«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ սահմանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ իրավապահների կողմից բացահայտված դեպքերի մասին, թե ինչպես են զինկոմները կլորիկ գումարի դիմաց մի շարք անձանց ազատում պարտադիր ժամկետային ծառայությունից:
-Պարո՛ն Դավթյան, վերջին շրջանում նկատում ենք` թշնամու կողմից դիվերսիոն հարձակման փորձերը շատացել են. ինչպիսի՞ իրավիճակ է սահմանում:
-Վերջին շրջանում առաջխաղացումը չգիտեմ` ինչով եք կապում, եւ, առհասարակ, որտեղից տեղեկատվությունը. նման խնդիրներ չկան: Տեղաշարժերը մեր կողմից, ինչպես նաեւ հակառակորդի կողմից իրականացվում են բացարձակապես նախկինում զբաղեցրած բնագծերի հատվածներում, որը միշտ եղել է եւ ինձ թվում է` կշարունակվի: Իսկ եթե ընդհանուր իրավիճակը վերցնենք, նախկինում համեմատած` բավականին հանգիստ է ե՛ւ կրակոցների քանակի քչությամբ, ե՛ւ դեպքերի պատահարների առումով:
– Դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ մշտապես իրավապահ մարմինների կողմնից բացահայտվել են բանակում հրամանատարական կազմի կողմից չարաշահումների` դիզվառելիքի, սնունդի յուրացումների հետ կապված դեպքերը, եւ գործընթացը շարունակվում է նաեւ հիմա: Որպես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ` Դուք ի՞նչ եք անում հրամանատարներին, ՊՆ պաշտոնյաներին զսպելու համար:
-Տանում ենք այն աշխատանքը, ինչը անում էր նախկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քչացնենք, հնարավորության դեպքում նաեւ վերացնենք, որը մոտիկ ժամանակներում չեմ կարծում, որ հնարավոր կլինի: Բայց արդեն քչացել է, եւ հրապարակումները, որոնք կան, նպաստում են մեզ այդ գործընթացը ավելի լավ իրականացնելու:
-Ի՞նչ եք անում Զինկոմներին կաշառքից զերծ պահելու համար: Փորձը ցույց է տվել, որ անգամ զինկոմներին կալանավորում են, ազատազրկման են դատապարտում, նրանք այդ ամենից դասեր չեն քաղում եւ կրկին գնում են գործարքների. կլորիկ գումարի դիմաց քաղաքացիների են ազատում կամ տարակետում տալիս պարտադիր ծառայությունից խուսափելու համար:
-Իրավիճակը շտկելու վերաբերյալ պատիժներով դեռեւս ոչ մի երկրի մեջ չեն կարողացել իրավիճակ փոխել: Անգամ եթե գողության համար ձեռքները կտրում էին, ամենաշատ գողություն կատարում էին ձեռք կտրելու ցուցադրման ժամանակ, այնպես որ պետք է աշխատենք` փոխենք հասարակության մտածելակերպը, կեցությունը, ինձ թվում է` կհասնենք արդյունքի, բայց ժամանակ է պետք:
-Պաշտպանության նախարարությունում օրերս անսպասելի աշխատանքից ազատման դեպք արձանագրվեց: Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Բոլորը նրան համարում են պրոֆեսիոնալ, բայց մեզ հասած լուրերի համաձայն` նա ասել է, որ հոգնել է եւ չի ցանկանում մնալ, միգուցե ներկայիս իշխանությունների հետ չցանկացա՞վ աշխատել եւ հեռացավ, թե՞ այլ խնդիր կար:
-Պարոն Յոլչյանը լավագույն մասնագետներից մեկն էր, գնալու վերաբերյալ հարցը պետք է ուղղել իրեն, ինքը գնացել է օրենքի տառին համապատասխան` պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, չցանկացավ երկարացնել եւ գնաց:
-Զինված ուժերի համար, գիտեք, որքան կարեւոր է նյութատեխնիկական դեպարտամնետի գործունեությունը. ի վերջո այդ դեպարտամենտն է մրցույթներ հայտարարում, եւ համապատասխան տեխնիկան, սնունդը եւ այլ իրերը մատակարարվում են բանակ, սակայն հիմա ունենք մի իրավիճակ, որ որեւէ մեկը չի ցանկանում աշխատել այդ պաշտոնում, քանի որ նշում են, եթե աշխատեն, ի վերջո դատվելու են: Ձեզ չի՞ մտահոգում, որ այդ պաշտոնը մնացել է դատարկ:
-Նյութատեխնիկական դեպարտամենտը չի մտնում Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ, եւ այդ հարցով իրավասու չեմ որեւէ մեկնաբանություն կատարելու:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: