«ՎԱԼԵՆՍԻԱ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու շաբաթ առաջ «Վալենսիա» հյուրանոցային համալիրի եւ «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրի մի  խումբ աշխատակիցներ` այդ թվում եւ նախկին, բողոք-նամակով դիմել էին լրատվամիջոցներին` հանրությանը ներկայացնելով «X-գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի անմարդկային վերաբերմունքը սեփական աշխատողների նկատմամբ: Խնդիրն այն է, որ վերոհիշյալ երկու հիմնարկություններում զանգվածային կրճատումներ են սկսվել, որից էլ տուժած աշխատակիցները, բնական է, դժգոհ են: Սակայն իրականում ամեն ինչ ավելի խորքային ենթատեքստ ունի:Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրականում զանգվածային կրճատումների մասին գույժը աշխատողներին հայտնվել էր դեռ մի քանի ամիս առաջ, եւ հետաքրքրաշարժն այն է, որ հենց այդ ժամանակահատվածում, երբ Խ. Խաչատրյանն իրականացնում էր «ձու» օպերացիան հավկիթի շուկայում մենաշնորհային դիրքի հասնելու համար: Հենց այն ընթացքում, մասնավորապես, «Ակվատեկ»-ի աշխատողներին փաստի առաջ դրեցին` կա՛մ աշխատում եք աշխատավարձերի 20-30 տոկոս կրճատումով (ընդ որում նշենք, որ էլիտար SPA համալիրի համար, ուր այցելում են քաղաքական էլիտայի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները, աշխատավարձերն ուղղակի ծիծաղելի են), կա՛մ ազատման դիմում եք գրում:Այնուհետեւ  Խ. Խաչատրյանը «Bentley» մակնիշի շքեղ ավտոմեքենա գնեց` 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, եւ «Ակվատեկ»-ի ու «Վալենսիա»-ի անձնակազմերի գլխին սեւ ամպերի կուտակման գործընթացն ավելի ուժգնացավ. բացի աշխատավարձերի կրճատումից, հայտարարվեց (քանի որ տարվա վերջ էր, եւ բոլորը պատրաստվում էին ամանորյա տոներին), որ ոչ մի «պրեմիա», ոչ մի այլ տեսակի խրախուսող պարգեւատրում ակնկալել պետք չէ:Ի դեպ, ինչ վերաբերում է «պրեմիաներին». նշված հիմնարկներում այնպիսի պրակտիկա է ձեւավորվել, որ երբ աշխատողներն արտաժամյա մնում են աշխատավայրում, ասենք` SPA-ն երեկոյան փակվելուց հետո շարունակում է աշխատել բարձրաստիճան հյուրերի համար, աշխատողներին ոչ միայն պրեմիա, այլեւ տաքսու փողով չեն ապահովում, որպեսզի նրանք ուշ գիշերով տուն հասնեն:Այն, որ Խ.Խաչատրյանն «Ակվատեկ»-ի ու «Վալենսիա»-ի գոյությունը վաղուց է թողել ինքնահոսի, շատերի համար նորություն չէ` մտերիմների շրջանում «X-գրուպ»-ի սեփականատերը միշտ էլ նշել է, որ իր եկամուտը միայն «Ջրաշխարհն» է ապահովում` հատկապես պարսիկների հաճախելիության հաշվին, իսկ մյուս երկու համալիրները  ավելի շատ իր մեծահարուստ պաշտոնյա ընկերների քմահաճույքները բավարարելուն են ծառայում: Օրինակ`  «Վալենսիա»  հյուրանոցային համալիրի հաճախակի հյուրն են Ռուսաստանից կամ Ուկրաինայից հաշված օրերով իբր ինչ-ինչ ֆոտոսեսիաների մասնակցելու նպատակով ժամանող երկարոտն մոդելները, որոնց մի քանի օր շարունակ «Ակվատեկ»-ի համարներում «մաժմժում» են մերսողները, իսկ գիշերները` թանկարժեք ավտոմեքենաներով նրանց հետեւից ժամանում են մեծահարուստ պաշտոնավորները: Իսկ ինչ վերաբերում է հենց «Ակվատեկ»-ին, ապա, ինչպես արդեն նշեցինք, ամիսը մի  քանի անգամ դրա դռները երեկոյան ժամերին ամուր կողպվում են. այդ օրերին համալիրի տարածքը լի է լինում սրա-նրա թիկնապահական ավտոմեքենաներով, քանի դեռ տերերը, այսպես ասած, հանգստանում են: Ի դեպ, այստեղի հաճախակի հյուրն է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որն, ասում են, Խ.Խաչատրյանի հետ քավոր-սանիկային  հարաբերություններով է կապված: Վերջին նորությունն էլ այն է, որ մշուշոտ ու անկանխատեսելի է ոչ միայն համալիրների աշխատակիցների, այլեւ  հենց հիմնարկությունների ճակատագիրը: Վերջերս Խ.Խաչատրյանը դարձյալ նեղ շրջանակում հայտարարել է, թե պատրաստվում է ամբողջությամբ օպտիմալացնել «Ակվատեկ»-ն ու «Վալենսիա»-ն` մասնավորապես փակելով SPA-ն: Փոխարենը նա մտադիր է առողջարարական կենտրոն բացել, որտեղ հիմնականում կզբաղվեն Եվրոպայում նորաձեւ դարձած աղիքային լվացումներով. դրանք իբրեւ թե ժամանակակից միջոց են ոչ միայն աղետրակտի հիվանդությունների բուժման, այլեւ նիհարելու համար (աշխատողները  փաստում են, որ, հավանաբար, նա անձամբ է անցել այդ պրոցեդուրաները, դրա հետեւանքով էլ նիհար ու թարմացած տեսք ունի): Իսկ  հյուրանոցին ձեռք չի տա. դե մոդելները պետք է չէ մի  տեղ մնան: Դրա պատճառով էլ գները էժանացրել է. «Վալենսիա»-ում այժմ ցանկացած մարդ կարող է մի  քանի ժամով հյուրընկալվել` վճարելով ընդամենը 8 հազար դրամ: Մենք կփորձենք առաջիկայում ներկայացնել նաեւ Խաչիկ Խաչատրյանի մեկնաբանությունները:  ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս