ԽՈՇՈՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՆՐԵՐԸ` ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՁԳՏԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին իշխանությունները վստահ էին՝ հասարակության մեջ ոգեւորությունը հետհեղափոխական օրերին արդեն կարող է արագ ավարտվել, բայց արի ու տես, որ ընդհակառակը՝ այն շարունակվում է, անգամ՝ ավելի մեծ թափով: Դրա վկայությունն է այն, որ հասարակության մի զգալի հատված շարունակում է անվերապահորեն վստահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս հանգամանքը փաստացի երեւաց օգոստոսի 17-ին նոր իշխանության հրավիրած հանրահավաքին. նախ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցված էր մարդկանցով, բացի այդ` քաղաքացիները Փաշինյանի ելույթը պարբերաբար ընդհատում էին բուռն ծափերով` համաձայնելով նրա արտահայտած յուրաքանչյուր մտքի հետ: Հետեւաբար Փաշինյանի կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված որեւէ անձ, որ քաղաքում էլ լինի, հասարակության հավանությանն է արժանանալու: Այս իմաստով բացառություն չեն Երեւանի ավագանու ընտրությունները: Ինչպես հայտնի է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքապետի իր թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Այս մասին հանրահավաքին եւս մեկ անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, ինչը բարձր ծափերով ողջունվեց հրապարակի կողմից:
Բայց Փաշինյանի բարձր ժողովրդականությունն ու վարկանիշն ինչ-որ առումով իր ճանապարհին «խնդիր է»: Մի շարք կուսակցություններ, որոնք տարիներ շարունակ մասնակցել են տարբեր ընտրությունների, սակայն ամենատարբեր պատճառներով կա՛մ պարտվել են, կա՛մ հավաքել նվազագույն շեմը հաղթահարելու համար ձայներ, ներկայում ամեն ինչ անում են, որպեսզի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» հետ նույն հարթակում մասնակցեն միասնական ցուցակով կամ դաշինք կազմած:
Եվ քաջ տիրապետելով իրավիճակին` վարչապետ Փաշինյանն արդեն հասցրել է բոլոր կուսակցություններին մերժել` մի մասին հրապարակավ, մյուսին` ներքին կարգով, ոմանց էլ պարզապես չպատասխանելով: Մասնավորապես, «Ելք» դաշինքի երեք կուսակցություններում քննարկումներ էին գնում, որից հետո պետք է նաեւ միասնական թեկնածուի հարց քննարկվեր: Սակայն այս անգամ էլ, ինչպես Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ձեւաչափը քննարկելիս, կոնսենսուս չեղավ, եւ «Քաղաքացիական պայմանագիրն» ինչպես որ որոշել էր, այնպես էլ վարվեց. Փաշինյանի թիմն ընտրություններին մասնակցում է, ինչպես արդեն նշեցինք, Հայկ Մարությանի գլխավորած ցուցակով: Այս պայմաններում զարմանալի չէր «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների վարքագիծը, որոնք որոշում կայացրին միասին հանդես գալ` հասկանալով, որ առանձին-առանձին էլ ավելի բարդ կլինի շոշափելի արդյունքի հասնել: Եվ հիմա «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները որոշում կայացրին ավագանու ընտրություններին գնալ` որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Փաշինյանի թիմի հետ էր ցանկանում ընտրություններին մասնակցել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Երեկ ասուլիսում այդ մասին բաց տեքստով խոսեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ պատասխան չի ստացվել ՔՊ-ից: Ընդ որում, նա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո առաջինն էր Փաշինյանին իրենց հետ համագործակցության կոչ արել: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը դժվար չէ կռահել. իր ճամփան փորձում է ՔՊ-ի միջոցով հարթել: Հիմա «Ժառանգությունում» հույս ունեն, որ գոնե խորհրդարանական ընտրություններին կհաջողվի Փաշինյանի թիմի հետ միասնական ցուցակով հանդես գալ: Տեսնելով ՔՊ-ի լռությունը` «Ժառանգությունը» որոշում է կայացրել միայնակ մասնակցել ավագանու ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու ՔՊ-ի միջեւ սկզբում համագործակցության թեմայով քննարկումներ եղել են: Սակայն հետո թեման փակվել է, քանի որ ՔՊ-ն դաշինք կազմելու դեպքում ստիպված էր ներառելու ուրիշների, բայց չկա երաշխիք, որ այդ դաշինքը կարճ ժամանակ անց չէր քանդվի, կամ իրենց բաղձալի մանդատը ստանալուց հետո մարդ կուսակցությունները չէին հեռանա, ուստի որոշվել է նաեւ ՀԱԿ-ի հետ դաշինք չկազմել:
«Օրինաց երկիր» կուսակցության դեպքում ընդհանրապես որեւէ բանակցություն, քննարկում չի եղել, եւ ի սկզբանե նրանք մերժվել են: Կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի հետ եւս որեւէ քննարկում չի կայացել, եւ կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրություններին: Կառավարության մաս կազմող մյուս ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հասկանալով ստեղծված իրավիճակը եւ անհեթեթ դրության մեջ չհայտնվելու, նաեւ` քաղաքական դաշտում երկրորդ ուժը լինելու կարգավիճակը պահպանելու նպատակով ի սկզբանե հայտարարեց, որ սեփական քաղաքապետի թեկնածու ունի: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Մնացյալ մասնակից ուժերն են «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ՀՀՇ-ն` Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, նորաստեղծ «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը, որի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, թեկնածուն Մանուել Գասպարյանն է, Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի թեկնածուն հանրությանն անհայտ Արտակ Ավետյանն է: Սրանք մեկ անձի կուսակցություններ են, որոնցից հանրությունը միայն կուսակցության ղեկավարին է ճանաչում, եւ հասկանալի է, որ նման ուժերն առանձնապես մեծ շանսեր չունեն ընտրություններին հաջողություն գրանցելու: Պետք է արձանագրել, սակայն, որ այս ավագանու ընտրություններն իրավամբ աննախադեպ են լինելու, քանի որ արդեն իսկ պարզ է, որ բավական մեծ թվով մանր ու միջին կուսակցություններ են մասնակցության հայտ ներկայացրել: Սակայն ակնհայտ է, որ ավագանու ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է երկու ուժերի` «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Իսկ երրորդ ֆավորիտ ուժը կարող են «Ելքի» երկու ուժերը` ԼՀԿ-ն եւ «Հանրապետությունը» միասին լինել կամ էլ Դաշնակցությունը, որի թեկնածուն դեռեւս անհայտ է: Ընդհանուր առմամբ, արձանագրենք, որ, ի վերջո, դաշտում որպես ֆավորիտ ուժեր հներն են մնում: Բացառություն է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին հաջողվեց ստեղծումից 3 տարի անց իշխող ուժ դառնալ: Եվ այսպիսով` պարզ է, որ կուսակցության վրա մեծ պատասխանատվություն է դրված, եւ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով տարբեր կուսակցությունների փորձը, անցյալի սխալները, չի ցանկանում իր կողքին տեսնել ուժերի, որոնք կարող են հետագայում հենց իր համար գլխացավանք դառնալ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՆԵՂՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի` Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում: Արդեն 3 օր է` նրանք հրաժարվում են աշխատանքի դուրս գալ: Բանվորները կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը եւ շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, բայց արի ու տես, որ հրաժարվում է վճարել հավելյալ գումար:
Օրեր առաջ էլ Շիրակի մարզպետին էին դիմել Հյուսիս-հարավ Տրանշ 3 /Լանջիկ- Գյումրի շուրջ 27.5 կմ/ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սինոհիդրո» կազմակերպության գործվածքի /ամրանագործներ/ եւ բետոնալցման բաժնի մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի, աշխատաժամերի եւ անվտանգության հարցերով: «Սինոհիդրո» հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիան համաձայնել է, որ աշխատաժամերի հարցը տարբերվում է մեր երկրում գործող օրենքներից. իրենք չունեն մեր նման մեկժամյա վճարովի ընդմիջում, սակայն խոստացել են հարցը հստակեցնել իրենց իրավաբանի հետ: Նույն աշխատանքներն իրականացնող իսպանական կազմակերպությունն ավելի շատ է վճարում: Թե ինչու, պարզաբանում չի տրվել:
Հանդիպումից հետո օրեր են անցել, սակայն աշխատակիցների բողոքը դեռ օդից կախված է. «Մենք աշխատում ենք պարտաճանաչ: Մեկ ժամվա համար 420 դրամ ենք ստանում: Առաջին 8 ժամը վճարում են մեկ ժամվա համար 420 դրամ, ժամը 18:00-ից հետո` 630 դրամ: Դա շատ քիչ է մեր կատարած աշխատանքի դիմաց: Հանգստյան օրեր չունենք: Աշխատում ենք մինչեւ երեկոյան 22:00-ն: 40 հատ բետոն եմ շարում այդ ընթացքում: Մեզ հետ պայմանագրեր էլ չեն կնքում: Ես 10 հոգի աշխատակից եմ բերել: Տրանսպորտի խնդիրն էլ չեն լուծում: Մենք աշխատում ենք, իրենք` հարստանում: Հանում են 9 մետր բարձրության վրա, որ կարողանանք երկաթե շթեր շարենք, անվտանգությունը պահպանված չէ: Քանիսն են կոտրվածքներ ստացել, եւ ոչ մի արձագանք»,- ասում է ընկերության աշխատակիցներից մեկը:
Մոտ 20 հոգի են գործադուլ անողները: Գործադուլը ավելի են ձգձգում աշխատանքները: Իսկ օրեր առաջ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ չինական ընկերությունը հետ է մնում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցման պայմանագրային ժամկետներից: «Գնային սահմանումը չլինի, մենք չենք աշխատելու, պատրաստ ենք փակել ճանապարհները: Մինչեւ հիմա աշխատավարձ չենք ստացել: Հայերի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է: Մեր տղաներից մեկին էլ խփել են: Մեզ վիրավորում են ու չեն թողնում նորմալ մթնոլորտում աշխատենք: Ո՞վ է չինացիներին տվել այդ իրավունքը»,-հավելեց մեկ այլ աշխատակից: Թե ինչպես կհանգուցալուծվի խնդիրը, պարզ չէ: Ճանապարհաշինարարները նամակով դիմել են Շիրակի մարզպետին, պատրաստ են բողոքը տեղ հասցնել ամենավերին ատյաններ, մինչ չվերակագնվի իրենց իրավունքը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՄԱՆԻ ԾԵՍԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Օգոստոսի 17-ին Դիլիջանի քաղաքային այգում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Այն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան եւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:

Դիլիջանում զբոսաշրջությունը զարգանում է, սակայն դրան խոչընդոտ է առողջարանային եւ զբոսաշրջային քաղաքի խմելու ջրի մատակարարումը: Հիշում եք` «Միմինո» հանրահայտ ֆիլմում դրվագ կա, «ԿՐԱԶ»-ի վարորդ Ռուբիկը (դերասան` Ֆրունզիկ Մկրտչյան) բեռնատարը վարելով` վրացի ընկերոջ` Միմինոյի մոտ պարծենում է. «Մեր մոտ` Դիլիջանում, խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուրը հոսում է, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»: Այդ դրվագը մեծ դեր է խաղացել խորհրդային տարածքում Դիլիջանի համբավը տարածելու գործում: Իրականում Դիլիջանում խմելու ջրի մատակարարման վիճակը շատ վատ է: Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական ոլորտի աշխատող Արարատ Ալիխանյանը ահազանգում է. «Մի շամանի տեղ ասեք, դիմենք իրեն, որ անձրեւ չգալու ծես անի, անձրեւի պատճառով Դիլիջանում խմելու ջուրը չկտրեն»: Անցած շաբաթ-կիրակի` օգոստոսի 18-ին եւ 19-ին, Դիլիջանում կրկին անջատել են խմելու ջրի մատակարարումը: Ա. Ալիխանյանի խոսքերով` ամեն անգամ հորդ անձրեւներից հետո առանց սպառողներին նախազգուշացնելու անջատում են քաղաքի ջրամատակարարումը:
Նա կարծում է, որ տեղատարափ անձրեւներից հետո կեղտը կուտակվում է ջրամբարներում, որի պատճառով դադարում է ջրի մատակարարումը: Խնդիր կա նաեւ ջրի որակի առումով: Ա. Ալիխանյանը հայտնեց, որ Դիլիջանի բնակիչներն իրենց բնակարաններ մատակարարվող խմելու գունավոր ջրի լուսանկարները հաճախ տեղադրում են համացանցում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության Դիլիջանի տեղամասի ներքին ցանցի շահագործման բաժնի պետ Վարդան Մնացականյանին, ով նախկինում տարիներ շարունակ եղել է «Հայջրմուղկոյուղու» Դիլիջանի տեղամասի պետը: Սակայն պարոն Մնացականյանը հայտնեց, որ իրավասու չէ տեղեկություններ տրամադրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս