Բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային փորձել են առևանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Ա. Պետրոսյանի մասով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:

Որոշում էր կայացվել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Ա.Պետրոսյանը հուլիսի 20-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Ա. Պետրոսյանի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:




Լրահոս