ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՆ մատակարարումների ոլորտում խոշոր չափերի յուրացման փաստերով: Գործը հարուցվել էր վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների եւ տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա: Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն` ՀՀ-ում գործող շուրջ 10 առեւտրային ընկերություններ 2009-2017 թթ. ընթացքում Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 մլրդ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ եւ սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների` մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ: Երկրում կոռուպցիոն բացահայտումների ընթացքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, այս պահի դրությամբ ի՞նչ չափի գումար եք կարողացել վեր հանել Ձեր աշխատանքի արդյունքում:
-10 մլրդ դրամն է ՊՆ-ին առնչվող չարաշահումների գործով, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Խոսքը պայմանագրային ժամկետները խախտելու հիմքով չմատակարարելու, իրական գներից ավելի բարձր գներով սպառազինություն մատակարարելու մասին է:
-Հիմա ի՞նչ աշխատանքներով եք զբաղված:
-Հիմա տասից ավելի գործեր կան, որոնց հետ կապված տեղեկատվության, փաստաթղթերի հավաքագրման գործընթաց է ընթանում: Ընկերությունները չեմ նշի, քանի որ դա գործի ընթացքին կարող է խանգարել: Հիմա ուսումնասիրություն ենք կատարում եւ նախապես անուն եթե հրապարակենք, կարող են քողարկել որոշ տվյալներ, որոնք մեզ պետք էին գալու: Հետեւաբար անուն չեմ նշի, բայց աշխատանքը շարունակվում է:
-Իսկ այդ ընկերությունների սեփականատերերի մեջ նախկին կամ ներկայիս պաշտոնյաներ, հայտնի անձինք կա՞ն:
-Այդ հարցին պատասխանել չեմ կարող:
-Իսկ այս ընթացքում չե՞ն փորձել Ձեզ վրա ճնշում գործադրել, փորձել ազդել, որպեսզի այս կամ այն ընկերության առնչությամբ ուսումնասիրություն չկատարեք:
-Ո՛չ, իհարկե ո՛չ: Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ում կարելի է վախեցնել: Դրանք ոչ թե խոսքեր են, այլ նախկինում ծավալած գործունեությունը դա է վկայում: Ու հիմա առավել եւս, երբ ծառայում ենք պետությանը, որեւէ արտառոց բան չի գրանցվել: Իսկ եթե արտառոց որեւէ բան գրանցվի, իրավապահներն այդ մասին կիմանան եւ կզբաղվեն այդ հարցով:
-Վարչապետն ի՞նչ խնդիր է դրել Ձեր առջեւ:
-Խնդիրը պարզ է. երկրում համատարած կոռուպցիա է տիրում, եւ կոռուպցիան արմատախիլ անելն է խնդիրը: Անընդհատ աշխատանքներ են տարվում, եւ ես պարբերաբար համագործակցում եմ ԱԱԾ-ի, քննչական վարչության, Քննչական կոմիտեի, ՊԵԿ քննչական բաժնի աշխատակիցների հետ: Նյութեր եմ ուղարկում, այնուհետեւ տեղեկանում եմ, թե ինչ ընթացքում են գտնվում դրանք: Առաջիկայում միգուցե եթե այդ կառույցների հետ կապված հիմքեր լինեն քրեական գործեր հարուցելու, կլսեք:
-Կա՞ն անձինք, որոնց չեք անդրադառնալու նախկին կամ ներկա պաշտոնյաներից:
-Ո՛չ:
-Այսպես ասած` փակ հաստատություններ կամ փակ անձինք չկա՞ն:
-Ո՛չ: Բոլոր նրանք, ովքեր պետությունից ինչ-որ գումարներ են գողացել, նրանք պետք է կանգնեն օրենքի առջեւ պատասխանատվության: Ես ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալները տրամադրում եմ իրավապահներին: Իրենք ուսումնասիրում են դրանք եւ եթե հիմքեր են տեսնում քրեական գործ հարուցելու, հարուցվում է քրեական գործ: Այդպես եղավ Ազգային անվտանգության ծառայության պարագայում. իմ տված տվյալների եւ փաստաթղթերի հիման վրա գործեր հարուցվեցին: Այսինքն` Քննչական կոմիտեն ուսումնասիրեց, գտավ, որ հիմքեր կան, եւ գործը հարուցվեց: Եթե հիմքեր չլինեին, գործ չէր հարուցվի:
-Եղե՞լ է, որ ուսումնասիրության ընթացքում որեւէ ընկերություն տեղեկանա այդ մասին եւ փորձի տվյալներ կոծկել:
-Ինֆորմացիայի արտահոսք դեռեւս չի եղել:

 

 

 

ԱՍՔ ՍԱՄՎԵԼԻԿԻ, ԱԿԻՀԻՏՈՅԻ, ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԻ ՈՒ ՎԻՆԻ ԹՈՒԽԻ ՄԱՍԻՆ

Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը` Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել: Ու քանի որ տիկին Ֆարմանյանը մինչ այդ հասցրել է ճողոպրել ՀՀ-ից, նրա նկատմամբ նաեւ հետախուզում է հայտարարվել: Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար:

Մեղադրվողի եղբայրը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 10-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին, նշել էր. «Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են: Մինչեւ լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որեւէ արձագանք եւ քաղաքական գնահատական չի լինելու: Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում: Եթե մինչեւ արձակուրդիս ավարտը` օգոստոսի 13-ը, ինձ եւս մեղադրանք չառաջադրվի եւ ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»: Ֆարմանյանի արձակուրդն արդեն երրորդ օրն է` ավարտվել է: Սակայն պատգամավորը չի շտապում ասուլիս նախաձեռնել ներկայացնելու համար իրավապահ մարմինների կողմից քրոջն առնչվող չարաշահումների վերաբերյալ իր տեսակետը: Կարող ենք եզրակացնել, որ պատգամավոր Ֆարմանյանը խուսափում է որեւէ դիրքորոշում հայտնել` մտավախություն ունենալով, որ դրանով ավելի կսրի իրավիճակը, եւ կարող է նոր բացահայտումներ տեղի ունենան քրոջ շուրջ, կամ էլ պարզապես որոշել է լռել, քանի որ իրականում ասելիք չունի: Այլ տարբերակ չի կարող լինել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պատգամավորից մեկնաբանություն ստանալ քրոջ` Անահիտ Ֆարմանյանի գործի առնչությամբ: Ֆարմանյանը պնդեց, թե կլինեն հայտարարություններ եւ ասուլիս: Հարցին` տեղյակ եղե՞լ է քրոջը` Անահիտ Ֆարմանյանին առնչվող չարաշահումներից, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի պատասխանը ցնցող էր. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: Համաձայնեք, որպես հումոր շատ անհաջող է, մանավանդ, երբ այս պատգամավորը փորձում է համոզել, թե ինքը գյումրեցի է: Իսկ իրականում Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի գործի առնչությամբ եւ փորձում է անլրջության տանել խոսակցությունը` խուսափելով հարցերին հստակ պատասխան տալուց: Իհարկե, չի բացառվում` պատճառն այն է, որ Ֆարմանյանը պարզապես չունի որեւէ հստակ պատասխան: Հակառակ դեպքում պատգամավորը որեւէ խելամիտ պարզաբանում կներկայացներ ու ազատորեն կհայտներ իր դիրքորոշումը:
Հ. Գ. Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 10-ին նշել էր, որ իր քրոջ` Անահիտ Ֆարմանյանի կողմից որեւէ գնահատական չի լինելու, քանի որ նա հարուցված գործի հետ կապ չունի այնքանով, որքանով իր հարազատ քույրն է: Սակայն հինգ օր անց` երեկ, սոցցանցի իր էջում հրապարակել էր հետախուզվող քրոջ հայտարարությունը, որով Անահիտ Ֆարմանյանը փորձել էր արդարանալ: Վերջինս մասնավորապես նշել էր. «Պարզվում է, որ ես, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով 4 տարիների ընթացքում 3529 շրջանավարտներից հափշտակել եմ առանձնապես խոշոր չափերի գումար` 19 մլն 409.500 դրամ` գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն եւ կատարելով հանրորեն վտանգավոր արարք: Ինչո՞ւ: Կրկին որովհետեւ ազգանունս Ֆարմանյան է: Օ~ ժամանակներ, օ~ բարքեր»: Եղբոր միջոցով հայտարարություն անող Անահիտ Ֆարմանյանը եթե թաքցնելու բան չունենար, կներկայանար իրավապահ մարմիններին, ոչ թե կթաքնվեր:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ
Ինչպես հայտնի է, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո դադարեցվել է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության գործունեությունը, սակայն դադարեցումից բխող ամբողջ գործընթացներն ավարտին չեն հասցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագիծ կընդունվի: Մինչ օրս իրականացված չեն նախարարության հաշվեկշռում մնացած գույքի, դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի փոխանցման, Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը: Նշված աշխատանքներն իրականացնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ: Հաշվի առնելով, որ նախարարությունն այլեւս չի գործում` նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 849-Ն որոշման մեջ, դեկտեմբերի 31-ի փոխարեն տարածքի վարձակալման ժամկետ սահմանել 2018թ. օգոստոսի 13-ը:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերացնել մարզպետի 2018թ-ի օգոստոսի 7-ի որոշումը: Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանը ազատվել է «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը:

 

 

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ
Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել իր նախորդի՝ ամեն քայլափոխին մեդալներ բաժանելու քաղաքականությունը: Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը օգոստոսի 9-ին պայմանագիր է կնքել Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերության հետ եւ մեդալներ գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 130 հատ մեդալի համար նախագահի աշխատակազմը ծախսել է 3 մլն 156 հազար դրամ: Նկատենք, որ գնվել է 50 հատ մարտական ծառայության մեդալ, որոնց համար ընդհանուր ծախսվել է 1 մլն 245 հազար դրամ, 50 հատ «Մովսես Խորենացի» մեդալի համար` 595 հազար դրամ, 30 հատ ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանի համար` 564 հազար դրամ: Բացի այս, պարզվում է` նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է բրոնզափառ պղնձից կրծքանշաններով պարգեւատրել նաեւ լրագրողներին: ՀՀ վաստակավոր լրագրող կրծքանշան նախագահի աշխատակազմը գնել է 20 հատ` յուրաքանաչյուրը 18 հազար 800 դրամով, ընդհանուր ծախսվել է 376 հազար դրամ: Իսկ 20 հատ երախտագիտության մեդալի համար ծախսվել է 376 հազար դրամ:




Լրահոս