2015 թվականի սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: «Ժողովուրդ»- օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին:
Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել:
Հավելենք, որ մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել:
Եվ ահա, այսօր դատարանը հրապարակեց նրանց դատավճիռը: Ըստ այդմ` Անդրանիկ Գաբրիելյանը դատապարտվեց ազատազրկման 16 տարի յոթ ամիս ժամկետով, Գարիկ Բաբախանյանը` 5 տարի վեց ամիս ժամկետով, Հակոբ Բոյաջյանը` 7 տարի 7 ամիս և Սամվել Սաֆարյանը 4 տարի ժամկետով: