագահը: Մենք նաեւ դեմ ենք, որպեսզի հանրային ճնշմամբ որեւէ մեկը դառնա նախագահ, որովհետեւ այստեղ արդեն ռեալ դաշտ համարյա գոյություն չունի, կան մի քանի ընդդիմադիր անձինք, քանի որ քաղաքական դաշտը Բակո Սահակյանը վերացրել է 2007-2010 թվականների ընթացքում: Քաղաքական դաշտ գոյություն չունի: Իսկ քաղաքական հարթակը վերջին երեք-չորս ամիսների ընթացքում առաջացած ընդդիմադիր խումբն է, որի կազմում բոլորն արցախցիներ են:
-Հնարավո՞ր է` Ձեր նախաձեռնող խմբի նախագահի թեկնածուն հենց Դուք լինեք:
-Ո՛չ, ես չեմ լինի:
-Ցանկություն չունե՞ք:
-Մենք ունենք թեկնածու, բայց ես չեմ:
-Իսկ ո՞վ է այդ թեկնածուն:
-Ես դեռ զերծ եմ մնում անուններ նշելուց, որովհետեւ մեր թեկնածուները շատ են: Մենք պետք է որոշենք, համաձայնեցնենք:
-Իսկ կարո՞ղ է իշխանական թեւից լինել թեկնածու, որը Ձեր խմբի համար ընդունելի լինի:
-Ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց լավ կլինի, որ իշխանության մաս չկազմի այդ թեկնածուն: Ցանկալին դա կլինի: Մենք արդեն փորձ ունենք. հասարակական ճնշմամբ ստիպել ենք հրաժարական տալ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների, բայց մեզ չի հետաքրքրել, թե ում կնշանակեն իրենք: Ում էլ նշանակել են, իրենց մարդկանց են նշանակել, չէ՞: Բայց միեւնույն է` այդ համակարգում ահագին բան է փոխվել արդեն. վախի մթնոլորտը վերացել է, ծեծուջարդը վերացել է: Արդեն ամեն մեկն իրեն ձգված է զգում: Դրա համար եմ ասում` կապ չունի, թե ով կլինի թեկնածուն:
-Եվ կարծում եք` հասարակական ճնշմամբ Բակո Սահակյանը կթողնի՞ իշխանությունը:
-Այո՛, այո՛: Մենք դրան պատրաստվում ենք:
-Բանտից ազատ արձակվեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դուք իրեն տեսնո՞ւմ եք որպես նախագահի թեկնածու:
-Ո՛չ: Սամվել Բաբայանն ազգային հերոս է, մենք միշտ պայքարել ենք, որ դադարեցվեն նրա նկատմամբ եղած քրեական հետապնդումները: Ինքը կարող է լինել լավ խորհրդատու, կարող է լինել լավ վետերան, բայց այնպես չի, որ մենք իրեն տեսնում ենք որպես նախագահի թեկնածու: Քաղաքական դաշտում որպես պատգամավոր տեսնում ենք, բայց որպես նախագահի թեկնածու չենք տեսնում: Ինքը հերոս է, պետք է ապրի հերոսի կյանքով:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սեպտեմբերի 10-ից կմեկնարկի վեցերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում սպասվում են շատ կարեւոր նախագծերի քննարկումներ: Մինչ այդ փորձենք ամփոփել գարնանային նստաշրջանի աշխատանքները:

Նախ նշենք, որ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանն ընդունել է 152 նախագիծ, որից 122-ը ներկայացրել է կառավարությունը, եւ միայն 30-ի հեղինակն են եղել պատգամավորները: 152 նախագծերից ամենաշատը՝ 41 նախագիծ, եղել է պետաիրավական ոլորտի, ապա հաջորդել են հանրային, տնտեսական եւ հարկային ոլորտներին վերաբերող նախագծերը:
Parliament monitoring-ն ուսումնասիրելով խորհրդարանի գործունեությունը՝ առանձնացրել է նախագծեր, որոնց քննարկումը համարվել է թեժ: Միայն թե դրանք ոչ թե սովորական օրինագծեր են եղել, այլ քաղաքական հարցեր: Ըստ այդմ, թեժ են ընթացել Կարեն Կարապետյանի բյուջեի կառավարության կատարողականը՝ 61 կողմ, դեմ 23, վարչապետի երկու ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունումը՝ 62 կողմ, դեմ 39, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը՝ 14 կողմ, դեմ 51, ձեռնպահ 7 եւ այլն:
Հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ խմբակցությունն է ամենաշատը կողմ քվեարկել նախագծերին, ամենաշատը դեմ՝ «Ելք» դաշինքը:
Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
Գագիկ Ծառուկյան՝ 162,
Կարեն Կարապետյան՝ 80,
Իշխան Զաքարյան՝ 71,
Սասուն Միքայելյան՝ 63,
Արփինե Հովհաննիսյան՝ 63,
Արգամ Աբրահամյան՝ 60,
Արթուր Մանուկյան՝ 58,
Դավիթ Մանուկյան 51,
Հերմինե Նաղդալյան՝ 51,
Արթուր Գեւորգյան՝ 51:
Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներն են՝
Միքայել Մելքումյան՝ 23,
Խոսրով Հարությունյան՝ 12,
Սերգեյ Բագրատյան՝ 9,
Էդմոն Մարուքյան՝ 9,
Գեւորգ Պետրոսյան՝ 7,
Էդուարդ Շարմազանով՝ 7,
Նաիրա Զոհրաբյան՝ 7,
Արամ Սարգսյան՝ 5
Արմեն Ռուստամյան՝ 4,
Վարդան Բոստանջյան՝ 4:
Տեսնենք, թե ինչպիսի գործունեություն կծավալի խորհրդարանն աշնանային նստաշրջանում, նստաշրջան, որը լինելու է այս ԱԺ-ի՝ եթե ոչ վերջինը, ապա նախավերջինը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍՏԱՑԵԼ ՈՒ ՀԱՆՁՆԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի նախօրեի համարում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե ինչու 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին իշխանավորների՝ ՊՆ-ից հանդերձանք ստացած թիկնապահների ցուցակում բացակայում էր Ռուբեն Հայրապետյանի անունը, պատասխանել էր. «Այդ նյութերը խմբին ուղարկվել են Լեւոն Զուրաբյանի միջոցով»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին. «Այո՛, այդպես էլ եղել է: Ես դա պաշտոնական նամակով ուղարկել եմ Փաստահավաք խմբին»: Դիտարկմանը՝ արդյո՞ք նախնական ցուցակում եղել է Հայրապետյանի անունը, բայց հետո այն հանվել է, Զուրաբյանը նշել է. «Ո՛չ: Ինչպես այդ թուղթը հասել է ինձ, այդպես էլ ուղարկել եմ: Թուղթը հասել է ինձ, եւ ես` որպես Կոնգրեսի համակարգող, դա նամակով ուղարկել եմ խմբին: … Դա փաստաթուղթ է, որն իշխանություններն են կազմել: Դա ինչպես որ մեր ձեռքն ընկել է, այդպես էլ հանձնել ենք: Եվ ես չեմ նշում աղբյուրները, թե ինչպես են այդ եւ այլ փաստաթղթեր մեր ձեռքին հայտնվել: Ես որեւէ փաստաթղթի աղբյուր չեմ բացահայտելու, բայց կոնկրետ այդ փաստաթղթի դեպքում Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտի, թե դա որտեղից է ստացվել»:

 

 

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները` 3 մլն դրամը, եւ 2 հազար դոլար: Բացի այս` նա անցած տարում «նվեր» է ստացել 150 հազար ռուսական ռուբլիի չափով: Թե ով է ՔԿԾ պետին ռուսական ռուբլիներ նվիրել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Բացի այս, նկատենք, որ ՔԿԾ պետը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ «Kia Sorento» 3.8 մակնիշի ավտոմեքենա: Ի դեպ, 150 հազար ռուբլի «նվերի» մասին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ոչինչ նշված չէ: Նրա կինը` Աննա Ավդալյանը, պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 1 մլն ռուբլի: Եւ սա այն դեպքում, երբ ՔԿԾ պետի կինը եկամուտի աղբյուր չունի: Համենայնդեպս, պաշտոնական հայտարարագրում նշված չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արտյոմ Մխոյանը ինչ նշանակվել է այս պաշտոնին, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները պարբերաբար բողոքի գործողություններ են կազմակերպում, անգամ երկու օրում երկու ինքնասպանություն եղավ:




Լրահոս