Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներմուծումն ու արտահանումը ավտոտրանսպորտային միջոցներով: Այս մասին նշված է Վրաստանի ֆինանսների նախարարի օրերս կայացրած հրամանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրամանում նշված է նաեւ, որ ցորեն հնարավոր է ներկրել եւ արտահանել երկաթուղային եւ ծովային տրանսպորտային միջոցներով: Բեռնափոխադրումները հնարավոր կլինի միայն Փոթիի նավահանգստով: Իսկ ահա ավտոմոբիլով ներկրում-արտահանում հնարավոր կլինի միայն հատուկ դեպքերում` միայն ֆինանսների նախարարության եկամտի ծառայության համաձայնությամբ: Այս հրամանի պատճառը վրաց-ռուսական սահմանին ավտոմեքենաների խցանումներն են: Բանն այն է, որ մաքսակետերին զբոսաշրջիկները հերթերի պատճառով չեն կարողացել մուտք ու ելք անել:
Ցորենի ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող գործարարները դեմ են դուրս եկել այս կարգի դեմ, քանի որ վստահ են, որ այս ամենի արդյունքում հացի գինը արագ կբարձրանա եւ հազարավոր մարդիկ կմնան առանց աշխատանքի: Ի դեպ, ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 1.3 մլրդ դոլարի ցորեն: Իսկ ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա նույն ժամանակահատվածում Վրաստան ներկրվել է 62.4 մլրդ դոլարի ցորեն:
Վրաստանի ֆինանսների նախարարի հրամանը իր բացասական ազդեցությունը թողնելու է նաեւ հայաստանցի ներկրողների գործունեության վրա: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն խիստ մտահոգություններ եւ դժգոհություններ է առաջացրել Հայաստան ցորեն ներկրողների մոտ: Ներմուծողները համոզված են, որ այս ամենի արդյունքում Հայաստանում ոչ միայն հացը կթանկանա, այլեւ հրուշակեղենը, մակարոնեղենը: «Մանչո Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանի պնդմամբ` այս հրամանի արդյունքում բազմաթիվ ներկրողներ ավելորդ քաշքշուկների մեջ են ընկնելու: «Մարդիկ այսօր բավարար գումար չունեն, որ նավով ապրանք ներկրեն Հայաստան: Բացի այս` մինչեւ ապրանքը Հայաստան մուտք գործելը ներկրողը պետք է նախապես ապրանքի համար գումարը վճարի: Բայց ցորենի համար նախապես վճարելու դեպքում բանկային տոկոսները բարձր են: Դա էլ է ծախս համարվում: Այս ամենի արդյունքում ես պետք է նախապես ցորենի համար վճարեմ առանց ստուգելու` լավ որակի ցորեն է, թե վատ: Իսկ եթե ապրանքը գա, հասնի այստեղ եւ պարզվի, որ վատ որակի՞ է: Բացի այս, նավի մասով բեռնաթափման խնդիր կա, երբ նավը կանգնում է մեկ օրից ավելի, այդ դեպքում բավականին լուրջ տուգանքներ են կիրառվում»,- նկատեց Ի. Մոսոյանը: Նա նաեւ նշեց, որ ընկերությունը այս պահին հաշվարկներ է անում: «Եթե երկաթուղային տրանսպորտի ծառայությունների արժեքը ավտոմոբիլայինին հավասար լինի, ապա չեմ կարծում, որ մեծ թանկացումներ կարձանագրվեն: Այնուամենայնիվ, սրանք ավելորդ քաշքշուկներ են, որոնցից մենք 4-5 տարի է` ազատ էինք»,- փոխանցեց գործարարը:
Իսկ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը: Փոխնախարար Արմեն Փամբուխչյանի խոսքերով` հայկական կողմը վրաց գործընկերների հետ բանակցություններ է անցկացնում, որպեսզի հայկական կողմի համար բեռնափոխադրման ձեւի փոփոխությունը չազդի սակագնի վրա:
Մեկ փաստ էլ. Վրաստանի իշխանությունների այս քայլը լրացուցիչ հիմնավորումն է այն բանի, որ Հայաստանն օր առաջ պետք է լուծի մյուս երկու հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները, հաստատի բարիդրացիական հարաբերություններ, որովհետեւ սահմանների փակ լինելու, այլընտրանքային ուղիների բացակայության հետեւանքները միշտ նման դեպքերում է զգացվում:
Սյունէ Համբարձումյան