ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՋՐԻՑ ՈՒ ՍՈՒՐՃԻՑ ԲԱՑԻ` ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզպետարաններին ներկայացուցչական ծախսերի համար տարեկան տրամադրվում է մոտ 300.000 դրամ: Դա նախատեսված է թե՛ երկրի ներսի, թե՛ օտարերկրյա հյուրերի համար հյուրասիրություն կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մի քանի մարզպետների հետ` փորձելով պարզել, թե որքանով է այդ գումարը բավականացնում իրենց` հյուրեր ընդունելիս, եւ ինչ ծախսեր են իրենք կատարում նման դեպքերում:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան
-Պարո՛ն Սարուխանյան, ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը բավականացնո՞ւմ է Ձեզ:
-Դա մոտավորապես 300.000 դրամ է կազմում: Բավականին քիչ գումար է: Չնայած նայած ճոխության, թե ով ինչպես է այդ ամենն անում: Օրինակ` ես սովորական ձեւով եմ ծախսում. ջուր եւ այլն: Դա է: Ինչ-որ ավել բաներ չեմ անում. ինչ-որ թույլ է տալիս պետությունը, դա է, առավել ոչինչ:
-Այդ գումարի շրջանակում ինչպիսի՞ն է լինում հյուրասիրությունը:
-Դա արդեն անձնական հարց է: Մարդիկ կան` կարող է շատ մեծ գումարների հյուրասիրություն են ուզում, մեկ ուրիշն էլ կարող է, ցանկանում է հսկայական ծավալների հյուրասիրություն կազմակերպել: Ես չեմ կարող կոնկրետ ասել: Ես իմ դեպքում չեմ նեղվում. պարզ ասեմ Ձեզ: Այն, ինչ որ թույլ է տալիս մեր պետությունը` ես դրանով բավարարվում եմ: Այդ գալացող հյուրը գոհ կլինի, թե դժգոհ, դա արդեն իրենց գործն է:
-Այսինքն` Դուք Ձեր հաշվին հյուրասիրություն չե՞ք անում:
-Եթե ես իմ հաշվին գումարի ավելցուկ ունենամ իմ աշխատավարձի մեջ, պետք եղած ժամանակ կանեմ: Բայց այս պահին չեմ կարծում, որովհետեւ այդ գումարը` աշխատավարձը, այդքան էլ շատ չէ: Ինչ-որ կարող ենք` այդ ենք անում, ավելին ոչինչ: Չկա ոչ մի ճոխություն: Մեզ բյուջե չունենք: Օրինակ` համայնքներում` համայնքապետ, քաղաքապետ, իրենք բյուջե ունեն եւ իրենց բյուջեից կարող են որոշակի գումար հատկացնել ներկայացուցչական եւ այլ ծախսերի համար: Մեզ պետությունն է հատկացնում, եւ բնական է` այդ գումարը քիչ է իրականում: Բայց, դե, էլի լավ է:
-Կցանկանայի՞ք, որ այդ գումարն ավելացվեր:
-Պատկերացրեք, որ այս պահին դա որպես առաջնային խնդիր չեմ տեսնում: Մենք այնքան հարցեր ունենք լուծելու, որ չեմ կարծում` դա առաջնային է:
-Երբ հյուր եք ունենում, միջինում որքա՞ն է արժենում Ձեզ համար ծախսը:
-Ես հյուրընկալել եմ Արգենտինայի դեսպանին, Ճապոնիայի դեսպանին եւ այլոց: Պարզ ասեմ. ոչ մի արարողակարգ չի եղել, ուղղակի գործնական, պաշտոնական հանդիպում է եղել: Այդտեղ մի քանի հատ ջուր է դրվել եւ վերջ: Ճաշկերույթ հո չեմ կազմակերպել:
-Այսինքն` մոտ հինգ հազա՞ր դրամի ծախս է դա եղել:
-Ավելի քիչ: Դա կախված է նրանից, թե ով իրեն ինչ կարող է թույլ տալ եւ ինչ է ուզում:
-Իսկ եղե՞լ է, որ ընթրիք մատուցվի մարզպետարանի հաշվին, կամ ջրից բացի` այլ ծախսեր կատարվեն:
-Ո՛չ: Ես երկու ամսից մի փոքր ավելի է, ինչ մարզպետի պաշտոնում եմ, եւ ոչ մի անգամ նման բան չի եղել, որ այդպես սեղան գցվի, հյուրասիրություն կատարվի:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան
-Պարո՛ն Պետրոսյան, մարզպետարանին ներկայացուցչական ծախսերի համար որքա՞ն գումար է տրամադրված:
-Մարզպետարանը ներկայացուցչական ծախսեր` որպես այդպիսին, հիմա չի անում:
-Իսկ եթե ունենում եք հյուրեր, ի՞նչ եք հյուրասիրում եւ ի՞նչ միջոցներով:
-Հյուրասիրություն չենք անում. միայն սուրճ եւ ջուր ենք հյուրասիրում, որը ես իմ անձնական միջոցներով եմ գնում: Մարզպետարանը ներկայացուցչական ծախսերի համար ունի որոշակի բյուջե, բայց ես, իմ նշանակումից ի վեր, այդ բյուջեից չեմ օգտվում:
-Ի՞նչն է պատճառը:
-Պատճառն ուղղակի խնայողություններ անելն է, քանի որ միգուցե տարեվերջին այլ ծախսերի, սոցիալական կամ այլ ոլորտների համար գումար տրամադրելու անհրաժեշտություն լինի: Այսինքն` մենք ներկայացուցչական ծախսերի փոխարեն այլ ծախսեր կկատարենք: Բայց այդ գումարի մի մասն արդեն սպառված էր` մինչեւ իմ նշանակումը, բայց մյուս մասին մենք դեռ ձեռք չենք տվել:
-Հյուրերի համար սեղանին ի՞նչ է դրվում:
-Այս շոգին սառը ջուր է դրվում եւ սուրճ: Դա առավելագույնն է, որ իմ միջոցներով ես գնում եմ:
-Իսկ Ձեզ համար որքանո՞վ է շահեկան, որ Դուք Ձեր գրպանից եք գումար ծախսում:
-Դա չնչին ծախս է: Մենք այդքան ժամանակ չունենք, որ հյուրերի հետ սեղանի շուրջ երկար քննարկումներ անենք:
-Դա չի՞ ազդում Ձեր ընտանեկան բյուջեի վրա:
-Շատ չնչին է անդրադառնում:
-Իսկ դա Ձեր աշխատավարձի՞, թե՞ բիզնեսի հաշվին է:
-Ոչ, ես բիզնես չունեմ: Իմ աշխատավարձի հաշվին է, ինքս աշխատավարձով եմ ապրում:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյան
-Պարո՛ն Համբարձումյան, մարզպետարանին ներկայացուցչական ծախսերի համար մոտավորապես 300.000 դրամ է տրամադրված, այդպե՞ս է:
-Այո՛, մոտ 280.000 դրամ է: Եռամսյակի համար դա կազմում է 70.000 դրամ:
-Երբ ունենում եք հյուրեր, հյուրասիրությունն ի՞նչ է ներառում:
-Հյուրերը որ գալիս են, արդեն գործուղման համար գումար ստացած են գալիս: Դե, իհարկե, սուրճ եթե խմում են, դա ենք տալիս, կամ եթե ջուր են ուզում, ջուր ենք տալիս: Եթե ոչ, ոչ մի բան:
-Այսինքն` ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարի՞ց եք ծախսում, ոչ թե Ձեր գրպանից:
-Եղել է ժամանակ, որ ես իմ գրպանից դրել եմ ինձ մոտ ջուր, եւ դա էլ դրել ենք սեղանին: Ես ինքս իմ ջուրը գնում եմ իմ գումարով եւ դնում ինձ մոտ, որովհետեւ այդ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարին ուշադրություն չեմ էլ դարձնում, որովհետեւ օրենքով սահմանված է դա աշխատակազմի համար: Ես իմ ջուրը գնում, տանում եմ աշխատավայր:
-Իսկ հյուրերի համար խորոված կամ այլ ուտեստներ չե՞ք գնում:
-Իմ մասով չի եղել, եւ կարող եմ ասել, որ չի էլ լինի այդպես` խորոված եւ այլն: Դա ինձ համար անընդունելի է: Եվ 70.000 դրամով ինչպես կարող ենք մարդկանց տանել, խորոված հյուրասիրել, ինչպես դա կհերիքի: Անկեղծ ասած` ես այսքան ժամանակ դեռ ոչ ոքի չեմ տարել, հյուրասիրել` կլինի իմ գրպանից, կլինի ներկայացուցչական ծախս: Եղել է պաշտոնական հանդիպում, ընդունել եմ ինձ մոտ, քննարկում է եղել եւ վերջացել: Ո՛չ իմ գրպանից, ո՛չ պետության փողերից չեմ ծախսել:
-Վարչապե՞տն է հորդորել` ճոխ ծախսեր չկատարել, թե՞ Դուք ինքներդ եք որոշել այդպես աշխատել:
-Իմ մասով ոչ մի ցուցում չի եղել: Ես աշխատում եմ օրենքի տառին համահունչ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
Սնանկության գործերով դատարանի շուրջ աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են նոր թափով: Ինչպես հայտնի է` նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին, եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դուրս մնացած դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերացնել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումը: Հատկանշական է փաստը, որ ԲԴԽ-ի, այդպես՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ դուրս են եկել դատական համակարգի հնաբնակ երկու դատավորները: Սուքոյանը դատական համակարգում աշխատում է դեռ 1999 թվականից, իսկ Պետրոսյանը՝ 2002 թվականից:
Սնանկության գործերով դատարանի շուրջ աղմկահարույց պատմություններին «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու: Մենք տեղեկացրել էինք, որ ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուների անունները համակարգում խիստ դժգոհությունների պատճառ են դարձել: Դատական համակարգում դժգոհել են, որ սնանկության գործերով դատավորներ են ընտրվել այնպիսի անձինք, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ ահա պրոֆեսիոնալներն հայտնվել են խաղից դուրս իրավիճակում: Մասնավորապես տեսակետ է հնչել, որ սնանկության գործերով դատավոր չեն ընտրվել հնաբնակներից Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք, որոնք այս հարցում փորձ ունեն: Ի դեպ, նրանցից Կարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ ԲԴԽ որոշումները կբողոքարկի: «Ես փաստաբան ունեմ, որը դիմելու է Բարձրագույն դատական խորհուրդ եւ ստանալու է այդ կապակցությամբ նրանց կողմից կայացված հնարավոր որոշումը, ես չգիտեմ` այդ որոշումը կա, թե չկա, որից հետո կհասկանամ` այդ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո իմ քայլերը կհասկանամ»,- ասել էր նա:
Ու հիմա, փաստորեն, երկու դատավորները միավորվել ու ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել:
Մինչ այդ մեկ հիշեցում եւս. դատավորներից Կարինե Պետրոսյանը նախկինում առիթ ունեցել է քննելու աղմկահարույց քաղաքական գործեր` իհարկե, որոշում կայացնելով հօգուտ իշխանությունների՝ Բաղրամյան 26-ի թելադրանքով:

Ա. Գ.

 

 

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հայաստանում հնարավոր է աջ ղեկով մեքենաների ներկրման թույլատրությունը երկարաձգվի: Հիմա քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցը: Հնարավոր է նաեւ թույլատրվի ներկրել աջ ղեկով մեքենա, բայց ղեկի տեղը հետագայում փոխելու պայմանով:

Աջ ղեկով մեքենաների ներկրման ու հետագա շահագործման մասին այս խոսակցությունները մեծ ոգեւորություն են առաջացրել վարորդների մոտ: Թե այս հարցում ինչ որոշում կկայացնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, պարզ կդառնա աշնան ամիսներին: Անգամ այս հարցով վերջերս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասնագետների հետ հանդիպել է Հայաստանում «Autocom Japan» ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը: Նրանք նախարարության ներկայացուցիչներից պահանջել են թույլ տալ ներկրումը ղեկը հետագայում փոխելու պայմանով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում նախարարությունում քննարկում են` թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել, թե թույլ տալ ներկրել` այն հետագայում փոխելու պայմանով: Իսկ մինչ այդ այս ընթացքում հայաստանցի վարորդներն իրենց աջ ղեկով ավտոմեքենաների ղեկը փոխում են Վրաստանում, քանի որ այնտեղ այդ ծառայությունը մատչելի է: Բայց պարզվում է` վրացի մասնագետները, առիթից օգտվելով, զգալի բարձրացրել են ղեկը տեղափոխելու աշխատանքի գները:
Տեղեկացնենք նաեւ, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն` մինչեւ 2020 թվականը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում արգելվելու է աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների ներկրումը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբեր արգելել է աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս