Ինչպես հայտնի է` Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու, մնացած երկու ուժերը` «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ` միասին: Ինչն է պատճառը, որ այս անգամ էլ դաշինքի ուժերը կոնսենսուսի չհասան, այս եւ այլ հարցերի շուրջ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունները միասին չեն մասնակցում ավագանու ընտրություններին: Ինչո՞ւ կոնսենսուս չեղավ:
-«Ելք» դաշինքի 3 կուսակցությունների լիդերները` թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը, այդ առումով տեսակետ ասել են: Եվ ես ամբողջությամբ կիսում եմ իրենց տեսակետը, որ «Ելք» դաշինքն այսօր ԱԺ-ում ամբողջությամբ կա, գործում է եւ գործող կառավարության հիմնական քաղաքական հենարաններից մեկն է: ՔՊ-ն այսօրվա դրությամբ ամենամարդաշատ կուսակցություններից է, քանի որ հեղափոխությունն ամբողջությամբ ՔՊ-ի ջանքերով էր եւ նրա լիդերի` Նիկոլ Փաշինյանի: Այնքան մարդ, որքան մեր կուսակցությունում անդամագրված կա, այդքան մարդ մի օրվա մեջ փորձում է անդամագրվել ՔՊ-ին: Եվ շատ օրինաչափ եմ նայում, որ Քաղաքացիական պայմանագրի մեր գործընկերները որոշել են այս ընտրություններում սեփական ուժերը փորձել, տեսնել իրենց հնարավորությունները: Որեւէ վատ բան չեմ տեսնում:
Թե՛ ես, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը համարում ենք, որ մենք քաղաքական առումով բնական դաշնակիցներ ենք: Միասին ենք գնում ընտրություններին, թե առանձին, միեւնույն է` մենք դաշնակիցներ ենք եւ անկախ ընտրության արդյունքից` իրար փոխլրացնելու եւ աջակցելու ենք: Սա վստահաբար: Իսկ առանձին կգնանք, թե միասին, այստեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում:
-Այսինքն` առանձին մասնակցելը Ն. Փաշինյանի՞ եւ ՔՊ-ի՞ որոշումն է եղել, իսկ Ձեր կուսակցությունը եւ ԼՀԿ-ն ցանկություն ունեցել են դաշինքով մասնակցելու:
-Այդքան էլ էական չեմ համարում, թե խնդիրների` այս կոնտեքստում զարգանալը որտեղից սկսվեց առաջինը: Եթե պատմական ակնարկ անենք` պիտի ասենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՔՊ-ն որոշեց «Իմ քայլը» գործընթացը սկսել Գյումրիից, որին «Հանրապետություն» եւ ԼՀ կուսակցությունները չմասնակցեցին, որովհետեւ ունեինք այդ խնդրով տարբեր մոտեցումներ: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ որեւէ մեկը չէր հաշվարկում, որ կարող էր նման բան լինել, այդ թվում` միջազգային հաշվարկողները:
Այնպես որ, այս առումով մենք այնքան էլ օրիգինալ չէինք: Բայց փառք ու պատիվ ՔՊ մեր գործընկերներին, Ն. Փաշինյանին, որ հավատացին, գնացին, բերեցին այս փոփոխությունները: Մեզ միավորողն ավելի շատ է, քան տակտիկական տարբերությունները: Եթե հանրությունը պիտի մտածի, որ մենք ներքին պայմանավորվածություն ունենք իր թիկունքում, որ ես կամ Է. Մարուքյանը Ն. Փաշինյանի հետ նստել, զրուցել ենք եւ որոշել տակտիկական այսպիսի քայլ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններին միասին գնանք, ու դա լուրջ ազդակ լինի, վստահաբար ասում եմ, որ ո՛չ Ն. Փաշինյանը, ո՛չ Է. Մարուքյանը, ո՛չ ես մեր ժողովրդի թիկունքում երբեք ոչինչ չենք արել: Ես իմ անունից խոստանում եմ, որ երբեք ոչինչ չեմ անի:
-Իսկ գուցե՞ պատճառը հենց այն էր, որ ժամանակին չմիացաք իրենց պայքարին:
-Միգուցե նաեւ դա էր: Այստեղ խնդիր չեմ տեսնում: Դա էլ շատ բնական եմ համարում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերներն ասեն` մենք ինքներս ենք արել սա, 90 տոկոսը մեր ջանքերի շնորհիվ է եղել, հետեւաբար` մենք էլ պիտի լինենք: Իսկ այստեղ ինչ կա տրամաբանությունից դուրս: Բայց այնպես չի, որ «Քաղպայմանագրի» մեր գործընկերները մեզ նայում են որպես հակառակորդներ կամ թշնամիներ: Սա էլ միանշանակ է: Եվ քաղաքականությունը նաեւ քաղաքական հաշվարկի մեջ է: Եթե նախկինում ՔՊ-ն, «Հանրապետությունը» եւ ԼՀ-ն համարում էին, որ մեր եղած ուժերը բավարար չեն, եւ մենք պիտի միավորվենք, որ ուժերը դառնան բավարար, այսօր դրա իմաստը չկա, որովհետեւ ՔՊ-ն արդեն շատ մեծ կուսակցություն է եւ կարող է համարել, որ իր ուժերը բավարար են:
-Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ո՞րն է եղել այս հարցում:
-Նիկոլ Փաշինյանն ասաց, եւ ես իր հետ համաձայն եմ նրանում, որ փաստը հետեւյալն է. «Ելք» դաշինքը գոյություն ունի խորհրդարանում, ուղղակի ՔՊ-ն որոշել է այս ընտրություններում այլ ձեւաչափով մասնակցել: Իր գործընկեր երկու կուսակցություններն էլ մասնակցում են միասնական` այլ ձեւաչափով: Այսինքն` այստեղ իրարից թաքուն որեւէ բան չկա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան