Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերել են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին. «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը, որում ներկայացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գնահատականը երկրում տիրող քաղաքական իրավիճակին:
«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար:
Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:
Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»: