Մենք առանձին կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին. Լենա Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ` ասելով, որ «Ելք» դաշինքում առհասարակ չի քննարկվել Երեւանի ավագանու ընտրություններին միասին մասնակցելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Մարուքյանը նշեց. «Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց։ Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, մենք՝ երկու»։

Միեւնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, թե «Ելք» դաշինքի պառակտման մասին չի կարելի խոսել, քանի որ համանուն խմբակցություն է առկա, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին որոշումը դեռ վաղ է համարում, քանի որ հայտնի չէ նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս հաստատեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ձեւաչափի շուրջ ոչ մի քննարկում չի եղել: «Շատ երկար ժամանակ քննարկում է եղել Ազգային ժողովի ընտրություններում միասնական կամ առանձին մասնակցելու վերաբերյալ, եւ դրա հետ կապված որոշում չի կայացվել, ընդհանուր որոշման չենք եկել եւ այդպես ստացվել է, որ չունենալով որոշում` ավագանու ընտրություններում առանձին ենք մասնակցում», – նշեց նա:

Ընդ որում, պատգամավորը, հայտնելով կոնկրետ իր անձնական տեսակետը, նշեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին առանձին կմասնակցեն: «Իմ անձնական կարծիքը պետք է ասեմ, քանի որ իսկապես շատ հեռուն չենք գնացել. բանակցությունները դադարեցված են, ոչ մի պատճառ չկա բանակցությունները վերակագնելու եւ շարունակելու, եւ եթե պատճառ չլինի, այդպես էլ կգնա: Ես չգիտեմ` կլինի պատճառ, թե ոչ: Իմ անձնական կարծիքով մենք առանձին կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին», – նշեց Նազարյանը:

ՔՊ-ական պատգամավորը, մանրամասնելով առանձին մասնակցելու պատճառները, թե իրենց համար շատ դժվար կլինի բացատրել կուսակիցներին, թե ինչու այսքանից հետո, երբ մյուս երկու ուժերը իրենց կողքին չեն եղել, նրանք պատրաստ են միասնական մասնակցելու: «Մեր կուսակցությունում կլինեն բարդություններ մարդկանց բացատրելու, թե ինչու Էդմոն Մարուքյանը հեղափոխության օրերից մեկի ժամանակ, երբ փողոցները փակ էին, ինքը վրդովմունք էր արտահայտում, թե ինչու են փողոցները փակ, եւ անկառավարելի վիճակում է: Եվ մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվում, թե նա այսպես ցանկանում էր մարդկանց կարգի հրավիրել: Եվ կուսակիցներն ասելու են, թե ինչու էր նա, այսպես ասած, պայման ստեղծում մարդկանց կարգի հրավիրելու համար: Իսկապես կարիք չկար այդպիսի հայտարարություններ անելու», – անկեղծացավ Լենա Նազարյանը:

Մարուքյանը մեզ հետ զրույցում նշել էր` քանի դեռ դաշինքի առաջատարները չեն հայտարարել հուշագրի չեղարկման մասին, ապա «Ելք» դաշինքը գործում է: Սակայն Լենա Նազարյանն այլ կարծիք ունի. «Քաղաքական իմաստով «Ելք» դաշինքը գոյություն չունի, կա փաստացի ԱԺ «Ելք» խմբակցություն: Մենք ասել էինք, որ խմբակցության ղեկավարի հարցին կանդրադառնանք միայն այն բանից հետո, երբ պարզ կդառնա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը. հիմա պարզ դարձավ, այդ հարցը բնականորեն լուծվել է, բայց ես չգիտեմ, թե որքանով է ակտուալ խմբակցության ղեկավարի հարցը: Ես իսկապես չեմ բացառում, որ մինչեւ արտահերթ ընտրութուններ խմբակցությունն այդպես էլ ղեկավար չունենա», – հավելեց Նազարյանը:

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության շուրջ Էդմոն Մարուքյանի հայտարարությունն իսկապես հետաքրքիր էր, քանի որ վերջին շրջանում մշտապես տեղեկություններ էին շրջանառվում, թե դաշինքում ակտիվ քննարկումներ են ընթանում: Սակայն պարզվում է, որ քննարկումները վերաբերել են միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ձեւաչափին: Եվ իսկապես այդպիսի քննարկումներ դաշինքի ներսում հաճախ են եղել, սակայն վաղուց դրանք եւս առկախված են: Ընդ որում, նախաձեռնողականություն առկա չէ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, քանի որ այդ ուժի շարքում մեծաթիվ են այնպիսի գործիչները, ովքեր դեմ են «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ ցանկացած գործընթացի գնալու, քանի որ վերջիններս չեն սատարել իրենց հեղափոխությանը:

Բանն այն է, որ դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վերջիններս իրենց խոսքում նշել են, թե իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների եւ որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն պարզվում է` մինչ այժմ էլ ոչ մի պատասխան չի տվել դաշինքի իր գործընկերներին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս