Սեպտեմբերի 1-ը` մեկ աշակերտով. ինչ իրավիճակ է գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են: Արտագաղթի ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների հետեւանքները կրում են նաեւ կրթական օջախները: Արդյունքում Հայաստանի բազմաթիվ դպրոցներում, որոնք մեծամասամբ գտնվում են գյուղերում, այս տարի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը կա՛մ չի հնչի, կա՛մ էլ կհնչի, բայց 1-2 աշակերտի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ գյուղապետերից հետաքրքրվեց, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց գյուղում եւ այս տարի առաջին դասարանի քանի աշակերտ են ունենալու: Պարզվում է, մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա:

Օրինակ` ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում այս տարի առաջին դասարան կհաճախի ընդամենը մեկ աշակերտ: Արեւուտի գյուղապետ Ֆայզո Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ անցած տարում առաջին դասարանի աշակերտները երկուսն էին, իսկ այս տարի ընդամենը մեկը: «Գյուղի դպրոցի աշակերտների թիվը ընդհանուր 14-ն են: Մարդիկ գնացել են Ռուսաստան, բնակություն են հաստատել, աշխատանք են գտել, այստեղ անելու ոչինչ չունեն: Բայց տարիներ առաջ դպրոցի աշակերտների թիվը 80-ից անցել է»,- հիշեց գյուղապետը: Նա միաժամանակ նկատեց, որ եթե դպրոցը փակվի, ապա գյուղի աշակերտները չեն կարող հաճախել հարեւան գյուղի դպրոց, քանի որ ձմռան ամիսներին ճանապարհները փակվում են առատ ձյան պատճառով եւ անանցանելի են դառնում:
Նույն մարզի Վարդաբլուր գյուղում առաջին դասարանի աշակերտ մեկն է, բայց հաճախելու է ոչ թե գյուղի, այլ հարեւան Ծաղկահովիտի դպրոց: Նշենք, որ Վարդաբլուրը խոշորացված համայնք է, իսկ համայնքային կենտրոնը Ծաղկահովիտն է: «Ափսոս, որ Վարդաբլուրում երեխա չկա: Այս գյուղը դատարկվել է: Միջնակարգ դպրոց ունեն, լավ սարքած է, ընտիր դպրոց է, բայց աշակերտների թիվը քիչ է»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը:

ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում այս տարի առաջին դասարանի աշակերտ երկուսն են, իսկ նախորդ տարի չորսն էին: Տուֆաշենի գյուղապետ Արտակ Եգորյանի խոսքերով` այս ամենի պատճառը գյուղում ծնունդների թվի զգալի նվազումն է:

Վայոց Ձորի մարզի Սարավանում առաջին դասարանցի մեկն է: Սարավանի վարչական ներկայացուցիչ Ռազմիկ Վարդանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Ծնելիության տոկոսը ընկել է, մարդիկ չեն ամուսնանում: Աշխատատեղ չկա, չեն կարողանում ընտանիք պահել, դրա համար էլ չեն ամուսնանում: Շատ ցավալի է, բոլոր գյուղերում նույնն է, նույն խրոնիկական հիվանդությունը: Ամեն բան անում ենք, որ պայմանները բարելավենք, գյուղում խաղահրապարակ կա, կառատեի դպրոց անգամ ունենք, փողոցները ասֆալտապատված են, ջրագծերը նոր են, ուղղակի աշխատատեղ չկա: Այս ամենը բավարար չէ, որ գան, ապրեն»:

Նույն մարզի Սերս համայնքի վարչական ներկայացուցիչ Բաբկեն Մուրադյանի խոսքերով` այս տարի առաջին դասարանի ընդամենը մեկ աշակերտ կա: «Բոլորը գնացել են, դուրս են եկել գյուղից: Հիմա դպրոցն ունի 8 աշակերտ, բայց տարիներ առաջ 80-100 էին»,- նկատեց Բ. Մուրադյանը: Ապա զրույցի ընթացքում փոխանցեց, որ թեեւ առաջին դասարանցի մեկ աշակերտ ունեն, բայց սեպտեմբերի 1-ը անպայման տոնելու են:

Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի, իսկ աշակերտները հաճախում են հարեւան Վանադ գյուղի դպրոց: Կողբավանի գյուղապետ Սերոբ Սերոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ իրենց գյուղը այս տարի առաջին դասարանի աշակերտ չունի: Իսկ ահա Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում դպրոցը արդեն մի քանի տարի է, ինչ փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ: Նույն վիճակում է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է` ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց:

Եթե արտագաղթը մեր հանրապետությունում նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ սեպտեմբերին կավելանա փակված դպրոցներ ունեցող գյուղերի թիվը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս