ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ ֆարմանյանի դեմ, ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որ մինչ այդ պնդում էր՝ Ֆարմանյանն արձակուրդն անցկացնելու համար մեկնել է արտերկրից, հրաժարվել է մեկնաբանել՝ վերադարձել է արդյոք ՇՊՀ նախկին պրոռեկտորը, թե ոչ: «Առաջիկա օրերին հանդես կգանք մամուլի ասուլիսով, այժմ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա: Այն հարցին` արդյոք պատրաստվում են բողոքարկել կայացված որոշումը, Խուդոյանը պատասխանեց. «Բողոքարկելու ենք որոշումը պարտադիր»:

Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ հիմնավորված է որակել ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը: Հիշեցնենք, որ Անահիտ ֆարմանյանը առաջիններից էր, ով պաշտպանում էր ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրահանգով ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին. «Ես հասկանում եմ պարոն Մինասյանի ջղաձգումները: 2017 թվականի սեպտեմբերի 25-ից այդ անձը զբաղված է բանսարկությամբ: Իմ եւ Խորիկյանի դատավարության ընթացքում ՇՊՀ իբրեւ թե «փաստաբանուհին» բացահայտ կեղծիքներով է զբաղված եւ հայտարարեց, որ մենք իբրեւ թե տիկին Ֆարմանյանի հովանավորյալներն ենք: Այդ լուրերի հեղինակը Սահակ Մինասյանն է, այդ լուրերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ զրպարտանք են: Ինչ վերաբերում է տիկին Ֆարմանյանի մեղադրանքներին, ապա բուհական կյանքին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ տիկին Ֆարմանյանը երբեւէ ֆինանսական հարցերի հետ առնչություն չի ունեցել, եւ ինձ համար հետաքրքիր է, թե այս ամենը ինչպես «ծլեց»: Հայտարարության մեջ մոտ 3000 ուսանողի թիվ նշվեց, որոնք գումարներ են տվել, ինձ հետաքրքիր է` այդ ուսանողներից ցուցմունք վերցրե՞լ են: Չեմ ուզում տիկին Ֆարմանյանի օմբուդսմենի դերը կատարեմ, ինքն իրեն ի վիճակի է պաշտպանել, ինձ այլ հանգամանք է հետաքրքիր՝ մեր իրավապահները ինչու քրեական գործեր չեն հարուցում Սահակ Մինասյանի բազմակի չարաշահումների դեմ»,-ասաց Գագիկ Համբարյանը` ավելացնելով, որ շատ լավ գիտե` ովքեր են Սահակ Մինասյանի թիկունքին կանգնած, եւ ինչու է ինքը հանգիստ ման գալիս Գյումրիում. «Կոչ եմ անում Սահակ Մինասյանի թիկունքին կանգնածներին չփորձել Հռոմի պապից առավել կաթոլիկ լինել Նոր Հայաստանում»,-հավելեց Համբարյանը:
Սահակ Մինասյանն էլ իրադարձությունների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել` ավելացնելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա. «Ես առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգամ եւ ամեն ինչ կասեմ: Ես իմ առաջ պայման եմ դրել չխոսել եւ չեմ ուզում խախտել այդ պայմանը»,- ասաց Սահակ Մինասյանը:
ՇՊՀ նախկին ռեկտոր, այժմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ չհաջողվեց խոսել. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Ֆարմանյանի հետ: Ավելին` բացահայտված չարաշահումները վերաբերում են հենց Գրիգորյանի աշխատած տարիներին: Նշենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Անահիտ Ֆարմանյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները եւ դրանց միջուկները պատվիրելու եւ հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեեւ այդ նպատակով գումար է դուրս գրված եղել: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է 19 միլիոն 409500 դրամ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը որեւէ տեղեկություն չհայտնեց, միայն հավելեց, որ գործը նախաքննության փուլում է, կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի պատշաճ քննություն կազմակերպելու ուղղությամբ:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՆՈՐՈԳՎԻ՞ ԱՅՍ ՏԱՐԻ
Օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Բերդի տարածաշրջանից այցելեց Նոյեմբերյան քաղաք, եղավ նաեւ Իջեւան քաղաքում: Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ նրան հարց տրվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի վատթար վիճակի եւ այդ ճանապարհի նորոգման մասին: Այդ ճանապարհին այնքան շատ են խորը փոսերը, որ վարորդները, խուսափելով դրանցից, դուրս են գալիս երթեւեկության հանդիպակաց գոտի` վթարային իրավիճակ ստեղծելով: «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը հայտնեց, որ վերջերս իրենց ավտոմեքենան Ջուջեւան գյուղից Նոյեմբերյան հասնելիս փոսերի պատճառով վթարի է ենթարկվել, ավտոմեքենայի մեջ գտնվող ամերիկացի կամավորը վթարից խիստ վախեցել է: Նոյեմբերյանի քաղաքապետարանում իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ այդ գումարները տրվեն այս տարի: 2018թ. մայիսի 7-ից սկսվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սարիգյուղ-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի կառուցապատումն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Սարիգյուղ-Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Այդ աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 2 միլիարդ 200 միլիոն դրամ: Ճանապարհի 2 հատվածներում կատարվել են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին հաջորդել է ճանապարհի ասֆալտապատումը: Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: «Վառմաշ» ՍՊԸ-ն ճանապարհի մնացած երկու հատվածները նորոգել է, ասֆալտապատել: Փռվել է ճանապարհի ասֆալտի ծածկի առաջին շերտը, որի վրա ասֆալտի երկրորդ շերտ պետք է փռվի: Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհի նորոգումը դեռ չի սկսվել: Ավելին՝ 20 օր է, ինչ միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՆԹԱԿԱՅԻՆ ԾԵԾԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը, ով ժամանակին հայտնվել է սկանդալային պատմության մեջ, պարզվում է` բավականին ապահովված է:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմում են 63 մլն դրամ, 135 հազար դոլար, 5500 եվրո, 480 հազար ռուսական ռուբլի: Սեփական աշխատավարձը հայտարարագրել է որպես եկամուտ, որը ամսական կազմում է 482 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է ունեցած 3 հատ հողամասը, մեկ բնակարանը, անհատական բնակելի մեկ տունը, 3 հատ «Toyota Land Cruiser Prado 2.7 I», «Toyota KLand Cruiser Prado 2.7 Volkswagen Jetta 2.0» մակնիշի ավտոմեքենաները: Բացի այս, նա մեկ ընկերությունում ունի 50 հազար դրամի բաժնեմաս: Ի դեպ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ադամյանը նախորդ տարվա ընթացքում 5.5 մլն դրամով մեկ ավտոմեքենա է վաճառել: Նրա կին Ալինա Դանիելյանի դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ: Նրա եկամուտը կազմում է ամսական աշխատավարձը` 142 հազար դրամ: Իսկ ահա նրա դուստրը` Դիաննա Ադամյանը, անցած տարվա ընթացքում 5.5 մլն դրամ «նվեր» է ստացել:
Նկատենք, որ Կամո Ադամյանը նախկինում աշխատել է արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավար, ապա իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության պետի պաշտոնակատար: Հենց այս ընթացքում Ադամյանը ենթակային հարվածելու մեջ է կասկածվել: Նա վիճել է պետական ռեգիստրի գործակալության բաժնի «հնաբնակ» պետերից մեկի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` վիճաբանությունը աշխատանքային թեմայով է եղել, որի ընթացքում պաշտոնյաները քաշքշել են իրար, ապա Կամո Ադամյանը ծառայողական քննության արդյունքում ենթարկվել է կարգապահական տույժի եւ նկատողություն ստացել: Իսկ ծեծի ենթարկվածը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Փաստորեն մարդ ծեծող պաշտոնյան դեռ շարունակում է համակարգում մնալ: Այսքանից հետո կասկածելի է` արդյոք ցանկացած անօրինական երեւույթի նա կարող է արդար մոտենալ, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս