Խոշորացված համայնքապետարանը` 2 սենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Այրումի համայնքապետարանը տեղակայված է տեղի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում: Նույն հարկում է գործում նաեւ քաղաքի երաժշտական դպրոցը, իսկ շենքի երրորդ հարկում մանկապարտեզի մի խումբն է գործում:

Տավուշի մարզխորհրդի 2017թ. հուլիսի 27-ի նիստում նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Ա. Պարանյանին առաջարկեց համապատասխան մասնագետներ ուղարկել Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող կիսակառույց շենք, որպեսզի տանիքը կառուցելու համար կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Կիսակառույցը շահագործման հանձնելուց հետո Այրումի համայնքապետարանի աշխատակազմը պետք է տեղափոխվի այդ շենքի առաջին հարկ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո պետք է գտնվեին կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնելու համար ֆինանսական ներդնողներ:

Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ կիսակառույցի մի մասնաշենքի տանիքի կառուցման, այդ մասնաշենքը գործարկելու համար ֆինանսական ներդնողներ են գտնվել, այդ մասնաշենքում պետք է գործեին Այրումի երաժշտական դպրոցը եւ համայնքապետարանը, սակայն նրանց պահանջներից մեկը այն է, որ երաժշտական դպրոցի համար պետք է լինի 100 քառակուսի մետր մակերեսով դահլիճ, ինչն այդ շենքում հնարավոր չէ ապահովել: Այդ պատճառով ներդրողները հրաժարվել են գումարներ ներդնելուց: Այրում համայնքի ղեկավարն անկնալում է, որ կառավարությունն այդ հարցում կաջակցի Այրումի համայնքապետարանին: Ա. Պարանյանն ասաց, որ համայնքապետարանում առկա է սոցիալական աշխատողի հաստիք, սակայն աշխատողի համար տարածք չունենալու պատճառով աշխատողին չեն ընդունում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս