Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:
Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն արտահայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։