ՉՆԱՅԱԾ ԱՐԳԵԼՔԻՆ` ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարելով ՃՈ արգելքները` ազատ շրջել են հանրապետությունում: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Օրինակ, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից անցած տարեվերջին որոշում է կայացվել վեց ամսով Ռաֆայել Զաքարյանին զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն վերջինս մարտի 18-ին Երեւանի Մ.Մելիքյան փողոցում վարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Իսկ ահա մեկ այլ քաղաքացուն` Լեւոն Պողոսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 11-ին Երեւանի Վաղարշյան փողոցում առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Սակայն ՃՈ ծառայողը կանգնեցրել է եւ պարզվել է, որ նա զրկված է եղել մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Կարեն Գրիգորյանը ՃՈ աշխատակիցների կողմից կայացված որոշման համաձայն վեց ամիս ժամկետով զրկված լինելով մեքենա վարելու իրավունքից` իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 66 կմ հատվածի խաչմերուկի տարածքում վազանց կատարել, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի` նման օրինակները բազմաթիվ են:
Նրա խոսքերով` անձին ինչ-ինչ պատճառներով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից հնարավորություն ունի զրկել ե՛ւ դատարանը, ե՛ւ ճանապարհային ոստիկանությունը: «Դատարանը քրեական գործերով` վթարների, վրաերթերի դեպքերով կարող է զրկած լինել անձին մեքենա վարելու իրավունքից, իսկ ճանապարհային ոստիկանությունը` իրավախախտման համար: Օրինակ, ոչ սթափ վիճակում կրկին անգամ վարելու դեպքում անձը կզրկվի մեքենա վարելու իրավունքից: Բայց կան դեպքեր, որ զրկված վիճակում անգամ շարունակում են տրանսպորտային միջոց վարել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց Արմեն Խաչատրյանը:
Ըստ նրա` սա արդեն համարվում է հանցագործություն: «Երբ մենք հայտնաբերում ենք, որ անձը զրկված է, բայց չնայած սրան` շարունակել է վարել, անմիջապես նյութեր ենք նախապատրաստում եւ ուղարկում քննչական մարմիններին: Քննչական մարմինների կողմից եթե հիմնավորվում է նրա այդ հանցավոր արարքը, ուղարկվում է դատարան: Մեզ մոտ կա ծրագրային տեխնիկական հնարավորություններ, որոնցով հնարավոր է լինում վերահսկել: Այսինքն` եթե անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, բայց շարունակում է վարել, եւ նրա անվան հետ կապված իրավախախտման արձանագրություն կազմվելու դեպքում մեր համակարգը ցույց է տալիս, որ այս անձը զրկված է եղել, սակայն վարել է: Շատ քիչ իրավախախտումների դեպքում են զրկվում մեքենա վարելու իրավունքից, սա վարչական իրավախախտումներում ծայրահեղ սանկցիան է»,- բացատրեց Խաչատրյանը:
Ապա անկեղծացավ` նշելով, որ ճանապարհային տեսուչը այս պահին օնլայն ստուգելու հնարավորություն չունի` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Բայց կասկածելու դեպքում նա ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն: «Իսկ եթե կասկած չի լինում, եւ տեսուչը նրա նկատմամբ արձանագրություն է կազմում, եւ երբ հաշվառում ենք մեզ մոտ իրավախախտումների հաշվառման բազայում, կոպիտ ասած, այդ ծրագրային համակարգը ազդանշան է տալիս, որ այս մարդը զրկված է մեքենա վարելու իրավունքից: Այդ դեպքում մենք նյութերը հավաքում ենք ու ուղարկում քննչական մարմին: Երբ մեր ճանապարհային ոստիկանները կունենան կրովի համակարգչային տեխնիկա, այս հարցը հեշտ կլուծվի»,- հույս հայտնեց ՃՈ ներկայացուցիչը:
Ի դեպ, զրույցի ավարտին Արմեն Խաչատրյանը նկատեց, որ այս ընթացքում դեռեւս կին վարորդ զրկված չի եղել մեքենա վարելու իրավունքից: Իսկ այս տարեսկզբից առ այսօր զրկված վիճակով վարելու 127 փաստ է հայտնաբերվել, եւ նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս