Դեռեւս 2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26, սակայն իր պաշտոնավարման օրոք նման բաներ չեն լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններրի համաձայն` բացի Բաղրամյան 26-ին ճամպրուկներով գումար տալուց` գործարարներին ստիպել են մարզային ուժային կառույցներին եւս գումար տալ:
Բաղրամյան 26-ի ճամպրուկները
Վերոնշյալ օրը վարչապետ Փաշինյանը նշել էր, որ հանդիպում է ունեցել գործարարների հետ եւ ասել, որ նրանք այսուհետ ազատված են կոռուպցիոն գործարքներից: Նա նշեց, որ հարցրել է գործարարներին` նախկինում ճամպրուկով փողեր բերե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են` այո. «Շատերը ասում են` գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել` ես չգիտեմ` դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել»:
Մարզերում այլ վիճակ է եղել
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախորդ իշխանությունները պարտադրել են, որ պաշտոնատար անձինք մարզային ուժային կառույցներին գումար տրամադրեն` պատճառաբանելով, թե այս ճանապարհով կապահովագրեն իրենց մարզային իրավապահների կողմից հնարավոր հետապնդումներից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մի շարք գործարարներ, պաշտոնատար անձինք, այլ ելք չունենալով, կատարել են իշխանության պահանջը եւ ամեն ամիս կոնկրետ կլորիկ գումար են տրամադրել ուժային կառույցներին: Մեզ հասած լուրերի համաձայն` այդ գումարները հենց այնպես չեն ծախսվել, այլ գործարարների պաշտոնյաների տրամադրված գումարներով համակարգի աշխատողներին պարգեւավճարներն են տրվել:
Միայն թե այդ ուշագրավ գործարքն այսքանով չի ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարիներ շարունակ պաշտոնյաները, գործարարները մարզային ուժային կառույցների հետ նաեւ ընկերական կապեր են ստեղծել, արդյունքում՝ ներքին կարգով պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրավապահները պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին:
Մեզ հասած լուրերի համաձայն` եղել են դեպքեր, որ ինֆորմացիան պահել են իրենց մոտ ինչ-ինչ հանգամանքներում իրենց հակառակորդների դեմ օգտագործելու համար, կամ էլ եղել են դեպքեր, որ ինֆորմացիան հրապարակել են` իրենց հակառակորդներին գցելով ծուղակը:
Գյումրիի քաղաքապետը գործընթացի մասնակի՞ց
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է:
Դեռեւս 2014 թվականի հունվարի 21-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հերթական «դեբոշն» է սարքել Սամվել Բալասանյանի տան մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա, հարբած վիճակում, ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու կրակել: Բալասանյանն այդ ժամանակ տանը չի եղել:
Ոստիկանությունում սկսել էին ուսումասիրել դեպքը, եւ հանկարծ զարմանալի կերպով համացանցում հայտնվեց «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը» վերտառությամբ տեսանյութ: Տեսակետ կա, որ ուժային կառույցներն են այն տրամադրել Գյումրիի քաղաքապետին, եւ նա էլ դա հրապարակել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից, ի պատասխան` Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը հայտնեց. «Չկա նման բան, տեղեկատվությունը աբսուրդի հասնող տեղեկատվություն է»:
Հուսանք, հայրենի իրավապահ համակարգի նոր ներկայացուցիչները կքննեն իրավիճակը՝ բացառելու համար գործարարների ազդեցությունը ուժայինների վրա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ