ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաեւ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը եւ, առհասարակ, այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում եւ որը կրկնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը:

Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրութունների կեղծիքներին վերաբերող դրույթներ եւ այլն: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը: Մասնավորապես ծրագրի 4.թ. կետում նշված է.
4.թ) ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, համաձայն ձեւակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումը, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանապարհով եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ:
Հենց այս կետն էլ կատարվեց ապրիլին: Դեռ 2017 թվականին եղան խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը չփոխվեց, եւ ՔՊ-ն միայնակ՝ առանց դաշինքի գործընկերների, ընտրեց թավշյա հեղափոխության տարբերակը եւ իրականացրեց դա:
Չնայած հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ դեռ քայլեր չենք տեսնում, սակայն թե՛ դա, թե՛ մարտի 1-ի դեպքերի բացահայտումը եւս ամրագրված են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում:
3.դ) առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը:
Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո հենց Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ այդ կետի իրականացմանը: Եվ այսօրվա դրությամբ՝ 100 օր անց, արդեն իսկ մարտի 1-ի գործով կա 4 մեղադրյալ, որոնք բոլորն էլ դեռեւս ազատության մեջ են: Նրանք են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Հաջորդը, որը վարչապետ դառնալու առաջին օրվանից քարոզում է Նիկոլ Փաշինյանը, տնտեսական ազատ դաշտի առաջացումն է, երբ նրա խոսքով` ոչ ոք այլեւս չի կարող որեւէ այլ անձի բիզնեսի մեջ փայ մտնել: Ազատ տնտեսական դաշտի եւ մրցակցության մասին դրույթները եւս եղել են ՔՊ ծրագրի հիմնադրույթներից:
4.դ.3 Առաջնային խնդիր է տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, սահմանամերձ տարածաշրջանների եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը:
Հաջորդ դրույթը, որն ամրագրված է ՔՊ ծրագրում եւ պարբերաբար բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, անկախ դատական համակարգի կայացումն է: Նա ոչ մեկ անգամ շեշտել է, թե ոչ ոք չպետք է ազդեցություն ունենա դատական համակարգի վրա, դատարաններն ազատ են Հայաստանը շարժվելու է միայն օրենքի շրջանակներում, այլ ոչ թե ինչ որ մեկի զանգով: Ընդ որում, այս մասին վարչապետը պարբերաբար է հիշեցնում:
4.դ. 4) Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման այն տարբերակը, որը նշում է Նիկոլ Փաշինյանը, դա եւս ամրագրված է եղել ՔՊ ծրագրում: Խոսքն այդ հարցի կարգավորումն է՝ Արցախի բանակցային սեղանին վերադառնալու միջոցով:
4.է) Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
Ահա այս դրույթների ուսումնասիրությունը եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2015 թվականին ընդունված ծրագրի դրույթներով: Նկատենք, որ այս ծրագրային դրույթները հենց այն են, ինչ տարիներ շարունակ ցանկացել է հասարակությունը: Ցանկացել, բայց նախկին իշխանություններից այդպես էլ չի ստացել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում եւ համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո ետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը». մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել եւ այսպես շարունակ, եւ նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որեւէ խախտում չեն հայտնաբերել: Այս տեղեկությունները հասել են նաեւ նոր մարզպետներին: Ու հիմա նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին եւ խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում: Այս պատճառով նախարարությունը տեւական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաեւ իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաեւ ԱԱԾ-ն:

 

 

ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Այսուհետ գինու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պետք է գործեն նաեւ որպես շրջանառության հարկ վճարող՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող: Այդպիսի փոփոխություն է կատարվելու ՀՀ հարկային օրենսգրքում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը որպես նախագծի ընդունման արդյունք ակնկալում է զարգացման պոտենցիալ ունեցող փոքր գինի արտադրողների համար ստեղծել օրինական դաշտում գործելու հնարավորություն, բարձրացնել ոլորտի թափանցիկությունը եւ ապահովել առավել հավասար մրցակցային պայմաններ: Որպես հիմնավորում նշվում է, որ գինու արտադրությամբ զբաղվող գերփոքր եւ փոքր տնտեսավարողներն ունենալով կայուն արտադրություն եւ սպառման շուկա` նախընտրում են գործել հարկային դաշտից դուրս: Օրինակ` 2018թ. փետրվարին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող ընկերություններն արտադրում են տարեկան մոտ 920 հազար լիտր գինի: Միաժամանակ նույն մարզում տնայնագործ-գինեգործների կողմից արտադրվում եւ իրացվում է շուրջ 450-500 հազար լիտր գինի: Այսինքն` գինու արտադրության մի զգալի մասն արտադրվում եւ շրջանառվում է՝ շրջանցելով հարկային օրենսդրությունը: Միայն թե, նկատենք, չի բացառվում` այս նախագծի արդյունքում տնտեսվարողները բարձրացնեն իրենց արտադրանքի գինը, եթե զգան, որ հարկային բեռը խստացվում է:

 

 

ՀԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ
«Հայ ազգային կոնգրեսը» Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում «Հայ ազգային կոնգրեսի» բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»:

 

 

ՏԱՊԱԼՎԱԾ
Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որն այդպես էլ չկայացավ: Նախքան Քոչարյանի ժամանումը մի խումբ ցուցարարներ ներխուժել են դահլիճ` հայտարարելով, որ իրենց նպատակը ասուլիսը տապալելն է: Ավելի ուշ Ռ. Քոչարյանի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որում նշված էր. «Ինչպես տեսաք` իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի, եւ դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, եւ վերջինս ազատ է արձակվել: Ռ. Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով` հարցաքննության, իսկ 27-ին կալանավորվել էր:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ վարչապետին կից պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի եւ երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2018-2019 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Ըստ այդ հրամանի` տարրական դպրոցում, այսինքն` առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում, դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամի ներդրումային գումարներ:

 

 

ՓՈԽԱՆՑՎԵՑ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցել է Այծեմնիկ Օհանյանին, երեկ կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Նիստի հաջորդ հարցով հանձնաժողովը վերացրել է ԿԸՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման սահմանափակումը: Այժմ ցանկացած զանգվածային լրատվության միջոց կարող է հավատարմագրել անսահմանափակ թվով ներկայացուցիչների:




Լրահոս