Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ.
«Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, և առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք և ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները:
Ընդհանրապես, ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, և հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ եթե մենք որևէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաև հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետևանքային կապերը:
Ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր գործողությունները և բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ: Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, և դա այդպես կոչվում է պատմականորեն: Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանությունից բխող գործողություններ անենք», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում