Ռուսաստանի կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում «Կասպիյ» ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի են զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կալմիկիայի ներքին գործերի նախարարությունը:
Ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:00-ին: Նախնական վարկածով՝ «Սուբարու» ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Ստացած վնասվածքների արդյունքում տեղում մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ: Վարորդը և երկու ուղևորներ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, հոսպիտալացվել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ներքին գործերի մարմինները փաստի առթիվ քննություն են իրականացնում: