ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ՝ ՀՅԴ-Ն ՀԱՋՈՐԴ ԱԺ-ՈՒՄ ՉԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օգոստոսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ չի բացառում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, անդրադարձել էր նաեւ Մարտի 1-ին, ինչպես նաեւ քննադատություն հնչեցրել կառավարության հասցեին: ՀՅԴ ներկայացուցչի հնչեցրած արտահայտությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը` լինելով ներկայիս կառավարության մաս: Ի՞նչ է, ըստ Ձեզ, սա նշանակում:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դրան արձագանքել է, որ մենք որեւիցե մեկին ստիպողաբար չենք պահում կառավարության կազմի մեջ: Ինչ վերաբերում է ՀՅԴ այս գնահատականներին, կարծում եմ, որ դա Հրանտ Մարգարյանի ցանկությունն է հատուցելու Քոչարյանին այն ժամանակների համար, երբ Քոչարյանի շնորհիվ իրենք ազատվեցին բանտից, «Դաշնակցությունը» վերականգնվեց: Իհարկե, ի սկզբանե ասեմ, որ ստոր որոշում է կուսակցություն փակելը, հարցը դա չէ, բայց սա փորձ է նման ձեւով վերադարձնել այդ պարտքը: Իսկ ինչ մնում է Քոչարյանի հետ համագործակցությունը չբացառելուն, Քոչարյանը չի արել հայտարարություն, որ դաշնակիցներ է փնտրում: Ուստի հարց է, թե որն է նպատակը, որ «Դաշնակցության» փաստացի, այսպես ասած, ստվերային ղեկավարը նման հայտարարություն է անում, որ չի բացառվում` համագործակցեն: Ես կարող եմ մի բան ավելացնել, որ չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետեւ իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց` ընտրողների վրա: Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց եւ մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչեւէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է: Դուք գիտեք, որ մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, առաջարկում ենք իջեցնել անցողիկ շեմը, որպեսզի տարբեր կուսակցություններ, այդ թվում` «Դաշնակցությունը», ներկայացված լինեն: Սա ուղղակի իմ գնահատականն է իրենց քաղաքական գործունեությանը: Ես ցավով եմ նշում, որ նման մեծ քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունը զբաղված է նման գործելաոճով եւ այս ձեւով իր ռեսուրսը, վարկանիշը վատնում է: Բայց իրենց գործն է:
-Իսկ Հ. Մարգարյանը խայտառակություն է համարում այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ: Նա շեշտել է, որ մեր երկրին վայել չէ, որ նախագահի ինստիտուտն այդպես խայտառակեն:
-Օրենքի առջեւ բոլորը հավասար են: Եթե Ֆրանսիայում կամ Իտալիայում կարելի է Նիկոլա Սարկոզիին կամ Սիլվիո Բեռլուսկոնիին պատասխանատվության ենթարկել, ինչո՞ւ Հայաստանում չի կարելի պատասխանատվության ենթարկել: Դա ի՞նչ է, նշանակում է, որ եթե դու նախագահ ես, ապա դու անպատիժ ես եւ կարող ես Երեւանի կենտրոնում մարդկանց գնդակահարե՞լ: Ինձ համար անձեռնմխելի ինստիտուտ, ամենակարեւոր ինստիտուտ հանդիսանում է մարդու կյանքը եւ իր ազատությունը, այլ ոչ թե ինչ-որ աթոռ, ոչ թե ինչ-որ կարգավիճակ: Այդ տասը մարդիկ, որ մահացել են, նրանց կյանքն էր ամենաբարձր արժեքը: Դա ավելի բարձր արժեք է, քան բոլոր նախագահների պաշտոնները միասին վերցրած: Սա պատեհապաշտություն է եւ ուղղակի խոսք չունեմ ասելու:
-ՀՅԴ ներկայացուցիչը բողոքել է, որչի կարողանում վարչապետի հետ խոսել եւ պետք է հրապարակավ խոսի: Շեշտել է, որ իրեն չեն ընդառաջել վարչապետի հետ հանդիպման համար` ավելացնելով. «Էս տեսակ է էս պետական համակարգը` անկազմակերպվածության մարմնացումը»:
-Ի՞նչ պետք է ասեմ, լուրջ չեմ վերաբերվում այդ ասածներին:
-Դուք տեղյա՞կ եք` Մարգարյանը փորձե՞լ է հանդիպել վարչապետի հետ:
-Անկեղծ ասած` տեղյակ չեմ: Բայց վստահ եմ, որ բազմաթիվ խողովակներ կան, եւ բնական է` կարելի է կապվել: Սա ո՞ր թիվն է, որ երկրի ղեկավարի հետ չի կարողանում կապվել եւ ստիպված է հրապարակավ խոսել: Նույն իրենց նախարարներն ամեն կառավարության նիստին, դրանից առաջ եւ հետո տեսնում են վարչապետին: Կարծում եմ` դա արդարանալու փորձ է Հրանտ Մարգարյանի կողմից:
-ՔՊ-ն քննարկման առարկա դարձնելո՞ւ է ՀՅԴ-ի հետ հետագա համագործակցությունը:
-Մենք ասել ենք, որ սա սիրո եւ համերաշխության կառավարություն է, եւ այդ շրջանակում ենք փորձում գործել: Բայց այդ մթնոլորտն ինչ-որ մեկը փորձում է շփոթել թուլության կամ անկազմակերպ լինելու հետ, դա արդեն իր խնդիրն է, եւ խնդիրը պետք է փնտրել սեփական քաղաքական ընկալման մեջ:
-Չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանին սատար կանգնելով` «Դաշնակցությունը» փորձում է Մարտի 1-ի շրջանակում իր անուղղակի մասնակցության խնդիրը կոծկել, քանի որ 2008-ին ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմին կողմ քվեարկած ուժերից մեկը հենց ՀՅԴ-ն է եղել:
-Դե որ ասել է` բոլորս ենք մեղավոր, երեւի ինքն իրենց` «Դաշնակցությանն» էլ նկատի ունի: Այդ մասով համաձայն եմ, որ իրենք իրենց քաղաքական մեղքի բաժինը, բնական է, ունեն:

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԿՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԼՈՆԴՈՆ

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարից ճշտել` Քոչարյանը մտադրություն ունի՞ երկրից մեկնելու. «Ոչ, Ռ. Քոչարյանն ինձ չի հայտնել դրա մասին: Ես տեղյակ չեմ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեղադրյալի աթոռին հայտնված Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի բացակայությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց. «Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ եւ կարող է ինչպես Երեւանից մեկնել Ստեփանակերտ, այնպես էլ մեկնել Լոնդոն: Բացի այդ, հաշվի առնելով գործի առանձնահատկությունները` ես ինքս գտնում եմ, որ Քոչարյանը կարող է անօրինական ազդեցություն գործել նշված գործով հետաքրքրություն ներկայացնող սուբյեկտների նկատմամբ, ավելին` իր անձով պայմանավորված` ապօրինի ազդեցություն ունենալ: Բայց իրավասու մարմինների սուրբ պարտականությունն է նման դեպքում արձանագրել եւ այդ փորձը չեզոքացնել: Դա նաեւ հիմք կտա վարույթ իրականացնող մարմնին նրա վարքագծի վերաբերյալ պատշաճ գնահատական տալ»:
Իսկ մինչ այդ նկատենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ պետք է ՀՀ վճռաբեկ դատարանում բողոքարկի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատախազությունը դեռ վերջնական չի հայտնել՝ կգնա այդ քայլին, թե ոչ:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՇԱՀԱՐԿՈ՞ՒՄ
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին` նշել էր, որ այդ գործի շրջանակում պետք է հարցաքննվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Բոլորն էլ գիտեն, որ Մարտի 1-ին Արցախից թե՛ զինվորականներ են եկել, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ գրեթե բոլորն էլ անուն առ անուն գիտեն, թե ովքեր են գնացել եւ ինչ են արել: Պարզապես Դատախազությունը որեւէ անգամ այս հայտարարությանն ուշադրություն չի դարձնում: Դա քաջ գիտի Բակո Սահակյանն առաջին հերթին, գիտի, այսպես կոչված, Ազատամարտիկների միության ղեկավար Սամվել Կարապետյանը, ով անձամբ ղեկավարել է բոլորին: Եվ անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ»,- ասել է նա: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Նման սպեկուլյատիվ հայտարարությունները նույնիսկ արժանի չեն որեւէ մեկնաբանության: Այստեղ ես տեսնում եմ միայն շահարկում, ուրիշ ոչինչ»: Ինչ մնում է Մարտի 1-ին Արցախից զորքեր բերելու հարցին` Բաբայանն ասաց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ. Արցախից զորք չի եղել»:

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր
Օգոստոսի 15-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Պաշտպանության նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Նորայր Յոլչյանի ազատումը այդքան էլ պատահական չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունում խոսակցություններ կան, թե նրան ազատել են նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով: Ավելին` կարծիք կա, որ թիկունքի պետը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ, կոռուպցիայի մաս չկազմել: Ներկայումս Պն-ում թափուր է երկու կարեւոր պաշտոն՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի եւ թիկունքի պետի պաշտոնները, քանի որ ոչ բոլորն են համաձայնում աշխատել:

 

 

2 ՄԼՆ ԴՊՐՈՑԻՆ
ՀՀ կառավարությունը կրթության եւ գիտության նախարարությանը որպես նվիրաբերություն «Երեւանում հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման համար կհատկացնի 2 մլն 10 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դպրոցի բացումը տեղի է ունենալու օգոստոսի 22-ին: Հիշեցնենք` դեռեւս 2016 թվականի ապրիլի 6-ին Երեւանում ստորագրվել էր «Չինաստանի աջակցությամբ Հայաստանում Հայ-չինական դպրոցի կառուցապատման նախագծի» կատարման համաձայնագիրը, որի շրջանակներում Չինաստանի կառավարությունը շուրջ 12 մլն դոլարի ներդրում է կատարել: Նկատենք, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումը կլինի անվճար, եւ ուսուցանում կազմակերպվելու է 405 աշակերտների համար:




Լրահոս