Օգոստոսի 26-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Օգոստոսի 28-ին Ալյոշա Աբրահամյանը կդառնար 73 տարեկան: Նա տեւական ժամանակ բուժվում էր հիվանդությունից։ Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), հուղարկավորությունը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին»,- նշված է ՀՖՖ հայտարարությունում:
Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1973-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական աշխատանքով: 2013թ. հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Ալյոշա Աբրահամյանը պարգեւատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: