ՖՈՏՈ. Բրդյա գործվածքներ և շղթաներով ջինսեր. աշնանային նորաձևության վերջին միտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով աշուն է, ու ժամանակն է պահարանները լցնել այդ սեզոնին հարմար զգեստներով եւ աքսեսուարներով: Այդ հարցում մեզ կարող են օգնել ոճաբանի խորհուրդները: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս տարվա աշնանային նորաձեւությունն ի՞նչ է թելադրում, ի՞նչ հիմնական միտումներ եք նկատում: Նախորդ տարվա հետ համեմատած՝ ի՞նչ է ավելացել եւ ի՞նչ՝ պակասել:

-Սովորաբար աշուն-ձմեռ հավաքածուները ներառում են ամառային թրենդներից որոշ տարրեր: Այս տարի եւս բացառություն չէ. հավաքածուներում նկատվում է գարուն-ամառ սեզոնի թրենդներից, սակայն թե՛ ձեւվածքի, թե՛ գործվածքի առումով ակցենտավորված է տաք շունչը: Իհարկե, նախորդ տարի աշնանային հավաքածուներում գույներն ավելի տաք էին, իսկ այս տարի դրանք համեմատաբար մեղմ են եւ աչքի չընկնող:

-Այս աշնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունները նորաձեւ կլինեն:

-Գույների առումով այս սեզոնը շատ հարուստ չէ: Առավել նորաձեւ են կանաչի, մուգ կարմիրի, կապույտի երանգները, որոնք համահունչ են աշնանային տրամադրությանը եւ նույնիսկ աստիճանաբար տրամադրում են ձմռանը:

-Ի՞նչ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր կտորներն են ակտուալ լինելու այս աշնանը:

-Ինչպես նախորդ տարի, նորաձեւ են բրդյա գործվածքները, որոնց գալիս են լրացնելու նուրբ, երբեմն ասեղնագործ գործվածքները: Բավական ակտուալ են պիջակները, անձրեւապաշտպան զգեստները՝ կարված ջրից չթրջվող արհեստական հումքից:

-Ի՞նչ ոճի տաբատներ, կիսատաբատներ, շրջազգեստներ եւ զգեստներ, վերնաշապիկներ ու բլուզներ խորհուրդ կտաք կրել:

-Այս աշնանը մեծ տարածում ունեն նուրբ բլուզները, որոնց վրայից կրում են պիջակներ, կարճ ֆիգարոներ: Նորաձեւ են երկար կիսաշրջազգեստները, որոնց մի մասը ծնկներից սկսած՝ դառնում են թափանցիկ: Ի զարմանս ինձ մոդայիկ են նաեւ շղթաներով զարդարված ջինսերը, որոնք ակտուալ էին 1996-ին, չնայած մինչեւ վերջերս ամերիկահայերը կրում էին դրանք: Դասական տաբատներից աչքի են ընկնում նեղ մոդելները, որոնք կողքի հատվածից ունեն տարբերվող գույնի գիծ: Վերնաշապիկներից նորաձեւ են լայն թեւերով եւ լայն օձիքով մոդելները:

-Իսկ ինչպիսի՞ կոշիկներ կրել այս աշնանը, ո՞ր մոդելներն են խրախուսվում ոճաբանների կողմից:

-Մոդայիկ են երկարաճիթ կոշիկների գրեթե բոլոր մոդելները: Շատ մեծ մասսայականություն են վայելում սրածայր կոշիկները, որոնք ակտուալ էին նաեւ ամռանը: Նորաձեւ են bootford-ները՝ կտորի, փայլուն քարերի համադրությամբ:

-Գլխարկների, պայուսակների, ակնոցների եւ մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում այս աշունը:

-Գլխարկների առումով շատ նորություններ չկան, քանի որ բավական ակտուալ են հյուսքերը: Նորաձեւության բոլոր տները խորհուրդ են տալիս օգատգործել հյուսքեր, ընդ որում՝ մեծ ծավալի: Աչքի են ընկնում տարբեր ֆորմաների պայուսակներ, այդ թվում՝ բրդից կարված: Ակնոցների շրջանում եւս շատ նորություններ չկան, հիմնականում կրկնվում են ամառային մուգ ապակիներով մոդելները:

-Մի փոքր էլ զարդերից խոսենք: Կա՞ն նորույթներ:

-Հաճելի է, որ աշնանային հավաքածուներում զարդերն ակնհայտորեն ակցենտավորված են: Նորաձեւ են մեծ ապակիներով, բրդյա թելերով,տարբեր գույնի մետաղներից պատրաստված վզնոցները, ականջին կիպ կպած օղերը, լայն, կախված ականջօղերը: Ինչ վերաբերում է մատանիներին, ապա մոդայիկ է մեկ մատին կրել երկու կամ երեք մատանի, որոնք միմյանց հետ կապվում են շղթաներով եւ թելերով:

-Եվ վերջում, աշնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս:

-Նախ այդ սեզոնին բոլորը պետք է հետեւեն իրենց մաշկի փափկությանը, պետք է օգտագործեն խնամքի ճիշտ պարագաներ, կարող են կրել անձրեւանոց, որը կհաղորդի յուրահատուկ տեսք: Ցանկալի է կրել նաեւ շարֆեր: Իսկ ամենակարեւորը՝ անցումային այս սեզոնին, որքան էլ հետեւելու լինենք նորաձեւության միտումներին, հարկավոր է տաք հագնվել՝ առողջությունը պահպանելու համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս