ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս ավտոբուսի վարորդը շոգից խուսափելու համար նման քայլի է դիմել. իհարկե, հնարամիտ միջոց է, բայց թե ինչու է ընտրել այս արտասովոր տարբերակը, մնում է անհասկանալի։

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ խորհուրդ ունի տնօրհնեքի արարողությունը: Արդյո՞ք պարտադիր է, որ տանը կատարվի օրհնության արարողակարգ:

Արմինե Գալստյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնօրհնեքի արարողությունը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ` Ս. Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, եւ օրհնեց նրանց: Առաքյալները մտնում էին իրենց ընդունող մարդկանց տները եւ ավետում Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության Բարի լուրը: Հոգեւոր բարեպաշտական այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով: Ս. Ծննդյան եւ Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորներն այցելում են մարդկանց տները եւ փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը եւ բնակիչներին, նաեւ տան բարիքները` հացը, աղը եւ ջուրը: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է բնակարանի անկյունները եւ օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալ Աստծուց:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Ս. Ծննդյան, Ս. Հարության եւ նորակառույց բնակարանի օրհնություն: Տնօրհնեք է կատարվում նաեւ ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը, եւ ընտանիքը կարիք է զգում այն վերականգնել եւ Աստծո շնորհի մեջ վերահաստատվել:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե թոշակառուն մեկ տարի չի ստանում իր թոշակը, ապա ինչպե՞ս կարող է ստանալ չվճարված կենսաթոշակի գումարը: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:

Խաչիկ Ավագյան (քաղաք Հրազդան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Եթե կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով (բանկի միջոցով), ապա կենսաթոշակառուն չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու հարցով պետք է դիմի այն բանկին, որտեղից վճարվում է կենսաթոշակը, իսկ եթե կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով (փոստային բաժանմունքի միջոցով), ապա կենսաթոշակառուն չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու հարցով պետք է դիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար: Դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):




Լրահոս