Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մի մասը, ովքեր ՀՀԿ անդամ են, դիմումներ են գրել կուսակցությունից հեռանալու մասին: Նման դիմում տվել է նաեւ խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ով այդ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի որոշ համայնքապետեր համացանցում տեղադրված իրենց ինքնակենսագրականներից հեռացրել են իրենց կուսակցական պատկանելության մասին գրառումը:
Համայնքապետերը դրանով իրենց ապահովագրել են, որպեսզի քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում իրենք կարողանան արդարանալ: Տավուշի մարզի համայնքների ՀՀԿ-ական ղեկավարներից մի քանիսից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ով է այժմ ղեկավարում ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպությունը: Շատերը չգիտեին, ոմանք էլ ասացին, որ այդ կառույցը շարունակում է ղեկավարել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հունիսի 1-ին տեղի ունեցած իր պաշտոնանկությունից հետո վերջին ժամանակաշրջանում հանրությանը չի երեւում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ