Շաբաթ օրը 81 տարեկանում իր մահկանացուն կնքեց ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնը: ԱՄՆ պետական կյանքի ականավոր ներկայացուցչի մահը դարձավ ամերիկյան ներքաղաքական լարվածության հերթական բորբոքիչը` կրկին քննադատության սլաքներ թեքելով նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ: Ի դեպ, ՄըքՔեյնի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում իրապես նշանակալից է եղել 1990-ական թթ.:
ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնի մոտ նախորդ տարի բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել, ինչը ստիպել էր սենատորին հեռանալ ակտիվ քաղաքականությունից` կենտրոնանալով սեփական առողջության վերականգնման վրա: ՄըքՔեյնը, սակայն, բուժման հետ զուգահեռ շարունակում էր հանդես գալ հայտարարություններով ու մեկնաբանություններով ինչպես պետության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հատկանշական է, որ ՄըքՔեյնի այդ հայտարարությունները բավականին լայն արձագանք էին գտնում, հատկապես, եթե դրանք քննադատական ուղերձներ էին` հղված նախագահ Դոնալդ Թրամփին:
ՄըքՔեյնի և Թրամփի հարաբերությունները լարված էին դեռեւս նախընտրական շրջանից, երբ Թրամփը պայքարում էր ԱՄՆ հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակի համար: Այնժամ ՄըքՔեյնը` որպես կուսակցության հարգված առաջնորդներից մեկը, քանիցս դժգոհություն էր հայտնել Թրամփի հռետորաբանության առթիվ, իսկ վերջինս, ինչպես հայտնի է, խիստ անհանդուրժող է իր ուղղությամբ նույնիսկ խեթ նայողների նկատմամբ: Եվ ահա այդ շջանում Թրամփը կասկածի տակ էր դրել ՄըքՔեյնի` վիետնամական պատերազմում հերոսի համարումը: Թրամփը հայտարարել էր, որ իր համար չի կարող հերոս լինել մի մարդ, որը գերի էր ընկել: Մինչդեռ հայտնի փաստ էր, որ ՄըքՔեյնը գերության ժամանակ աննկարագրելի կտտանքների էր ենթարկվել ու ամուր կամային հատկությունների շնորհիվ փրկվել: Եվ ահա Թրամփի նման գռեհիկ արտահայտությունը մեծ քննադատության արժանացավ մրցակիցների կողմից:
Տպավորություն էր, որ պատերազմի վետերանի մասին անհարգալից ձեւակերպումը կտապալեր Թրամփի նախընտրական արշավը, սակայն Թրամփի այդ վրիպումը խոշոր նշանակություն չունեցավ ամերիկյան ընտրողների աչքում: Հետաքրքիր է, որ Թրամփը հետագայում շտկեց իր սխալը` հրապարակավ ընդունելով, որ ՄըքՔեյնը հերոս է եղել, թեպետ այդպես էլ ներողություն չխնդրեց իր նախկին ձեւակերպման համար:
Այժմ այս պատմությունը դարձել է ամերիկյան լրատվականներին ամենաշատը հուզող հարցերից մեկը: Խնդիրն այն է, որ, ըստ որոշ տեղեկությունների, սենատորը ընտանիքին պատվիրել է, որ թույլ չտան նախագահ Թրամփին մասնակցելու իր հուղարկավորության արարողությանը: Միաժամանակ, ՄըքՔեյնը խնդրել է, որ ելույթով հանդես գան նախկին նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերն ու Բարաք Օբաման: Սա, կարելի է ասել, ապտակ է գործող նախագահին, որը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդներից ու նախագահի թեկնածուներից է եղել ՄըքՔեյնը: Թեպետ առայժմ այս տեղեկությունները չեն հաստատվել, սակայն խիստ հավանական են` հաշվի առնելով Թրամփի ու ՄըքՔեյնի հարաբերությունները: Սենատորի մահվան լուրը ստանալուն պես ամերիկյան գրեթե ողջ պետաքաղաքական դասը հանդես եկավ ցավակցական հայտարարություններով: Իրենց ուղերձները հղեցին ԱՄՆ նախկին բոլոր նախագահները, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ԱՄՆ Կոնգրեսի նախկին ու ներկա ղեկավարները, հայտնի կուսակցական գործիչներ եւ այլն:
Մինչդեռ Սպիտակ տունը այդպես էլ պաշտոնապես լուռ մնաց: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի նախաձեռնությամբ հատուկ ցավակցական տեքստ էր պատրաստվել, որը պետք է հանրայնացվեր ԱՄՆ նախագահի անունից, սակայն Թրամփը չի լսել խորհրդականների հորդորը եւ թույլ չի տվել Սպիտակ տնից պաշտոնական ցավակցագրի տարածումը: ԱՄՆ նախագահը բավարարվել է թվիթերյան մի հակիրճ գրառմամբ, որտեղ որեւէ գնահատական չի տվել սենատորի անցած ուղուն եւ դերակատարությանը ԱՄՆ պետական կյանքում: Ի հեճուկս դրան` ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ավելի շռայլ է գտնվել` շեշտելով, որ ՄըքՔեյնը անուրանալի ծառայություններ է մատուցել ազգին: Թրամփի այսպիսի վերաբերմունքը, ըստ էության, օրինաչափ է` հաշվի առնելով նախագահի խառնվածքը, որը թշնամաբար է ընդունում ցանկացած քննություն, իսկ դրա հեղինակին համարում աններելի թշնամի:
Այսօրինակ վարքագիծը, սակայն, բնորոշ չէ ամերիկյան ժողովրդավարության ավանդույթներին, որտեղ նախագահները վայրկենապես կարող են հեղինակազրկվել այդ բարձր պաշտոնը սեփական նախասիրությունների պատանդը դարձնելու համար:
Հատկանշական է, որ 1990-ական թթ. Ջոն ՄըքՔեյնը եղել է Հայաստանի բարեկամներից մեկը, որի անմիջական ջանքերի արդյունքում ընթացել է հայ-ամերիկյան հարաբերությունների ձեւավորումը:
Մասնավորապես, սենատորը մեծ ներդրում է ունեցել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի միջազգայնացման գործում, ինչպես նաեւ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ բանաձեւի ընդունմանը, որով արգելվում էր զենքի վաճառքն Ադրբեջանին: Այս տեսնակյունից խիստ կարեւոր է նաեւ Հայաստանի պետական իշխանության դիրքորոշման հանրայնացումը ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում հայկական առանձին շրջանակներ հրապարակավ ցավակցություններ են հղել սենատորի ընտանիքին, սակայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անձամբ նման նախաձեռնություն չի ցուցաբերվել:
Նկատելի է, որ Հայաստանի հրապարակավ պասիվությունն այս հարցում մասամբ կարելի է ճիշտ համարել` պայմանավորված ռուսական վերնախավի` ՄըքՔեյնի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքով: Սակայն, այդուհանդերձ, կարծելի է, որ ՀՀ նախագահի կամ վարչապետի անունից` ՄըքՔեյնի ու Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները շեշտադրող այդպիսի ցավակցագիրը ավելի կբարձրացնի ՀՀ-ի` ԱՄՆ պետական շրջանակներում ունեցած համարումը, քան խանդի առարկա կդառնա Թրամփի կամ Պուտինի համար:
Ն. Հովսեփյան