Թե ինչպես է Արթուր Հարությունյանը` Պալաչը, բիզնեսի գումարները վատնել խաղատներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը` Պալաչը, հաղորդում է ներկայացրել ոստիկանության ԿՀԴՊԳՎ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությունը, 2012-2016թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղեւորափոխադրումներ, որի հետեւանքով «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները 2015թ. ճանաչվել են սնանկ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մուլտի կոնցեռն» ընկերության ներայացուցիչ, փաստաբան Դավիթ Մանթաշյանը նշեց, որ այն պատճառաբանությունները, թե նշված ընկերությունների սնանկացման պատճառը բարեգործական երթուղիներն են եղել, չեն համապատասխանում իրականությանը եւ զուրկ են որեւէ հիմքից: Հակառակը, նա նշեց, թե իրենց բանկերի կողմից առաջարկ է եղել ընկերության ակտիվները գնելու: «Առաջարկը եղել է բանկերի կողմից կոնցեռնի տնօրենին եւ առաջարկել են արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ, եւ առաջարկն այն էր, որ ձեռք բերենք սնանկության մեջ գտնվող «Կինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ընկերության ակտիվները», – նշեց նա:

Մեզ հետ զրույցում «Կինգ Դելյուքս» ընկերության նախկին տնօրեն Արթուր Դալաքյանը ներկայացրեց ընկերությունների սնանկացման իրական պատճառները` ասելով, թե դրա մասին գիտեն բոլորը` սխալ կառավարում, վատ մենեջմենթ, եւ որ ամենակարեւորն է` մուտքագրվող ֆինանսական միջոցների եւ եկամուտների անձնական նպատակներով օգտագործում: Նա հավաստում է, որ սնանկացման մեղավորն Արթուր Հարությունյանն է` Պալաչը:

«Արդյունքներն ի սկզբանե նորմալ են եղել, հետո ամեն ինչ կանգնեցվեց, այդ մարդու հետ անհնարին էր աշխատել: Եթե մենք ունենք ֆինանսական պարտավորություններ, պետք է ճիշտ կատարես, բայց տվյալ դեպքում հիմնադիրի որոշումով չէր կատարվում: Մուտքերը նա ծառայեցնում էր իր կարիքների համար: Եթե փողը վերցնում է խաղատան կամ արտասահման մեկնելու համար, բնական է, որ տեղի չի ունենա», – նշեց նա: Իհարկե սա առաջին անգամը չէ, որ Պալաչը իչ-որ հարցերում մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, սակայն հետո փոշմանում: Տարիներ առաջ նա իր խոսքերի պատճառով անգամ ներողություն էր խնդրել Գագիկ Ծառուկյանից:

Հ.Գ. Տարիներ առաջ նույն Պալաչն իր քավոր Գագիկ Ծառուկյանի հովանավորությունից ոգևորված ազատամարտիկներից բիզնեսներ էր խլում, հիմա Ծառուկյանից է բողոքում: Թերևս ինքնաճանաչման հետ գործ ունենք:




Լրահոս