ՍԱԲՈՏԱԺԻ ՄԵԽԱՆԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ուղղված նախազգուշացումը՝ «խելքները գլուխները հավաքելու» մասին, պատահական չէ: Փաշինյանի թիմում լուրջ կասկածներ կան, որ դատական համակարգի ներսում մի թիմ որոշել է սաբոտաժ կազմակերպել` գործելով հօգուտ նախկին իշխանությունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վճիռը կայացնելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը` Ռշտունին, քննարկելու թեման: Տեսակետ կա, որ այս գործընթացին մասնակցություն ունեն նաեւ այլ կառույցների ներկայացուցիչներ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որ աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ զբաղեցնում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի պաշտոնը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ու զարմանալի է՝ երբ առաջինն ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը սա չընդունեց որպես ազդակ, կամ եթե ընդունեց ու պարզեց մեխանիզմները, ինչո՞ւ ավելի վաղ քայլեր չարվեցին այն կանխելու ուղղությամբ:

 

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ, 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրների:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Շիրակի մարզում ջրօգտագործման թեմային. այնտեղ «ջրային իշխանությունը» «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է, որն էլ որոշում է՝ Արփի լճից ջուրը բաց թողնել Կառնուտի՞, թե՞ Ախուրյանի ջրամբար: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այնտեղ Գրիգորյանի թեթեւ ձեռքով հինգ օրում «անհետանում է» 1.8 մլն խմ ջուր՝ 20.7 մլն դրամ արժեքով, ու տպավորություն է, թե այդ 20.7 մլն դրամը պարզապես գրպանվում է «ջրային իշխանությունների» կողմից: Հիշեցնենք նաեւ՝ Ռ.Գրիգորյանը «Շիրակ» ՋՕԸ տնօրեն է նշանակվել ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Արսեն Հարությունյանի շնորհիվ, քանի որ մինչ այդ նրանք աշխատել են միասին գազամատակարարման ներտնային ծառայությունների սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունում։

 

 

 

Մայրաքաղաք Երեւանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է` ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին. «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը»: Այդ նիստում էլ ընտրվելու է քաղաքապետը: Ակնհայտ է, որ ԿԸՀ-ն ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաեւ մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները: Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպտեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը:

 

 

 

ԴԵՐԻ ՄԵՋ
Շատերն են հիշում երջանկահիշատակ դատախազ Վլադիմիր Նազարյանի խոսքերը. «Մտածում եք, որ եթե կարդաք, կարող է հանկարծ ձեր ուղեղն աշխատի եւ բթության կուսությունը կվնասվի»:
Հիմա այդ վտանգի առաջ հայտնվել են ՀՀԿ-ականները, որոնք բավական սուր են ընդունել հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ խոսելուց առաջ մտածելու մասին: Ու հիմա բանը հասել է նրան, որ երեկ տեսաուղերձ է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀ վարչապետի այդ հայտարարությունները որակել «ուղղակի ոտնձգություն այլակարծության նկատմամբ»։
Իսկապես զավեշտ է, երբ այլակարծության, այլախոհության մասին խոսում են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ դաժան պայքար են մղել խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների դեմ:
Զավեշտալի է նաեւ, երբ Բաբլոյանը խոսում է ԱԺ-ի նկատմամբ ճնշումների սպառնալիքից ու դրանց անթույլատրելիությունից. «ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում»:
Իսկ հիշում ե՞ք, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն օրենսդրությամբ ԱԺ նախագահին դուրս թողեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդից, նույն Բաբլոյանը ոչ միայն չէր դժգոհում, այլեւ փորձում էր պատճառաբանություններ բերել՝ արդարացնելու խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում օրենսդիր մարմնի նվաստացումները: Կամ հիշում եք՝ ինչպես էր կառավարությունը տարիներ շարունակ օրենսդիր մարմնին վերածել դակիչ մեքենայի` վերապահելով միայն կոճակ սեղմելու գործառույթ: Այդ ժամանակ էլ Բաբլոյանը չէր դժգոհում, այլ հլու-հնազանդ կատարում էր իրեն վերապահված դերը:
Մինչդեռ հիմա նա ոչ միայն խոսում է օրենսդիրի նկատմամբ իբր ճնշումներից ու պարտադրանքից, այլեւ ահազանգում, թե «երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են»: Արժի՞ արձանագրել, որ Բաբլոյանի թվարկած իրավիճակները Հայաստանում եղել են քսան տարի շարունակ, եւ այդ ամենն այն իշխանության մեղքով, որի մաս է կազմել նաեւ Բաբլոյանը:




Լրահոս