ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՓՈԽԵԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելիս եւ կադրային փոփոխություններ սկսելուն զուգահեռ պարբերաբար բարձրաձայնվում էր նաեւ տարբեր երկրներում ՀՀ դեսպանների փոփոխության անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ ոչ մեկ անգամ իր կարծիքը բարձրաձայնել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տեսլականի մասին:

Օրինակ հենց խորհրդարանում մայիսի 8-ին` իր ելույթի ժամանակ, երբ երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը, Փաշինյանը նշել էր. «Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիների ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը»:
Եվ ահա գրեթե 100 օր անց մենք ականատես եղանք առաջին փոփոխությանը: Երեկ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին, ով մինչ այս տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտաքին գործերի նախարարությունում: Օլեգ Եսայանի փոփոխությունն առաջինն էր, սակայն վստահաբար ոչ վերջինը, եւ առաջիկայում այլ դեսպանների փոփոխություններ եւս կտեսնենք:
Նշենք, որ Հայաստանը դեսպաններ ունի 93 երկրում, իհարկե մի քանիսում համատեղության կարգով նույն մարդն է այդ պաշտոնը զբաղեցնում: Սակայն փորձենք հասկանալ, թե, ի վերջո, ով քանի տարի է այդ պաշտոնը զբաղեցնում, եւ առհասարակ նրա աշխատանքին ականատես եղել ենք, թե ոչ:
Հայտնի է, որ շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Այլ կերպ ասած` երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Դեսպանների պաշտոններ ստանում էին նաեւ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ մատուցած անձինք, ում պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լինել: Եվ ահա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց հետ կանչել եւ մասնագետների նշանակումներ կատարել:
Սկսենք հենց Օլեգ Եսայանից: Նա 2006 թվականին նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան եւ այդ օրվանից դեսպանի պաշտոն է զբաղեցրել մեկ ՌԴ-ում, մեկ Բելառուսում: Այսինքն` 12 տարի շարունակ նա այդպիսի պաշտոններ է զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, մի քանի ամիս եղել է ԼՂՀ վարչապետ:
Վերջին շրջանում առավել հաճախ փոփոխվում էր Վրաստանում ՀՀ դեսպանը: Եվ յուրաքանչյուր անգամ ավելի զարմանալի նշանակում էր կատարվում: Այժմ այդ պաշտոնում նշանակված է Ռուբեն Սադոյանը, ով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի եղբայրն է եւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ում ձայնն անգամ խորհրդարանում ոչ ոք չէր լսել:
Երկարակյաց դեսպանների թվին է պատկանում նաեւ Անդրանիկ Մանուկյանը, ով այդ պաշտոնին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է 2010 թվականին եւ այդ ժամանակ դիվանագետ չի եղել: Եվ հետաքրքիրն այն է, որ նրան նույն օրը շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Այսինքն` արդեն 8 տարի է, ինչ Ուկրաինայում ՀՀ դեսպանը նույնն է:
2008 թվականից տարբեր երկրներում դեսպանի պաշտոններ է զբաղեցրել նաեւ Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Նա դեսպան է եղել Կորեայում, Չինաստանում, Վիետնամում, Մոնղոլիայում, իսկ այժմ էլ Բուլղարիայում ՀՀ դեսպանն է:
Ընդամենը վերջերս՝ 2017 թվականին, Կանադայում ՀՀ դեսպան նշանակվեց Լեւոն Մարտիրոսյանը, Քուվեյթում` ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Դանիայում էլ՝ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք երեքն էլ մինչ այդ եղել են հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ եւ, անկասկած, նրանց նշանակումը եւս քաղաքական էր:
Դեսպանների փոփոխության մասին խոսելիս բոլորն առաջին հերթին նկատի ունեին նաեւ Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին: Փաշինյանն ընդգծել էր, որ դեսպանների ով լինելն ընդհանրապես նշանակություն չունի եւ այն դեսպանները, ովքեր այդ պաշտոններին նշանակվել են այլ նկատառումներից ելնելով, կազատվեն դրանից:
Իրականում այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների համատեքստում դեսպաններն ահռելի աշխատանք կարող են կատարել եւ նպաստել դրան, սակայն քանի որ Հայաստանում շատ հաճախ դեսպաններ նշանակվել են ոչ դիվանագետներ, շատ հաճախ բազմաթիվ հարցերում մեր արտաքին քաղաքականությունը թերացել է: Եվ այժմ, երբ թավշյա հեղափոխությունից հետո խաղի այլ կանոններ են գործում, եւ մեծ անհրաժեշտություն է աշխարհին ըստ արժանվույն ներկայանալն ու հեղափոխության արժեքները պահպանելը, կարեւոր է նաեւ դեսպանների պաշտոնում այնպիսի մարդկանց նշանակումները, ովքեր կնպաստեն դրան եւ առաջ կտանեն թավշյա հեղափոխության արդյունքները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՌԵԱԼ ՉԷ՞
Քաղաքական դաշտի կարեւորագույն հարցերից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Թեեւ տեսակետ կա, որ լավ է արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա աշնանը, սակայն զուտ ֆորմալ տեսանկյունից թեկուզ կազմակերպչական առումով, կարծես թե, քննարկվող տարբերակը ռեալ չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Դանիել Իոաննիսյանն այս առնչությամբ նշեց. «Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին հրապարակել ԸՕ հայեցակարգը, եւ արդեն սեպտեմբերին ԱԺ-ն կսկսի քննարկումները։ Բայց դրանք չգիտեմ՝ որքան կտեւեն։ Կարծում եմ, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի սկզբին։ Դրանից հետո երբ կլինեն ընտրությունները, ես չեմ որոշում»։

 

 

ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ ԿՏԱ
ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանը գումար կհատկացնի հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 438 մլն 354 հազար 500 դրամ: Բանն այն է, որ այդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ: Ամրագրումներն արվել են դեռեւս 2017թ նոյեմբերին, եւ եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու եւ կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը: Ըստ այդ պայմանավորվածության` ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջե:

 

 

ՄԵԿԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
2017 թ. հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլար հափշտակելու առթիվ հարուցված քրեական գործով մեկ անձ ազատ արձակվեց՝ Մարատ Գալստյանը: «Ժողովուրդ» օրաթերթին փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Գալստյանն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ քննիչը կալանքի ժամկետը երկարացնելու նոր որոշում չի կայացրել: Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ իրենք շարունակում են պնդել, որ Մարատ Գալստյանը հափշտակված գումարի հետ առնչություն չունի: Հիշեցնենք, որ «Կոնվերսբանկի» մասնաճյուղ էր մտել Պյոտր Ցիգանկովը եւ հափշտակել էր 200 հազար դոլարն ու փախել: Այս գործով կալանավորվել են Դավիթ եւ Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը:

 

 

ՉԵՆ ՄԵՐԺՈՒՄ
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, թեեւ կուսակցությունը չի մերժում այլ քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: «Մենք չենք մերժում մնացած քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված, բայց մեզ համար առաջնահերթը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»,- ասաց Կոստանյանը:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՊԿ-ՈՒՄ
Ղազախստանի նախագահությամբ ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների մշտական եւ լիազոր ներկայացուցիչները եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները: Խորհուրդը քննարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասության ներքո: Քարտուղարությունը որոշում է կայացրել փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցմանը: Քննարկվել է նաեւ ՀԱՊԿ Հավաքական ուժերի ռազմական զորավարժությունների եւ ՀԱՊԿ-ի 2019թ. բյուջեի նախագծի հետ կապված որոշ հարցեր: Փաստաթղթերն ուղղվել են ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ներպետական համաձայնեցմանը:

 

 

ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ռոբերտ Մակարյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից։




Լրահոս