Օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա ամփոփման առթիվ հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակների մասին: Վարչապետը նշել էր, որ դրա համար անհրաժեշտ է հանրաքվեի միջոցով անցկացնել սահմանադրական փոփոխություններ, որով հնարավորություն կլինի ԱԺ-ի ինքնալուծարման գործընթաց իրականացնել: Եվ դրանից հետո միայն պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հայտարարությունից հետո քաղաքական ու հասարակական շրջանակներն ակտիվ երկխոսություն են սկսել. տեսակետներն իրարամերժ են: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ պարզելու համար ԲՀԿ տեսակետն այս հարցի շուրջ:
-Պարո՛ն Բագրատյան, վարչապետի կողմից առաջարկվում է, որպեսզի ԱԺ ինքնալուծարման ճանապարհով տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում սրա շուրջ:
-Մենք խմբակցությունում դեռեւս չենք քննարկել այս հարցը: Պետք է նախ տեսնենք մեխանիզմները: Այսինքն, հստակ արտահայտված մեխանիզմներ, որ կառավարությունն այս պահին առաջարկել է, դեռեւս տեսանելի չեն: Խոսքը գնում էր հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների մասին: Սա դեռ փորձաքննության ենթակա մոտեցում է: Կարծեմ դեռ իրենց իրավաբաններն էլ չեն պատասխանել այս ճանապարհի իրացվելիության եւ միջազգային հանրության արձագանքն այս հարցին: Ճիշտ է՝ հանրաքվեի ինստիտուտն աշխարհով մեկ ընդունված է: Հատկապես եւրոպական մշակույթի մեջ դա վաղուց առկա է, առավելապես Շվեյցարիայում դա լավագույն աշխատաոճն է` կարեւորագույն խնդիրների լուծումը տալ հանրաքվեի միջոցով: Բայց այդ հարցը մեր երկրում դեռեւս քննություն չի անցել:
-ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Ինչո՞ւ են հակառակ կարծիքին՝ ըստ Ձեզ:
-Հանրապետականն ամեն ինչ անելու է, որ այս ստատուս քվոն պահպանվի: Բնականաբար, Հանրապետական կուսակցությանը ձեռնտու չէ՝ այսօր ընտրություն անցկացվի այն պարզ պատճառով, որ ժողովրդի մեծ դժգոհություն կա, եւ հնարավոր է, որ նույնիսկ իրենք խորհրդարան անցնելու խնդիր ունենան: Բնականաբար, Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ արտահերթ ընտրություններ տեղի չունենան, գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընտրությունները տեղի ունենան, որովհետեւ մայիսից հետո նշանակում է՝ դու քարտ բլանշ ես տալիս ՀՀԿ-ին, որպեսզի քեզ անվստահություն հայտնի: Բնականաբար, գործող իշխանությունը չպետք է քարտ բլանշ տա ընդդիմությանը: Բացառված է, որ Հանրապետականը ցանկանա՝ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
-Հիմա իշխանությունն, ըստ Ձեզ, կարո՞ղ է այս խնդիրը լուծել:
-Վարչապետը լուծման տարբերակներ առաջարկեց` հանրաքվեի միջոցով, ԱԺ բերելու միջոցով, կան նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ վարչապետի հրաժարական տալու տարբերակները: Տարբեր ուղղություններ են, որոնցից լավագույնը պետք է ընտրել: Վստահ եմ՝ քննարկման ընթացքում կտեսնեն, որ հնարավորությունները մեծ են, եւ հնարավոր է կոնսենսուսի գնալ, հնարավոր է՝ քաղաքական ուժերը ստորագրեն համապատասխան փաստաթուղթ եւ համատեղ իրականացնեն երկրի համար կարեւորագույն փոփոխությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր են:
-Այսինքն, եթե ընտրություններն, օրինակ, այս տարի լինեն, ԲՀԿ-ն պատրա՞ստ է:
-Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մասնակցել արտահերթ ընտրություններին:
-ՀՀ ոստիկանապետի կողմից հայտարարվել է, որ ընտրություններին խիստ վերահսկողություն է լինելու, եւ այդ առումով Երեւանի ավագանու ընտրությունները տարբերվելու են, եւ կաշառք բաժանելու խնդիրը չի լինելու: Կարծում եք՝ կարո՞ղ են կուսակցությունները զերծ մնալ դրանից:
-Վստահ եմ, որ որեւէ ձեւով ընտրակաշառք չի լինելու: Եվ ինչպես գիտեք՝ օրենքի մեջ էլ փոփոխություն արվեց, ավելի խստացվեց, այսինքն՝ որեւէ մեկը 10.000 դրամի համար 6 տարի չի նստելու բանտում:
-Այս իրավիճակում մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել՝ համարեք, որ արդեն քաղաքականության մեջ եմ: Ի՞նչ եք կարծում՝ նա կա՞ քաղաքականության մեջ կամ կարո՞ղ է լինել:
-Համարելով ու հայտարարելով քաղաքականություն չի լինում: Քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է: Պետք է դու ներկա լինես քաղաքականապես եւ տեսանելի լինես հանրությանը: Նա տեսանելի չի:
-Իսկ կուսակցություն հիմնել պատրաստվող «Սասնա ծռերն», ըստ Ձեզ, կարո՞ղ են խնդիր, սպառնալիք դառնալ ներկայիս իշխանության համար:
-Չեմ կարծում, որ խնդիր լինեն, որովհետեւ իրենք ի վերջո հայտարարեցին նաեւ, որ սատարում են գործող կառավարությանը:
-Եթե ԱԺ-ի ինքնալուծարման հարցը դրվի, ԲՀԿ-ն պատրա՞ստ է կողմ քվեարկել:
-Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հենց այսօր, ցանկացած պահի:
Զրուցեց Մերի Մարտիրոսյանը