Ուսումնական նոր տարվան ընդառաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն օգոստոսի 23-ին անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով ուսումնական նոր տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում անցկացվող աշխատանքների ակտիվացման կարևորությունը՝ վարչության պետը հանձնարարեց աշակերտերի շրջանում անցկացնել սառը զենքի՝ կռփազենքի, դանակ-դաշույնի կամ մահակի վտանգավորության մասին զրույցներ, և քանի որ շատ անչափահասներ տեղյակ չեն դրանք կրելու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ՝ զգուշացնել նաև այդ մասին:
Կարևորվեց նաև ոստիկանության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող անչափահասների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքի ակտիվացումը, հանձնարարվեց հոգեբանական ու դաստիարակչական ամեն միջոց ձեռնարկել, որ նրանք զերծ մնան հանցարարքներից ու իրավախախտումներից:
Նելլի Դուրյանը ներկայացրեց ընտանիքում բռնության դեպքերի և ոստիկանությունում հաշվառված անձանց վիճակագրությունը, հանձնարարեց այս ոլորտի գործառույթներն իրականացնելիս մշտապես մնալ օրենքի և իրավական ակտերի պահանջների շրջանակում:
Անդրադարձ եղավ նաև համազգեստի կրման, կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչության պետը հորդորեց ծառայողներին՝ պարտականություններն իրականացնելիս առաջնորդվել «Կանխարգելել և օգնել» կարգախոսով: