Հայ-ռուսական հարաբերությունների եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:
-Պարո՛ն Դուբնով, ՀՀ կառավարության վերաբերյալ ռուսական շրջանակներում տարբեր կարծիքներ կային: Լրացավ կառավարության աշխատանքի 100 օրը: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս շրջանում:
-100 օրվա համար մենք չենք կարող հստակ ասել` կառավարությունը լա՞վ է աշխատում, թե՞ վատ: Բայց կառուցողական մաս մենք դեռեւս չենք տեսնում: Չի հայտնվել տնտեսական որոշակի ծրագիր, ռազմավարություն: Բայց ես մեղքը չէի բարդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի վրա: Դա այն պատճառով, որ օբյեկտիվ պատճառներ կան: Առաջին հերթին կարող ենք ասել, որ հավաքվել են մարդիկ, որոնք իրականում կառավարական խումբ չեն հանդիսանում եւ այս ընթացքում, իհարկե, դժվար կլիներ հավաքել ճիշտ մարդկանց: Ես կարծում եմ, որ մենք իդեալիստներ չենք եւ հասկանում ենք, որ դժվար է եղել այդ անելը: Երկրորդը` հենց ինքը` հեղափոխությունը չի ենթադրում որեւէ կոնցեպտ: Եվ կարծում եմ, որ մենք դեռեւս ստիպված կլինենք սպասել արտահերթ ընտրություններին, գուցե նաեւ` ավելի երկար, որպեսզի ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեն: Եվ երրորդը` ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթների իրադարձությունները, ինչպես Լենինն էր ասում` հեղափոխությունը պետք է ինքն իրեն պաշտպանի: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը պաշտպանելու խնդիրն առաջին օրերից դրված է եղել եւ հիմա նոր մակարդակի է բարձրացել: Ակնհայտ է դարձել, որ կառավարական ապարատի բյուրոկրատական մասի մի հատվածը Փաշինյանի համար ռեսուրս չի հանդիսանում: Ավելի շուտ դա ռեսուրս է, որն ավելի հեշտությամբ կարող են օգտագործել իր ընդդիմադիրները: Եվ այդ հարցը լուծել առանց հեղափոխական մեթոդների, դատական համակարգում անցումային օղակների բավական դժվար է: Ցանկացած հեղափոխության խնդիրն այն է, թե որքանով է այն ի վիճակի մնալ անցումային անօրինության շրջանակներում: Իրենց հաջողվեց հեղափոխություն անել եւ դա իսկապես թավշյա էր, անցավ: Ես, ցավոք, չեմ տեսել հաջող անցումային անօրինության վիճակ, որովհետեւ նույնիսկ ռեալ բարեփոխիչ Միխայիլ Սահակաշվիլին մի պահ չմնաց այդ շրջանակներում, եւ համակարգը գնաց անդունդ եւ թաղեց իր ստեղծողին այդ փլատակների տակ:
-Նույն Սահակաշվիլին հույս էր հայտնել, որ Փաշինյանը չի կրկնի իր սխալները:
-Ես կարծում եմ, որ Սահակաշվիլին բոլորովին այլ սխալներ նկատի ուներ: Եվ նա Փաշինյանին հորդորում է ամուր լինել այն լուրջ մոլորությունների հարցում, որ ինքն է ունեցել: Բայց կարծում եմ, որ դրանք տարբերվում էին: Սահակաշվիլիի հաղթանակի պահին արդեն կար քիչ թե շատ մտածված կոնցեպտ, կար հասկանալի ռազմավարություն եւ կար պատկերացում, թե ինչպիսի տեսք պետք է ունենա թիմը: Այս դրական կողմերը Փաշինյանի մոտ դեռեւս չեն նկատվում, բայց հույս ունեմ, որ նրան կհաջողվի բացասական միտումներից հեռու մնալ:
-Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց, ռուսաստանյան կողմից հայտարարություններ եղան, լավ չընդունվեց այդ փաստը: Չե՞ք կարծում, որ դա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին:
-Այո՛, անշուշտ միջամտում է: Բայց Ռուսաստանը զարմանալիորեն կառուցողական, գրագետ է սկսել խոսել այս հարցում: Ես կարծում եմ, որ Լավրովի հետագա բոլոր հայտարարությունները հայ ընկերների կողմից լավ կազմակերպված փիար ընկերության արդյունք էին: Ես չեմ կարծում, որ մենք այդ հարցի վերաբերյալ կարող ենք խոսել ռուսաստանյան քաղաքական գծի կոնտեքստում: Թեեւ Մոսկվայում սահմանափակ թվով մարդիկ կան, որոնք լրջորեն հավատում են արեւելք-արեւմուտք խաղաղությանը: Այդպիսի մարդիկ էլ կան, որոնք ազդեցություն են ունենում: Բայց կարծում եմ, որ մենք այն, ինչ դեռեւս տեսնում ենք ռուս-հայկական շփման գծում` պրագմատիկ գործողություններ են` մի կողմից թելադրված ռուսական ընկալումներով այն ամենի շուրջ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, եւ մյուս կողմից` առանձին հայ ընկերների առանձին պատվերներով:
-Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում իր անհանգստությունն էր հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հանրահավաքին հրապարակում հակառակն էր պնդել` շեշտելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը միայն զարգացնելու են հարաբերությունները: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններում:
-Ես չեմ կարծում, որ այս հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, եւ որեւէ ռիսկային բան կա այդտեղ: Հայաստանը շատ մեծ ռեսուրս ունի բարեփոխումներ իրականացնելու` առանց ռուս-հայկական հարցը շոշափելու:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԳՈՎԱԶԴԻ ՎԱ՞ՅՐ
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին որոշ քաղաքացիների ձեռքին կարելի էր տեսնել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում դիմեց այս եւ նմանատիպ այլ պաստառներով քաղաքացիներին. «Այսօր քանի որ միասնության օր է, խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որեւէ մեկի: Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է»:
Վարչապետի ուղերձն ավելի քան պարզ էր: Պետք է նշել, որ ներկայում որոշ քաղաքացիների շրջանում դեռեւս շարունակվում է այն պրակտիկան, երբ մարդիկ գնում են հանրահավաք` ավելի շատ լուսանկարվելու, սեփական ներկայությունն ապացուցելու համար` դրա դիմաց ունենալով որոշակի ակնկալիքներ: Սա կարելի է եզրակացնել` ելնելով այն հանգամանքից, որ հանրահավաքին որոշ մարդիկ եկել էին այս կամ այն ընկերության պաստառով` գովազդելով իրենց, միաժամանակ ցույց տալով վարչապետին եւ կառավարությանը, որ նրանց հետ են: Էլ չենք ասում մարզերի, համայնքների անունից պարզած ցուցապաստառների մասին: Սեփական «գովազդն» ապահովելու նկրտումները նորություն չեն. դրանք նկատվեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, երբ որոշ անձինք ոչ թե մտահոգված էին սահմանին տիրող իրավիճակով, այլ գնում էին զորամասեր կամ սահման` լուսանկարվելու եւ այդպիսով իրենց ներկայությունն արձանագրելու համար: Պատահական չէ, որ նման անձանց անվանեցին «սելֆիդայի», «ֆեյսբուքի ֆիդայի»: Սակայն, թերեւս, պետք է հեղափոխություն տեղի ունենա նաեւ մարդկանց մտածելակերպի մեջ, որպեսզի նրանք գիտակցեն, որ խնդիրը չպետք է լինի պարզապես ձեւական մեթոդներով որեւէ բան ապացուցելը, այլ եթե հանրահավաք են գնում, դա արվի` որպես քաղաքացի սեփական դիրքորոշումը տեղ հասցնելու համար: Ու մի բան էլ՝ եթե ոմանք հույս ունեն նոր կառավարության կողքին կանգնելով` չնախատեսված արտոնություններ ստանալ, հիասթափություն է սպասվում. Փաշինյանը հայտարարել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, բոլորը՝ առանց բացառության:
Հ.Գ.Նախկին իշխանությունների օրոք նման դրսեւորումները ոչ միայն խրախուսելի էին, այլեւ պարտադիր` «ներկա-բացակայի» գործը հեշտացնելու համար: Բայց Փաշինյանի հանրահավաքին որեւէ մեկին ստիպողաբար չէին բերել. մարդիկ իսկապես հաճույքով, ինքնակամ էին քայլ արել:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ
Արժեքների հեղափոխության գործով դատապարտված Շանթ Հարությունյանը շարունակում է բանտում մնալ։ Այս գործով օրենքի շրջանակներում Հարությունյանին ազատ արձակելու տարբերակներից մեկն էլ համաներում կիրառելն է, կամ պարզապես ներում շնորհելը: Սակայն նման որոշում դեռեւս չկա։ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ ակնկալում են նոր իշխանությունների որոշումն այս հարցում, եւ դա պետք է զուտ քաղաքական որոշում լինի ոչ թե համաներում շնորհելու, այլ արդարացնելու Շանթ Հարությունյանին։ «Այս հարցում արձագանք դեռեւս չկա։ Կառավարությունից որեւէ մեկը չի հետաքրքրվել այս հարցով: Միայն ՄԻՊ֊ից են վերջերս այցելել՝ ընդհանուր հարցերի հետ կապված։ Եվ եթե կառավարությունը խոսում է արդարադատության մասին, եւ նշվում է, որ դատական համակարգը պետք է արդար լինի, մենք տեսնում ենք, թե որքանով է արդար»,֊ասաց Ռուզաննա Բադալյանը։ Այս գործը ներկայում Եվրադատարանում է, եւ Բադալյանի խոսքով՝ իրենք պետք է սպասեն կա՛մ այս ատյանի որոշմանը, որն, ըստ իրեն` կարդարացնի, կա՛մ էլ պետք է սպասեն՝ մինչեւ լրանա Հարությունյանի կալանավորման ժամկետը։ Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերին։
ԱՐՏԱԳԱՂԹԻ ՇՈՒՐՋ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ժամանել է 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով: Այս տարի եկածների թիվը ավել է 29.986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34.000-ով ավելի օտարերկրացի»: Ավելի վաղ` Տավուշի մարզ այցի ժամանակ, նա ասել էր, թե ՀՀ-ից վերջին երեք ամիսներին արտագաղթը դադարել է: Սակայն վարչապետի այս հայտարարությանը շտապեց արձագանքել քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը: Նրա պնդմամբ, այս տարվա առաջին կիսամյակում 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից եւ չեն վերադարձել: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի»,- ասել է նա: Որ Հայաստանում արտագաղթի տեմպերը շարունակվում են, փաստ է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից պարզեց, որ թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը սկսել են դանդաղել: Արտագաղթը կա, բայց ՀՀԿ իշխանության տարիների համեմատ` զգալի պակաս: Բավական է միայն նշել, որ 2017թ. առաջին կիսամյակում արտագաղթածների թիվը, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմել է 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, այս տարի ընդամենը` 50 հազար 796 քաղաքացի: