Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. որ մարզերում է ստվերային գյուղատնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ զարմացած հայտարարեց՝ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն կա, այլեւ ստվերային գյուղատնտեսություն: Այսինքն` ՀՀ մի շարք մարզերում եղել են բանջարաբոստանային տարածքներ կամ արոտավայրեր, որոնց հետո վերածել են այգիների, բայց համապատասխան փաստաթղթային փոփոխություններ չեն արել:

«Պարզվում է` կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան: Երբ վերցնում ենք ինչ-որ տարածքներ, նայում ենք, որ էսքան այգի կա, էսքան ջուր է անհրաժեշտ: Բայց գալիս է պահանջարկը` էդքան գումարած X քանակ: Ասում ենք` բացատրեք, թե ինչի է այդ տարածքի համար այդքան գումար պետք, չկա բացատրություն: Ասում են` վայ, եթե ջուրը չլինի, աղետ կլինի: Հետո` խորհրդակցություններից հետո գալիս, ասում են` գիտեք, էնտեղ այգիներ կան, գրանցված չեն»,- ասաց Փաշինյանը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյոք նման դեպք արձանագրվել է իր ղեկավարած մարզում: «Մեր մարզում անօրինական գործունեության եթե փաստեր ի հայտ գան, մենք այդ մասին կիրազեկենք իրավապահ մարմիններին: Առնվազն այս պահի դրությամբ կա հողերի կատեգորիայի ընդհանուր հաշվառման տարբերություն. պարզապես գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք հաշվառված են որպես գյուղատնտեսական կամ արոտավայրերի կատեգորիայի հողեր, բայց իրականում այդտեղ արդեն այգիներ են տնկված եւ մասնավոր անձինք այգեգործական գործունեություն են անում: Սա ավելի շատ սխալ վարչարարության, հողային քաղաքականության ոչ հետեւողականության արդյունք է: Այսինքն` չեմ կարծում, որ տնտեսվարողների կողմից կանխամտածված թաքցնելու կամ թաքուն գործունեություն ծավալելու դրվագ լինի մեր մարզում»,- պարզաբանեց Կոտայքի մարզպետը:

Իսկ ահա Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս խնդրով մարզպետարանը Եղեգնուտ գյուղում է իրականացրել վարույթ: «Մասնավորապես համայնքի արտադրական տարածքներից մեկում, այսինքն` նախկին ֆերմայի տարածքում, հիմնվել է խաղողի այգի մոտ 1000 քմ տարածքով համայնքապետի եղբոր կողմից: Բացի այս, նույն անձի կողմից համայնքի վարչական տարածքում գտնվում է 1.2 հա տարածք, որը ձեւակերպված է այլ նշանակության, բայց մեկ այլ տարածք է հանդիսանում: Փաստաթղթով հաստատված նշանակությունները չեն համապատասխանում, բայց օգտագործվում են այլ նշանակությամբ»,- նկատեց Արմավիրի մարզպետը: Ի դեպ, մարզպետարանը արձանագրած խախտումներն ուղարկել է պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս