ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը: Եւ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում: Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու եւ կալանավորվելու հերթը հասնելու է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաեւ Սարգսյանը: Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեեւ նրանք առերեւույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին: Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը:
Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով եւ արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երեւույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաեւ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ:

 

 

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 20 մլն դրամ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Ֆարմանյանին հարցրել է՝ տեղյակ եղել է քրոջն առնչվող չարաշահումներից, ցնցող պատասխան է ստացել. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: Իրավապահները Ֆարմանյանին կարող են իրենց երախտագիտությունը հայտնել նախաքննությանն աջակցելու եւ քրոջը չարաշահումներ անելու հանձնարարություն տվածների անունները տալու համար: Նաեւ այսքանից հետո հանգիստ կարող են շունչ քաշել շատ հայտնիներ՝ Անգետիկը, Չեբուրաշկան, աբսուրդի թատրոնի հիմնադիրներ Սամուել Բեքեթն ու Էժեն Իոնեսկոն, որովհետեւ, չար լեզուների պնդմամբ, իրավապահները կատարվածի թիկունքում տեսնում էին հենց նրանց ականջները: Իսկ եթե ավելի լուրջ, Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի:

 

 

 

Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Ու այդ ամենի արդյունքում հիմա այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունները որոշ դեպքերում փորձում են ստվերում գործել` թաքցնելով իրական թվերը: Օրինակ, զբոսաշրջիկների 10 հոգանոց խումբը փաստաթղթերում ներկայացվում է 5-7 հոգուց կազմված: Բանն այն է, որ տուրիստական փաթեթից հարկում են 20 տոկոս ԱԱՀ: Ու հիմա տուրիստական գործակալությունները պնդում են՝ եթե տուր-փաթեթը ընդհանուր արժեցել է 3000 դոլար, դրանից գործակալը որպես շահույթ ստանում է 50-100 դոլար: Իսկ հարկվում է ոչ թե տուրիստական գործակալության ստացած շահույթից, այլ ընդհանուր փաթեթից` 3000 դոլարից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տուրիստական գործակալություններն այս հարցը բարձրացրել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Սա այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տուրիստական գործակալություններում: Բայց այդ հանդիպումից հետո ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները, եւ հիմա քննարկվում է օրենսդրությունը փոխելու հեռանկարը:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր: Ավելին` հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը` ավելացնելով երկրի ֆինանսական բեռը: Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաեւ ստուգում են մինչեւ հիմա ծախսված գումարների արդյունավետությունը` միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը: Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:

 

 

 

ՀԻՆ ԽԱՍՅԱԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ-ի ջրերը տեւական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում, չնայած ՀՅԴ-ն շարունակում է նրա կառավարության մաս կազմել: Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երեկ էլ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը չի կարող մեզ բռնի եւ պահի, մենք երբ ուզենանք, կգնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կա, ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել այնտեղ, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին»։ Իսկ հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է դուրս գալ կառավարությունից, նա պատասխանել է. «Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել։ Մենք չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ենք մենք մաս կազմել ուրիշ բան չասելու համար»:
Համաձայնեք, իսկական ՀՅԴ-ականին վայել կեցվածք է, երբ «դեմ ըլլալով` կողմ կբոռան»: ՀՅԴ-ն բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության մոտեցումները չի կիսում, բայց եւ շարունակում է այդ կառավարության մաս կազմել` օգտվելով իշխանության ընձեռած բարիքներից, ձեւացնելով, թե այդպես մեծ լավություն է անում դիմացինին: Այս գործելաոճը ՀՅԴ-ի դեպքում նորություն չէ: Նախկինում էլ նրանք պարբերաբար նման զեղումներ ունեցել են` այդպես փորձելով քաղաքական առեւտրում բարձրացնել իրենց գինը: Իսկ առջեւում քաղաքական մեծ առեւտուր է սպասվում, արտահերթ ընտրություններ, նոր կառավարության ձեւավորում:
Ի դեպ, հենց այս պահվածքն էր պատճառը, որ երբ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք` 2016թ. փետրվարին, ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը, հստակ ամրագրվեց իշխանության գործունեության համար ամբողջական պատասխանատվության դրույթը: ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ մոտ քսանամյա համագործակցությունից դասեր քաղել էր ու գիտեր՝ պետք է նման պայմաններ դրվեն: Բայց դա չխանգարեց, որ հարկ եղած դեպքում ՀՅԴ-ն արհամարհի այդ պարտավորությունը: Փաշինյանն էլ իր կառավարության առաջին նիստերից մեկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի շուրջ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ բանավեճի ժամանակ ասել էր. «Ովքեր այս պատասխանատվությունը վերցում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»: Ու ՀՅԴ-ն նաեւ հիմա է նույնկերպ վարվում՝ կրկին խուսափելով իշխանության համար ստանձնած պատասխանատվությունից, չնայած ՀՅԴ-ի կարգախոսներից մեկն ասում էր. «Հին ընկերները չեն դավաճանում»:




Լրահոս