Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո` օգոստոսի 13-ին, ազատ արձակվեց: Նրան կալանավորելու որոշումը կայացրել էր առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին, սակայն վերաքննիչ ատյանը այդ որոշումը վերացրեց: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու գործընթացից:
Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով շրջադարձ տեղի ունեցավ, 10 տարի անց նոր հանգամանքներ ի հայտ եկան, մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Այսպիսով, հայտնի դարձավ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալիկ Ազարյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց` օգտվելով անձեռնմխելիության իրավունքից:
Նշենք, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիության իրավունքն ամրագրված է ինչպես 2005-ի, այնպես էլ 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունում: Այն ազդարարում է, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է, ե՛ւ իր լիազորությունների ժամկետում, ե՛ւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Ու մինչ տարբեր իրավապաշտպաններ նախագահի անձեռնմխելիության հարցն են քննարկում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումից առաջ: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` մինչ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակումը հանդիպում է տեղի ունեցել նախկին իշխանությունների պաշտոնատար անձանց միջեւ: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպում է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի եւ Վազգեն Ռշտունու միջեւ: Եվ նրանք քննարկել են այս հարցը` անդրադառնալով ՀՀ գործող սահմանադրության 140 հոդվածին, որը վերաբերում է Հանրապետության նախագահի անձեռնմխելիությանը: Իհարկե, մի շարք իրավաբաններ պնդում են, որ նախագահի անձեռնմխելիության դրույթը բացարձակ չէ, որ հնարավոր չէ այդ դրույթի տակ թաքնվելով` հանցանք կատարել` մտածելով, որ, միեւնույն է, մարդն անպատիժ կմնա:
Ինչեւէ, Ռշտունու տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններս, երկար խոսելով սահմանադրության այս կետի մասին, կարծիք են հայտնել` եթե նոր իշխանությունները կուլ տան անձեռնմխելիության հարցը, ապա այն կտարածվի նաեւ «շեֆի» վրա: Իսկ շեֆը Սերժ Սարգսյանն է: Ուստի վերջիններս ամեն գնով որոշել են այնպես անել, որ առաջ տանեն նախագահի անձեռնմխելիության հարցը, ասել է թե` ազատ արձակելով Ռոբերտ Քոչարյանին` ապահովագրեն Սերժ Սարգսյանին:
Իսկ ինչպե՞ս պետք է կազմակերպեին այդ գործընթացը: Ըստ Նիկոլ Փաշինյանի թիմում տարածված խոսակցությունների` Ալիկ Ազարյանը աշխատել է արդարադատության խորհրդի աշխատակազմում, որի ղեկավարը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Քրեական դատավարության 90-րդ հոդվածի համաձայն` նա պետք է ինքնաբացարկ հայտներ: Որպես դատավոր` նա նույնպես նշանակվել է Քոչարյանի կողմից եւ այս պահին նա միակ քրեական վերաքննիչ դատավորն է, ով նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Վազգեն Ռշտունին, նախօրոք այս ինֆորմացիային տիրապետելով, պետք է մեկ այլ դատավորի նշանակեր վերաքննիչ բողոքը քննելու համար, սակայն դա չի արել: Ըստ իշխանության ներսում տարածված լուրերի` ինքնաբացարկ չհայտնելն իրականացվել է հետեւյալ կերպ. Վազգեն Ռշտունին, իմանալով դատավոր Ազարյանի գործոնը, այդ քայլին չի գնացել, իսկ ահա մեղադրող կողմն էլ այդ հանգամանքն անտեսել է, դատավորին բացարկի դիմում չի ներկայացրել` երեւի վստահ լինելով, որ, միեւնույն է, դատավորը «չէր համարձակվի» Քոչարյանին ազատ արձակել, եւ հետո Հայաստանում մթնոլորտ է փոխվել: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ:
Այս հանգամանքը իշխանության ներսում խառնաշփոթ է ստեղծել, ցանկացել են հասկանալ, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինքնաբացարկ չի արել, պարզել են, որ նա արձակուրդի մեջ է, ասել է թե` դատախազը արձակուրդն է պատճառ բռնել ինքնաբացարկ չհայտնելու համար: Մինչդեռ նրա այս պատճառաբանությունը այդքան էլ հավատ չի ներշնչել իշխանություններին, եւ վերջիններս վստահ են եղել, որ սա պլանավորված գործընթաց է եղել, քանի որ բոլորն էլ լավ գիտեն, որ Վազգեն Ռշտունին, Գեւորգի Կուտոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտերիմ ընկերներ են եւ միմյանց օգնելով մի շարք գործեր են առաջ տարել, ինչը եղավ նաեւ այս դեպքում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուց, որ անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ձեր կողմից նշված օրերին` մոտ 14 օր, ես չեմ գտնվել Հայաստանի Հանրապետությունում եւ ՀՀ եմ վերադարձել շաբաթ օրը` օգոստոսի 11-ին, եւ այդ ընթացքում կամ դրանից հետո չեմ հանդիպել Գեորգի Կուտոյանին եւ Վահագն Հարությունյանին: Ավելին` Վահագն Հարությունյանն արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում չէ: Առհասարակ, անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը` Ձեզ հայտնեմ, որ Ալեքսանդր Ազարյանը արդար, անաչառ եւ բանիմաց դատավոր է, եւ որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ նրա կողմից կայացրած կամ կայացվելիք որոշումների վրա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՆԴԱՏՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ
Հայաստանի «Քրիստոնյա-Ժողովրդավարական» կուսակցության հիմնադրման համար ստեղծված նախաձեռնող խումբը ներկայացրել է կուսակցության ստեղծման նպատակը: Նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով` տարօրինակ է, որ լինելով առաջին քրիստոնյա ժողովուրդը` ունեցել ենք շատ կուսակցություններ, սակայն քրիստոնեական շարժում կամ կուսակցություն չենք ունեցել: «Մենք մտածել ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է նյութականացվեն, եւ նպատակները ուղենիշային դառնան մեր պատմության համար, որ չվերադառնանք ճահճին կամ երրորդ հանրապետության սատրապային շրջանին»,-ասել է նա: Լեւոն Շիրինյանն ընդգծել է, որ իրենք երկու սկզբունք են ունենալու` քաղաքական կոնսենսուս եւ սոցիալական գործունեություն: Քաղաքագետն ասել է, որ իրենք մասնակցելու են ԱԺ ընտրություններին եւ մանդատներ են ձեռք բերելու:
ՄԵՂԱԴՐՅԱԼԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
«Մեդիալաբի» տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար օգոստոսի 10-ից ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Արման Մակարյանի հետ: Հիշեցնենք, որ Արման Մակարյանը մինչեւ հուլիս Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տեղակալն էր: Նա Երեւանի Ավան վարչական շրջանում հեղափոխության օրերին մի խումբ անձանց հետ, այդ թվում՝ Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ, համատիրությունների նախագահներ եւ երիտհանրապետականներ, ուղղակի դիտավորությամբ վնասել էին քաղաքացիների մեքենաները, որոնք ուղեւորվում էին Երեւանի Կենտրոն վարչական շրջան «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու: Նա` որպես մեղադրյալ, անցնում է այդ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՇԱՆԹԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Շանթ Հարությունյանին: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Շ. Հարությունյանն իր ազատ արձակման հետ կապված հարցեր է ներկայացրել։ Լուծման հնարավոր տարբերակները պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ «Շանթ Հարությունյանը գտնում է, որ թավշյա հեղափոխությունից հետո դատախազությունը պետք է ներկայացնի բողոք, բողոքարկվի այդ անօրինական դատական ակտը, քանի որ այն կայացվել է այն ժամանակվա իշխանությունների հորդորով, եւ Շանթ Հարությունյանի մասով պետք է կայացվի արդարացման դատական ակտ»,- «Ազատությանն» ասել է Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
ՉՄԵԿՆԱՐԿԱԾ` ԸՆԴՄԻՋՈՒՄ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը երեկ դեռ չմեկնարկած ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չի եղել: Պ. Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել է նիստը 15 րոպեով ընդմիջել: Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Ըստ վերջինիս պաշտպան Գեղամ Հակոբյանի` որոշումն անօրինական է եւ այն բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: «Մենք Վերաքննիչից խնդրել ենք, որ խափանման միջոցը վերացվի, կամ գրավ կիրառվի: Դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ Արթուր Ասատրյանի կալանքի տակ մնալն անհրաժեշտ է եւ հիմնավորված գործի նյութերով, որեւէ փաստական տվյալ չհետազոտելով` դատարանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական որոշում»,-ասել է փաստաբանը: Նա նշել է, որ այս ընթացքում քննչական գործողություններ, առերեսումներ դեռեւս չեն եղել, ինչը իրենց համար եւս տարօրինակ է եւ անհասկանալի:
Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: