Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին անդրադարձել էր դատական համակարգում առկա վիճակին եւ նշել. «Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետեւյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով` ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ` կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»:
Հասկացողը հասկացավ
ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգում սկսել են խոսակցությունները, թե այսքանից հետո թող անհանգստանան նրանք, ովքեր կատարել են նախորդ իշխանությունների ասածները, իսկ ում խիղճը մաքուր է, հանգիստ աշխատում է: Ավելին` դատական համակարգում բոլորը միմյանց լավ ճանաչում են, եւ հիմա նրանք բավական թափանցիկ ակնարկներով խոսում են, որ գիտեն` ով ում համար է աշխատում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ո՞ր դատավորներին է իրականում ուղղված նրա խոսքերը:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել մի սխեմա, որը գծել են ներկայիս իշխանությունները եւ մատնանշել, թե իրավական համակարգի որ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով են ազատ արձակվել աղմկահարույց քրեական գործերով հայտնի պաշտոնյաները:
Ով ում միջոցով
Օրերս գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը` Ռշտունին: Նրանք քննարկել են Սահմանադրությամբ ՀՀ նախագահի անձեռնմխելիության դրույթի հետ կապված հարցեր, թե ինչպե՞ս կարող է այն կիրառվել Քոչարյանի դեպքում:
Ինչեւէ: Ռշտունու տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններս, երկար խոսելով Սահմանադրության այս կետի մասին` կարծիք են հայտնել` եթե նոր իշխանությունները կուլ տան անձեռնմխելիության հարցը, ապա այն կտարածվի նաեւ «շեֆի»` Սերժ Սարգսյանի վրա: Ուստի վերջիններս ամեն գնով որոշել են այնպես անել, որ առաջ տանեն թեման, որ ազատ արձակելով Ռոբերտ Քոչարյանին` ապահովագրեն Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ի պատասխան մեր հրապարակման` Վազգեն Ռշտունին հայտնել էր, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Թույլ դատախազներ նշանակելով
Եվ ահա, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս եռյակից, այլ մարդիկ եւս ընդգրկված են եղել այդ սխեմայում: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձակուրդ է մեկնել, որպեսզի մասնակից չլինի նման գործողությունների: Իսկ եթե հետագայում նրան իշխանությունները կանչեն մեկնաբանություններ տալու, ալիբի ունենա` ասելու, թե գործընթացից տեղյակ չի եղել, եւ որ ամեն ինչ իր թիկունքում է արվել: Բայց կա տեսակետ, որ ներկայիս իշխանությունները վստահ են` դատախազը իրավիճակից առնվազն տեղյակ է եղել:
Ինչեւէ, մինչ գլխավոր դատախազը գտնվել է արձակուրդում, գործը փորձել են գլուխ բերել նրա աշխատակիցները:
Այսպիսով` մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ զբաղեցնում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի պաշտոնը: Եվ ահա Արտակ Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը աղմկահարույց գործերով, մասնավորապես Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի քրեական գործերով նշանակել են բավականին թույլ դատախազների, որ վերջիններս հասնելով դատարան` «բերանը ջուր առած նստեն» ու չփորձեն հավուր պատշաճի իրականացնել իրենց գործառույթները: Ասել է, թե նրանց առաջ խնդիր է դրված եղել ո՛չ առարկել պաշտպանական կողմի միջնորդություններին, ո՛չ էլ բացարկ հայտնել դատավորներին: Ըստ ներկայիս իշխանությունների` այս գործընթացից լավ տեղյակ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, քանի որ կապի մեջ է դատավորների հետ, իսկ ահա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ այն անձն է եղել, որի միջոցով պաշտոնատար անձինք կարողացել են կապ հաստատել վերջինիս որդու հետ: Նաեւ նա եղել է իրավական գործընթացներից, խրթին Սահմանադրության խութերից «գլուխ հանողը»:
Եվ ահա, ըստ սխեմայի, թույլ դատախազներին առաջ տանելով, անձեռնմխելիության հարցը բարձրացնելով, «նախորդ իշխանություններին հաճոյանալով»` իրավական համակարգի որոշ ներկայացուցիչներ կարողացան հասնել նրան, որ մեղադրող դատախազը ինքնաբացարկ չհայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Ալիկ Ազարյանին: Արդյունքում դատարանն էլ կայացրեց որոշում` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Իսկ ահա մինչ այդ էլ` հուլիսի 20-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը: Ամենայն հավանականությամբ, ՀՀ վարչապետի ելույթը նվիրված էր իրավական համակարգի այս ներկայացուցիչներին:
Սակայն այստեղ տարօրինակ է մեկ բան, եթե ներկայիս իշխանությունները հասկացել են նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչների միջեւ կապ կա, ապա ինչու այդ կապը չկոտրեցին կամ չկանխեցին դեռեւս Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու օրերին եւ հիմա նոր քննարկում են իրականացրել, սխեմա են գծել` հասկանալու համար, թե ինչպես են գործել իրավական համակարգի ներկայացուցիչները: Ըստ էության, եթե նրանք վաղուց կանխեին եւ դատավորներին, դատախազներին ասեին` խելքներդ գլուխներդ հավաքեք, ապա Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԱԾ-ԻՆ ՉԻ ԼՍԵԼ
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ: Սակայն անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել եւ քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից: Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու: Այս ամենը հիանալի է, բայց հաշվի առնելով արատավոր երեւույթների դեմ նրա իշխանության պայքարը` պարզ է, որ շատերը (զենքի ու «զորքի» տիրապետող) հիմա Փաշինյանի դեմ «ատամ ունեն», ըստ այդմ՝ չէր խանգարի ավելորդ զգուշությունը:
ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊՆ-Ի
ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունները շարունակում են նախարարության դեմ դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել մատակարարների եւ ՊՆ-ի միջեւ առաջացած տարաձայնություններին, եւ ահա այս անգամ էլ դատարան են դիմել «Ֆորտունա Սփայսիզ» եւ «Ավանգարդ» ՍՊԸ-ն` պահանջելով անվավեր ճանաչել ՊՆ-ի հետ պայմանագիրը նախարարության կողմից միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը:
Ըստ էության ՊՆ-ի եւ վերոնշյալ մատակարար ընկերությունների միջեւ պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում ՊՆ-ն միակողմանի խզել է փաստաթուղթը: Ու հիմա մատակարար ընկերություններն էլ դիմել են դատարան` որոշումը անվավեր ճանաչելու համար:
Ի դեպ, նշենք, որ 2017 թվականին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանագարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Իրավապահները բացահայտել էին, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել: ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»` այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս: Չի բացառվում, որ այսպիսի դեպքերն էլ պատճառ են դարձել, որ ՊՆ հրաժարվում է մատակարարներից:
ՎԱՐՈՐԴԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին` Ամբիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից` Ամբիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Հիշեցնենք` Հովիկ Աբրահամյանի եղբորը` Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել նույն հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` նա ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Ամբիկ Գեւորգյանի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս անվամբ ձեւակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը` Հովիկ Աբրահամյանին պատկանող, Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է մեծ թվով հրազեն, որը հայտնաբերվել եւ առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, եւ 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Հիմա գործն ուղարկվելու է դատարան: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` դեռեւս 11 տարի առաջ՝ 2007-ին, հրազենային վնասվածքով Երեւանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Հարուցվել էր քրեական գործը, որը, սակայն, կարճվել էր. որոշվել էր Արթուր Ղեւոնդյանին քրեական հետապնդման չենթարկել՝ կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով: Թավշյա հեղափոխությունից հետո հարուցվեց նոր քրեական գործ, որի արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղեւոնդյանի կողմից, այլ նրան փորձել են սպանել, իսկ սպանության փորձն իրականացրել է Հայկ Սարգսյանը։ Իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են ատրճանակը: Նշենք, որ քրեական գործից մաս է առանձնացվել նաեւ իրավապահների գործողությունների վերաբերյալ: