Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` որոշում է քննիչը` ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»,- ասել է նա: Հատկանշական է փաստը, որ դեռ մինչեւ երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 9-ին` կառավարության նախորդ նիստից հետո, նաեւ դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել` ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաեւ ՀՀ երրորդ նախագահի անունը: Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, եւ այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 26-ի իր հարցազրույցում խոսելով մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին, ասել էր, թե այդ կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննեն, թե նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու համար եւ կկալանավորեն. ի վերջո, պաշտպանության նախարարը, որն արձակել է քրեական գործի հիմք դարձած 0038 գաղտնի հրամանը, կառավարության անդամ էր, ասել է թե` բացի նախագահից ենթարկվում էր նաեւ վարչապետին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը եւ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ եւ Դավիթ Տոնոյանի՝ նախարար եղած ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել: «Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետեւ իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը եւ հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց եւ մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչեւէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է:
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ
Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարեւոր հարցը` ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն»,- ասել է նա: Այնինչ ամենակարեւորը հենց այս հարցի պատասխանն էր: Սա մեկ պարզ պատճառով. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդարանական կառավարման համակարգ, անկուսակցական անհատներն, ըստ էության, զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու՝ ընտրություններին մասնակցելու, իշխանության գալու հնարավորությունից: Իսկ Ռոբերտ Քոչարյանն անկուսակցական է: Ու հիմա հայաստանյան որեւէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի դաշինք դեռ պետք է համաձայնի նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի առաջին համարում ընդգրկել, ու այդքանից հետո դեռ պետք է կարողանա ձայներ ստանալ: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչեւ հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Միայն օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նման հավանականությունը: Սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն համաձայնելու է (թեկուզ եւ ձախողման հեռանկարից վախեցած): Այնպես որ, Քոչարյանին մնում է սեփական կուսակցությունը բացել: Միայն թե այստեղ էլ նա, կարծես թե, ռեսուրսի խնդիր ունի: Համենայն դեպս, որքան էլ երեկ նա պնդում էր՝ կալանավայրից դուրս գալուց հետո շատերն իրենց աջակցությունն են հայտնել` տեսակետ հնչեցնելով, որ չեն ընդունում նրա հանդեպ կատարվողը, միեւնույն է, այս օրերի ընթացքում ի պաշտպանություն նրա ընդամենը մեկ բողոքի ցույց է անցկացվել, այն էլ՝ սակավամարդ:
Մեկ փաստ էլ. նման իրավիճակում նրա հայտարարությունները, թե այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում եթե անգամ 100 հազար մարդ հավաքվի, ճնշող մեծամասնություն չէ, մեղմ ասած, ծիծաղելի է: Ավելին` եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ էր հոխորտում, թե 7-8 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի, բայց հաջորդ օրն իսկ հրաժարական ներկայացրեց՝ հայտարարելով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: