ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԿՌՎԱԽՆՁՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականության ուսումնասիրման գործընթաց էր սկսվել: Եվ ահա մեզ հասած լուրերի համաձայն` այս հարցը երկու կառույցների համար դարձել է կռվախնձոր:

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների բանակում ծառայել-չծառայելու հարցին. «Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում` նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը, եւ պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու` օրենքով նախատեսված հիմնավոր եւ օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»:
Եվ ահա այս ամենից հետո առաջինը թիրախում հայտնվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները, որոնց պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու կամ տարկետում տալու հիմքերի շուրջ սկսվեց քննություն ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ պաշտպանության նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթին տարվող քննության արդյունքներից մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տարաձայնություններ են առաջացել ՊՆ-ի եւ Զինվորական քննչական ծառայության միջեւ, եւ որ նրանք այս օրերին չեն կարողանում հանգուցալուծել:
ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսում են ստուգել, թե որքանով են հիմնավոր նախկին մարզպետի որդիներն ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից: Զինվորական քննչական ծառայությունը ավագ որդու` Տիգրան Խաչատրյանի մասով նշանակում է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն: Եւ իրավապահները ստանում են համապատասխան եզրակացությունը, որ Տիգրան Խաչատրյանը սահմանափակումներով խնդիր ունի, որը ենթակա է զորակոչի, սակայն դրանից բացի` կա մեկ այլ հանգամանք եւս, որի արդյունքում ՊՆ-ն Տիգրան Խաչատրյանին չի կարող տանել պարտադիր ժամկետային զինծառայության, քանի որ նա ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Ասել է, թե Սուրիկ Խաչատրյանի որդիներից Տիգրան Խաչատրյանը տարիներ առաջ, չնայած որոշակի սահմանափակումների, ենթակա էր մեկնելու պարտադիր զինվորական ծառայության, սակայն հաշվի առնելով, որ այս տարիներին նրա կարգավիճակը այլ է, ուստի նրան չեն կարող տանել ծառայության:
Իսկ հիմա ինչ խնդիր է առաջացել նախկին մարզպետի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի մասով: Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` 22-ամյա Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:
Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում:
Իր հերթին Տրդատ Խաչատրյանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ 2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նեւրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ ստացել է 3 տարի ժամկետով տարկետում:
Տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի` Տրդատ Խաչատրյանը ենթակա՞ է մեկնել պարտադիր ծառայության, թե՞ ոչ: Սակայն այս խնդրի շուրջ ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի միջեւ ներքին տարաձայնություն է հասունացել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինվորական քննչական ծառայությունից ստիպում են դատահոգեբուժական հանձնաժողովին շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ, ի վերջո, գործ ունեն անձի հոգեկան առողջության հետ: Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում, եւ վերջիններս շարունակում են իրենց պնդումները: Ինչեւէ, կհաջողվի զինվորական քննչական ծառայության քննիչներին շուտ ստանալ եզրակացությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ այս խնդրի մասով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել:
Սա էլ դեռ քիչ է, պաշտպանության նախարարությունում ներքին քննարկում է եղել այն մասով, թե անգամ եթե դատահոգեբուժական հանձնաժողովը շատ արագ տա եզրակացությունը, ապա Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդուն ամառային զորակոչին չեն հասցնի ուղարկել բանակ, այլ կմնա սպասվելիք հերթական զորակոչին, որը, ըստ էության, կմեկնարկի մյուս տարի ձմռանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լաերտ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2014 թվականի նոյեմբերի վերջերից դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել եւ ղեկավարել է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքով անցնող, ՀՀ էներգետիկայի նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին պատկանող, «Կամենկա-Վանաձոր» չգործող ջրատարի խողովակաշարից խոշոր չափերի գաղտնի հափշտակությունները: Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի` այդ հափշտակությունը կատարողը եղել է Սիրակ Մինասյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Լաերտ Գեւորգյանին գրավի դիմաց ազատ են արձակել: Իսկ ահա վերջինիս գործը քննելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

 

 

ԳՈԼԴ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԱԱԾ-Ն
Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է քաղաքացիների թանկարժեք համարանիշները գողանալու եւ նրանցից գումարներ պահանջելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեզ հայտնի դարձավ, որ Կարեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նպատակ ունենալով տարբեր քաղաքացիներից շորթմամբ խոշոր չափերով գումարներ հափշտակել` որոշել է հեշտ մեխանիզմ մշակել: Մասնավորապես Երեւան քաղաքի տարբեր վայրերում կայանված ավտոմեքենաների, մեծ պահանջարկ ունեցող թանկարժեք` 250.000 ՀՀ դրամից մինչեւ 8.000.000 ՀՀ դրամ համարանիշները գողացել է եւ տվյալ ավտոմեքենաների դիմապակու վրա թողել է ռուսական հեռախոսահամարներ, որպեսզի համարանիշի սեփականատերերը զանգահարեն իրեն:
Արդյունքում, երբ համարանիշի սեփականատերերը զանհագարել են իրեն, վերջինս համարանիշները վերադարձնելու համար սեփականատերերից պահանջել է 127.050 ՀՀ դրամից մինչեւ 1.058.750 ՀՀ դրամին համարժեք` 15.000-ից 125.000 ՌԴ ռուբլի, սպառնալով չհամաձայնելու եւ գումար չփոխանակելու դեպքում դրանք ոչնչացնել:
Համարանիշների սեփականատերերից մի մասը 50.000 ՀՀ դրամից մինչեւ 200.000 ՀՀ դրամ են փոխանցել էլեկտրոնային դրամապանակների հաշվեհամարներին, ինչից հետո կարճ հաղորդագրություններով տեղեկացել են, թե որտեղ է ավտոմեքենայի համարանիշները թաքցված: Կարեն Մկրտչյանը կալանավորված է:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԼԱՅՎ»-Ը
«Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: «Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության: Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին: Հայաստանում գոյություն չունի որեւէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ: Մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, մենք չենք ուզում ուրիշի ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը փոխարինել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե եւ ծառայեցնել ժողովրդի կարիքներին: Օգոստոսի 17-ին` ժամը 18:30-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը եւ խոսելու հետագա հաղթարշավի արդյունքների մասին»,- ասել է նա: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հնչել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսից հետո:

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ ԱԳՆ-ն այս պահին տեղեկություններ չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին: Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանի` գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է: Նա ընդգծել է, որ Հայաստանը ձգտում էր անջատել ներքին իրավական գործընթացները ՀԱՊԿ-ից եւ ապահովել կազմակերպության անխափան գործունեությունը: «Մնացած քայլերը կքննարկվեն կազմակերպության շրջանակներում տարբեր մակարդակներով, պայմանավորվածությունները կներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանն ու հաստատմանը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:

 

 

ԴԻ` ՋՐԱՆՑՔՈՒՄ
Երեկ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում` ջրանցքի մեջ, դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի դին: Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:




Լրահոս