ՉԿԱ ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱԾ ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո զրուցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող մի շարք աղմկահարույց քրեական գործերի նախաքննությունը:

-Պարո՛ն Վանեցյան, կարծես թե Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող որոշ աղմկահարույց քրեական գործեր փակուղի են մտել:
-Չկա փակուղի մտած գործ:
-Այդ դեպքում ի՞նչ փուլում է գտնվում Ազգային անվտանգության ծառայության կողմից «Երեւան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործը, ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, կարծես թե լռություն է:
-«Երեւան» հիմնադրամով 1 միլիարդ 807 միլիոն արդեն իսկ հիմնավորած գումար ունենք, գումարը շատանում է:
-Նախկին քաղաքապետին կանչե՞լ եք հարցաքննության:
-Ո՛չ, դեռեւս չի հարցաքննվել:
-Ինչո՞ւ, հիմքեր չկա՞ն:
-Որովհետեւ պետք է լինեն ստուգումներ, դուք տեսաք չէ՞, որ երեք գազել փաստաթուղթ էինք տանում, այդ փաստաթղթերը պետք է ստուգեն, գնահատականը տան, որից հետո անհրաժեշտություն կլինի…:
-Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ինչպես ԱԱԾ քննիչները, այնպես էլ ՀՔԾ քննիչները խոսել են մտավախությունների մասին, թե չեն պատկերացրել, որ կարող են, օրինակ, հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին, նրա եղբորը կամ Վաչագան Ղազարյանին եւ այսպես շարունակ: Դուք ԱԱԾ քննիչների մտավախություններից տեղյա՞կ եք:
-Ոչ մի մտավախություն չունեն, ես մեկ անգամ ասել եմ, խնդրում եմ դա հիշեք, երբ Ազգային անվտանգության ծառայությունը սկսում է գործել, սկսում է իրականացնել միջոցառումներ, 99 տոկոսով այդ գործերը ունենալու են դատական վախճան:
-Այսինքն` հաստատ ԱԱԾ քննիչները չե՞ն վախենում հարցաքննության կանչել Հովիկ Աբրահամյանին, նրա եղբորը եւ այսպես շարունակ:
-Ընդհանրապես, ընդհանրապես, նայեք՝ մեկ իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած իրավապահ մարմին, եթե գործողություն է իրականացնում, հետո այդ մարդուն չեն ձերբակալում, բաց են թողնում, տվյալները ամբողջովին չեն հաստատվում, ի վերջո գալիս, ընկնում է ԱԱԾ-ի դաշտ, ԱԱԾ-ն ինչ արել է, ինչի մասին հայտարարել է, մինչեւ վերջ գնում է առաջ:
-Ապօրինի սահմանահատման դեպքերը այս օրերին նկատեցինք, որ բավականաչափ շատացել են, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Շատ-շատ են:
-Ի՞նչ եք անում այս ուղղությամբ:
-Ողջունում ենք օտարերկրացիների մուտքը Հայաստան զբոսաշրջության զարգացման եւ այնպես ենք անելու, որ… Ապօրինի սահմանահատում մշտապես լինում է, մեր սահմանապահները իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
-Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին բարձրաձայնվեց: Ավելին` Դուք մեզ հետ զրույցում դեռեւս ամիսներ առաջ հայտնել էիք, որ բյուջեից փողեր են գողացել, յուրացրել են, ինչի պատճառով կան ձերբակալված փոխնախարար եւ այլ պաշտոնատար անձինք: Անցել է տեւական ժամանակ, ի՞նչ փուլում է գործը, ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞ց, կալանավորվեցի՞ն, թե՞ ազատ արձակվեցին:
-Կան կալանավորվածներ:
-Ովքե՞ր են:
-Նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը եւ մեկ էլ նախկին աշխատակազմի ղեկավարը: Այսքանը:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կալանավորվածը արտակարգ իրավիճակների նախարարի նախկին տեղակալ Համլետ Հակոբյանն է, որն այս պաշտոնին է եղել 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ եւ Դավիթ Տոնոյանի՝ նախարար եղած ժամանակ։ Երկրորդ կալանավորվածը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ

2018թ. մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին:

Մասնավորապես, ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Բացի այդ` նշված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած անձինք, ինչպես նաեւ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները աշխատանքների կատարման ակտերում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները նշել են որպես կատարված: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնեական անփութության, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի` փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ 2003-2016թ. սեպտեմբերը ՀՀ մշակույթի նախարարը եղել է Հասմիկ Պողոսյանը, որն 2018թ. նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Ասել է թե` բացահայտված չարաշահումները տեղի են ունեցել հենց նրա օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
-Տիկի՛ն Մակունց, մինչ Ձեր պաշտոնը ստանձնելը հայտնի դարձավ, որ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կառավարման օրոք հուշարձանների վերանորոգման մասով չարաշահումներ էին հայտնաբերվել, շուրջ 60 միլիոնի չարաշահման մասին էր խոսքը, հետաքրքրվե՞լ եք` ինչ փուլում է գործը:
-Այո՛, հետաքրքրվել ենք, որ չարաշահումների հետ կապված բոլոր գործերը գտնվում են ՀՀ գլխավոր դատախազությունում, մի մասի հետ կապված կան որոշումներ կայացված, որոնց ընթացք է տրվում: Մասնավորապես, «Գիրք» ՊՈԱԿ-ի հետ կապված գիտեք, որ այն լուծարվում է, որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցված եւ ընթացքի մեջ են: Մենք հետաքրքվել ենք, եթե այդ կտրվածքով մշակույթի նախարարությունը ինչ-որ գործառույթ ունի կատարելու, որպեսզի այն իրականացնենք, բայց այս պահի դրությամբ գործը գտնվում է իրավապահ մարմիների վերահսկողության տակ:
-Դուք պատրաստվո՞ւմ եք որպես նախարար պատասխանատվության կանչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասիկ Պողոսյանին կամ Արեւ Սամուելյանին, քանի որ, ի վերջո, ոլորտի պատասխանատուները նրանք են եղել, տեսնո՞ւմ ենք նրանց պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:
-Իրավապահ մարմինները քննության ընթացքում իրենք են սահմանում, թե որ չափով որ այրն է պատասխանատու, եւ վստահ եմ, կասկած չունեմ, որ այն անձինք, որոնք ներգրավված են, իրենք հետամուտ են լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն, իսկ թե ով ինչ չափով, դա արդեն իրավապահ մարմիները գիտեն:
-Իսկ հիմա ովքե՞ր են ներգրավված այս չարաշահումների գործով:
-Բնականաբար, եթե ընթացքի մեջ է, ապա կան մարդիկ, որոնք ներգրավված են, մանրամասներին չեմ տիրապետում. ինձ իրավապահ մարմինները չեն տեղեկացրել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻ ՔԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արված գործերին, նշել է. «Իմ` ՀՀ ոստիկանապետի պաշտոնում 100 օրը լրանում է օգոստոսի 20-ին, եւ ձեզ ու հանրությանը մանրամասն կտեղեկացնենք իմ պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին»: Հարցին՝ արդյոք ավարտվե՞լ են կադրային փոփոխությունները ոստիկանությունում, եւ ի՞նչ նորություն կա ներքին զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ, քանի որ Լյովա Երանոսյանից հետո դեռ նշանակում չի արվել, Վ. Օսիպյանն ասել է. «Կադրային փոփոխությունները, ինչպիսին ոստիկանության համակարգն է, միշտ եղել եւ լինելու են, իսկ ներքին զորքերի հրամանատարի վերաբերյալ ասեմ, որ ուսումնասիրություններ եմ կատարում եւ ունեմ մի քանի թեկնածու, աշխատում եմ այնպիսի նշանակումներ լինեն, որ արժանի լինեն, բանիմաց լինեն եւ բացասական անցյալ չունենան»:

 

 

ԱԱԾ ԵՎ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ
Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում, այս մասին ասել է Ա. Վանեցյանը: «Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն եւ կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքը հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,-ասել է ԱԱԾ տնօրենը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին. «Կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»:

 

ՀԱԿ-Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայ ազգային կոնգրես»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «2008թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաեւ պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միեւնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ եւ բռնություններով, այլ դրանից առաջ եւ հետո` ամիսներ ընդգրկող ժամանակաշրջանում, տարածվել է հազարավոր քաղաքացիների վրա բազմաբնույթ հալածանքների եւ հետապնդումների տեսքով: Հազարավոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանության կողմից մի ամբողջ իրավաքաղաքական գործընթացի նախաձեռնում, որը կներառի արդարադատության վերականգնման հատուկ մարմինների ստեղծում եւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունում: ՀԱԿ-ն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նույնպես նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց»:




Լրահոս