Անցումային արդարադատության հետքերով. որ դեպքերում է կիրառվում և ինչ կտա այն Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 17-ին հնչեցրած մտքերը շարունակում են ակտիվ քննարկվել: Խոսքն անցումային արդարադատության մասին է, որի դրական եւ բացասական կողմերի մասին քննարկումները չեն դադարում:

«Ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել», – հանրահավաքի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի ամբողջապես ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը, եւ որ դեպքերում է այն կիրառվում: Նախ նշենք, որ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական, ֆորմալ եւ ոչ ֆորմալ, պատժողական եւ վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու եւ խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով: Առհասարակ անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների եւ կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ եւ պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են եւ մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դեմ:

Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել՝ կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը այն է, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները եւ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն` դրանց հետագա կրկնությունը բացառելու համար:

Պատահական չէ, որ օրերս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն էր տարածել եւ անդրադառնալով անցումային արդարադատության անհրաժեշտությանը` որպես օրինակ մատնանշել. «Հայաստանն առաջին երկիրը չէ, որը, բռնապետությունից անցնելով ժողովրդավարության, բախվում է մարդու իրավունքների համատարած խախտումների եւ հալածանքների հետեւանքով առաջացած խնդիրները լուծելու եւ արդարությունը վերականգնելու հրամայականին: Հունաստանում 1975-ից հետո, Արգենտինայում` 1983թ., Հարավային Աֆրիկայում` 1995թ., Չիլիում` 1990-ին, անցկացվել են նման գործընթացներ, որոնք միջազգային պրակտիկայում հայտնի են անցումային արդարադատություն անվամբ: Այդ երկրներում, մասնավորապես, խնդիրը լուծելու նպատակով ստեղծվել են, այսպես կոչված, ճշմարտության եւ հաշտության պետական հանձնաժողովներ»:

Մյուս կողմից, իհարկե, անցումային արդարադատությունը միշտ չէ, որ ապահովում է բոլոր խնդիրների լուծումը հետբախումային իրավիճակներում, եւ այն կարող է մի շարք խոչընդոտների բախվել՝ կապված երկրի ներքին կամ միջազգային իրավիճակի հետ:

Եվ այս առումով կարծիքները տարբեր են, կան նաեւ մարդիկ, ովքեր դեռեւս չեն շտապում արտահայտել իրենց կարծիքը: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե ինքն այս պահին զերծ կմնա որեւէ կարծիք հայտնելուց եւ այն կներկայացնի միայն Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքից հետո: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արդեն անդրադարձել է անցումային արդարադատության գաղափարին, սակայն խոստացել է այդ մասին հետագայում ավելի ծավալուն խոսել: Եվ ահա Դավիթ Հարությունյանը սպասում է հենց նրա այդ ծավալուն խոսքին:

Արման Թաթոյանն իր խոսքում եւս ընդգծել է, որ անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձեւավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետեւանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործառում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված: Ընդ որում, նա նշել է, թե իրեն հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւս այն կարծիքն է արտահայտել, որ անցումային արդարադատությունը ժամանակավոր ու ստիպված միջոց է, որը կիրառվում է այն երկրներում ու հասարակություններում, որտեղ զինված բախումների եւ ուժային այլ ակցիաների հետեւանքով քաոս է տիրում, ու դրա հետեւանքով պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։ Եվ նա կարծիք է արտահայտել, թե Հայաստանում հիմա այսպիսի իրավիճակ չկա:

Իսկ ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ կարծում է, թե անցումային արդարադատության ստեղծումը Հայաստանում չի խախտելու ՀՀ Սահմանադրության որեւէ կետ: Նրա խոսքով, դա լինելու է օրինական եւ կոչված է լինելու մարդու իրավունքերը վերականգնելուն:
Ինչեւէ, այս կարեւոր հարցի շուրջ մասնագետների տարակարծությունն, իհարկե, սպասելի է: Պետք է հասկանալ, թե որքանով է անցումային արդարադատությունն այս շրջանում համապատասխանում Հայաստանոմ ստեղծված իրավիճակին: Ի վերջո, մեզ մոտ եղել է թավշյա հեղափոխություն, այլ ոչ թե զինված հեղաշրջում: Հենց այս հանգամանքն էլ մասնագետների վեճի առարկան է դարձել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս