«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Մինասյանը 2018 թ. օգոստոսի 22-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել, որ դատարանը ստիպի ՀՀ ոստիկանությանն անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում: Ի դեպ, տեղեկացանք, որ Գագիկ Մինասյանը 2014 թ. հունիսի 5-ից զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն 2015 թ. մայիսի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Ուսումնասիրելով վերջինիս կենսագրությունը` նկատում ենք, որ նա բավականին լուրջ պաշտոններ է զբաղեցրել, մասնավորապես 2000-2001թթ. եղել է ՀՀ ՆԳՆ շտաբի պետի տեղակալ-կազմվերլուծական վարչության պետ, 2001-2002թթ. եղել է ՀՀ ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ, 2003-2014թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետ:
Միայն թե, հետաքրքիր է փաստը, որ Մինասյանն ահա իր ազատումից երեք տարի անց է բացահայտել, որ ապօրինի է ազատվել պաշտոնից եւ հիմա է որոշել դիմել դատարան` վերականգնելու իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Գեւորգ Մինասյանը հայտնեց, որ դեռեւս երեք տարի առաջ նրան հայտնել են, որ քեզ աշխատանքից հեռացնում ենք, քանի որ քո զբաղեցրած պաշտոնի հաստիքը կրճատվում է, եւ նա չստուգելով այդ հանգամանքը` ազատվում է, սակայն ավելի ուշ համապատասխան մարմիններ հարցում է ուղարկել, ինչի արդյունքում պարզել է, որ այդ հաստիքները երբեւէ չեն էլ կրճատվել, եւ հիմա նա դիմելով դատարան` պահանջում է վերականգնել իր իրավունքները: